«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2005-06-08 | #105, 2005-06-09 | #106, 2005-06-10


ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՍԵՐԳԵՅ ՄԱԶԻԵՎՆ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵՑ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում հունիսի 9-ին սկսվեց ՀՀ քաղաքացի Անդրեյ Մազիեւի դեմ լրտեսության ձեւով պետական դավաճանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մազիեւը մեղադրվում է նաեւ ՀՀ հասարակական կարգը խախտելու, բնակչությանն ահաբեկելու նպատակով ահաբեկչության եւ պետական, քաղաքական գործչի նկատմամբ սպանության նախապատրաստմանն օժանդակելու մեջ: Բոլոր մեղադրանքներում ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչեց:

1961 թ. ծնված, նախկինում խուլիգանության համար երկու անգամ դատապարտված Մազիեւը 1999 թ. հոկտեմբերից Ադրբեջանում հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, մինչեւ 2005 թ. հունվարի 4-ը ստացել եւ կատարել է հանձնարարություններ: Ընդհանուր առմամբ 17-18 անգամ հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել 2500 դոլար գումար: Առաջին հանձնարարությունը ստացել է իրեն հավաքագրած անձից` Ադրբեջանի ԱԱՆ Ղազախի բաժնի պետի տեղակալ Ֆայիկ Շամիլեւից` ներկայացնել Հայաստանի ներքաղաքական վիճակին, ռազմական եւ պաշտպանական բնույթի, Հայաստանի տնտեսական իրավիճակին, Լեռնային Ղարաբաղին վերաբերող տեղեկատվություն: Հաջորդ հանդիպմանը` 1999 թ. դեկտեմբերին, նա գրավոր ներկայացրել է Հայաստանի ռուսալեզու թերթերի հրապարակած եւ իր ունեցած այլ տեղեկատվությունը, ըստ հարցաշարի:

Ըստ մեղադրական եզրակացության, Մազիեւն ադրբեջանցիներից ստացել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքագիծը, ինքնաթիռների կայանման վայրերը, հարակից շենքերը, շենքը, ուր բնակվում է ինքը (Մազիեւը ժամանակին աշխատել է որպես օդանավակայանի ինժեներ եւ բնակվում է օդանավակայանի տարածքում), լուսանկարելու հանձնարարություն: 2000 թ. նա հնարավորության չափով լուսանկարել է արտասահմանյան ուղեւորությունից վերադարձող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վայրէջք կատարող նախագահական ինքնաթիռը, ուղեկցող «Մի-24» ուղղաթիռները, ՀՀ նախագահին` շարժական աստիճաններով իջնելիս եւ էսկորտով իր շենքի մոտով անցնելիս: Այս, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի կայանատեղում ՀՀ նախագահի ինքնաթիռի, օդանավակայանի շենքի, ՀՀ նախագահի ամառանոցի եւ նստավայրի լուսանկարները Մազիեւը փոխանցել է ադրբեջանական ԱԱՆ աշխատակիցներին, որոնց պահանջով սլաքներով ցույց է տվել ՀՀ նախագահի մեքենան, օդանավակայանի հարակից տարածքում հրաձիգ-դիպուկահարների տեղակայման հատվածները: «Թեեւ ադրբեջանցիները պնդում էին, թե Ադրբեջանի ղեկավարությունը տեռորիստական նպատակներ չունի, սակայն ես մնացի իմ կարծիքին, որ իրենք պատրաստում են տեռորիստական ակտ»,- հայտարարեց ամբաստանյալն դատաքննական ցուցմունքում:

Մազիեւը Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում լուսանկարել է հին օդանավակայանի շենքը, հսկիչ-անցագրային կետը, ինչպես նաեւ օդանավակայանի արտաքին տեսքը, լուսանկարները տրամադրել է Ադրբեջանի ԱԱՆ աշխատակիցներին: Նրանց են հանձնվել նաեւ Երեւանում արտասահմանյան երկրների, այդ թվում ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի, Իրանի, Գերմանիայի, Լիբանանի, Ուկրաինայի, Չինաստանի դեսպանատների, ինչպես նաեւ Երեւանում ԼՂՀ ներկայացուցչության շենքի լուսանկարները: Ներկայացվել են նաեւ մի շարք հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների շենքերի, Երեւանի հյուրանոցային 6 շենքերի լուսանկարներ: Ադրբեջանցիները հետաքրքրվում էին, թե ծանոթներ ունի՞ արդյոք 1999 թ. ԱԺ-ում ահաբեկչական ակտ իրականացրած Նաիրի Հունանյանի, ինչպես նաեւ ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի ազգականների թվում:

Մեղադրանքը դատարանում պաշտպանում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ դատախազ Արամ Ամիրզադյանը:

Հունիսի 13-ի դատական նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը, որ սկսվել է այսօրվա նիստում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4