«Արշիլ Գորկի Ադոյան. Նամակներ» գիրքն է հրատարակվել
Հանճարեղ Գյոթեն քանդակագործության տիտաններից մեկիՙ Բենվենուտո Չելլինիի գիրքը «Vita»-ն (կամ առավել լրիվ անվանումովՙ «Ֆլորենտացի մաեստրո Ջովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքըՙ գրված իր կողմից, Ֆլորենցիայում») կարդալով, ապա նաեւ թարգմանելով, գրել է. «Այնքան խռովահույզ մի քաղաքում, այնքան կարեւոր մի դարաշրջանում ծնվեց մի մարդ, որ կարող է համարվել իր միջավայրի, գուցե եւ ամբողջ մարդկային բնության պատկերը: Նման անհատները ցայտուն կերպով ի հայտ են բերում այն, ինչ հաճախ աննկատելի տառերով գրված է յուրաքանչյուրի սրտում: Նա օրորվում է երաժշտության եւ քանդակագործության միջեւ, հակում ունի գեղեցկության, արվեստի ազատ կիրառման, մոտենում է մեծամեծներին իր արվեստի բերումով... Չելլինին իր փառքով թերեւս ավելի շատ պարտական է իր խոսքին, քան իր ստեղծագործությանը», որովհետեւ նա «իր համար եւ իր արվեստի համար ավելի մնայուն եւ գրեթե ավելի հարազատ հուշարձան է թողել իր գրչով, քան իր հատիչով...»:
Անմիջապես այս խոսքերը հիշեցի, երբ կարդում էի օրերս մեզ ներկայացված «Արշիլ Գորկի Ադոյան. Նամակներ» իսկապես ուշագրավ գիրքը («Գրաբեր» հրատարակչություն, կազմեց եւ խմբագրեց Սեյրանուհի Գեղամյանը, առաջաբանըՙ Շահեն Խաչատրյանի): Գրքի տիտղոսաթերթին նշում կաՙ «Հրատարակվել է պետական պատվերով»: Սա այն բացառիկ դեպքերից մեկն է, որ կարող ես հպարտանալ այն պետության համար, որն այսպիսի գիրք հրատարակելու պատվեր է տալիս: Սեյրանուհի Գեղամյանը լուրջ գործ է արել Շահեն Խաչատրյանի համագործակցությամբ, անչափ կարեւոր գործ: Ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ այս գրքի արժեքը ժամանակի ընթացքում կբարձրանա, եւ այսօր հրատարակված «Նամակների» 500 օրինակը վաղը քիչ կթվա:
Գրքում 20-րդ դարի մեծագույն արվեստագետներից մեկիՙ Արշիլ Գորկու 40 նամակներն են իր հարազատներինՙ քրոջըՙ Վարդուհուն, նրա ամուսնունՙ Մուրադին եւ իր զարմիկինՙ Կառլենին, գրված 1937-1948 թթ.: Ներկայացվածը կարելի է համարել Արշիլ Գորկու մենախոսությունը արվեստի եւ աշխարհի մասին, մի մարդու մենախոսություն, որին ամերիկացի քննադատն անվանել է «տարագիր նկարիչ, որի համար արվեստը դարձել է հայրենիք»:
Արշիլ Գորկունՙ Ոստանիկ-Մանուկ Ադոյանին Հայաստանում չգիտեինք մինչեւ 1968 թվականը, երբ Գորկու քույրըՙ Վարդուհին (Վարդուշը), այցելեց Երեւան: Արվեստի աշխատողների տանը Վարդուշի ու նրա հորեղբոր որդու ներկայությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ նկարչի մասին խոսեց Շահեն Խաչատրյանը: «Վարդուշի բերած սլայդների միջոցով ծանոթացանք նկարչի հարյուրից ավելի գործերին,- հիշում է Շահեն Խաչատրյանը:- Տպավորությունը հսկայական էր, ներշնչվել էինք ոգեւորիչ ու հարազատ զգացումով»: Կարճ ժամանակ անց, 1981 թվականին, «Գարուն» ամսագրի 5-րդ համարում Շահեն Խաչատրյանը հրապարակեց Արշիլ Գորկու նամակներից 10-ը: Եվ ահա այս նոր անակնկալը:
Եղել են նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, ովքեր գրել են իրենց արվեստի մասին, նաեւ ընդհանուր դատողություններ արել: Եղել են հեղինակներ, ովքեր «խոսեցրել» են մեծերին: Արշիլ Գորկի-Ադոյանի նամակները շահեկանորեն տարբերվում են նրանով, որ ոչ մի պատվեր կամ պարտադրանք չի եղել: Եղածը սիրելի քրոջը, նրա ամուսնուն եւ փոքրիկ Կառլենին գրված անձնական նամակներ են, որոնք արվեստի եւ մասնավորապեսՙ Գորկու արվեստի բացատրությունն են, վերջինիս վերաբերմունքը:
1937 թվականի հուլիսի 3-ին հարազատներին ուղղված նամակում Գորկին գրում է. «...Սիրելիներս, ես սիրում եմ մեր հայ ժողովրդի արվեստի նախաստեղծ ուժը, պայքարի կիրքը, որոնման տենչն ու հասուն քնքշությունը, ժողովուրդ, որ տխրությունը միացնում է գեղեցկությանը եւ դրանով իսկ ըմբռնում կյանքի ամբողջականությունը»: Իր ծննդավայրըՙ Վանա Խորգոմ գյուղը թողած, անմարդկային տառապանքների միջով անցած, սիրելի մոր մահը տեսած, օտար մի երկրում ապաստանած երիտասարդն իր մեջ միշտ պահեց ծիրանի բույրը, Աղթամար եկեղեցու եւ Վարագավանքի հզոր քանդակագործությունը, Չարահան Սուրբ Նշանի սոսկալի կախարդանքը, իր մոր երգը, Թորոս Ռոսլինի գույների հանճարեղ մաքրությունը... Նա տեսավ ամերիկյան ժողովրդի ողբերգությունը. «..Այս ժողովուրդը չի կարող բնականորեն զգալ, որովհետեւ նա իրեն զրկել է բանաստեղծական մղումից: Այս ժողովուրդը չի կարող հասկանալ զգայունության եւ զգացմունքի սահմանները, քանզի նրա մշակույթը երբեք հոգով չի վերապրել այն...»: Զուտ «դեղատոմսերով տրված մշակույթ» ունեցող երկիրը դժվար թե մեծագույն թռիչքների հասնի, համոզված է Գորկին:
«Երգեք ծիրանների, ցորենի դաշտերի ու գութանների մասին: Երգերի մասին երգեք... Պարիր վշտերի մասին...». խորհուրդ է տալիս նկարիչը: Ծիծաղելի՞ է: Խենթությո՞ւն է: Ո՛չ: Ճշմարիտ արվեստագետը, նա, ով, ինչպես Գորկին, անցած կլինի մաքրության, տանջանքի եւ հասունության միջով, կհասկանա, որ մարդ-արարածը հենց այս զգայությունները պիտի ունենաՙ որպես մարդ նահատակ չլինելու համար...
Անչափ բարդ կյանք ապրած եւ 44 տարեկանում ողբերգական վախճան ունեցած Արշիլ Գորկի-Ադոյանն իրեն պատկերացնում է միայն ու միայն արվեստի մեջ («...Իմ արվեստն իմ փրկությունն է»):
Չեմ ուզում չարաշահել ընթերցողի համբերությունը եւ պատմել այն, ինչ դժվար է պատմել եւ ոչ էլ հապաղեցնել այն 499 երջանիկներին, ովքեր բախտ կունենան այս հրաշալի գիրքը գնելու:
Այս անգամՙ այսքանը:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ