Վերջին մի քանի օրերին հայկական մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ Արամ Զ. Սարգսյանի Մ. Նահանգներ կատարած այցի առնչությամբ: Դրանց մեջ ակնհայտորեն փորձ է արվել այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր նախկին վարչապետին ԱՄՆ կառավարական շրջանակներն ընդունել են ամենաբարձր մակարդակով: Ելնելով ընթերցողների շահերից, նշենք այն հանդիպումների մասին, որ ունեցել է պրն Սարգսյանը Վաշինգտոնում:
Վաշինգտոնյան հուսալի աղբյուրներից «Ազգը» տեղեկացավ, որ ամեն օր Վաշինգտոն են այցելում հարյուրավոր, եթե ոչՙ հազարավոր քաղաքական գործիչներ աշխարհի տասնյակ երկրներից: «Ցավոք, Արամ Սարգսյանի այցի վաշինգտոնյան հատվածը կազմակերպվել էր ոչ այնքան բարձր մակարդակով, որովհետեւ այցը կազմակերպել էին Լոս Անջելեսի հնչակյան շրջանակի գործիչները, որոնց Վաշինգտոնում չեն ճանաչում: Հնչակյաններն անգամ չգիտեն կոնգրեսականների անունները, ովքեր առաջին տասնամյակը չէ, որ պաշտպանում են հայկական համայնքի շահերը: Նրանք անգամ չգիտեն, Հայաստանի հարցերով մշտապես զբաղվող ԱՄՆ վարչակազմի աշխատակիցների հեռախոսահամարները», մեզ փոխանցեց վաշինգտոնյան աղբյուրը:
Արամ Սարգսյանը Վաշինգտոնում մնացել է 3 օր եւ հիմնականում այցելել զբոսաշրջիկներին գրավող վայրեր, ինչպես նաեւ հանդիպել է Վաշինգտոնի հայկական համայնքին: «Շնորհիվ հենց նման հանդիպումներից մեկիՙ Սարգսյանի հյուրընկալներին հաջողվել է իմանալ ԱՄՆ նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի միջին օղակի աշխատակիցներից մեկի հեռախոսահամարը: Սարգսյանը, բացի այդ հանդիպումից, զրուցել է եւս մեկ կոնգրեսականի հետ (Փալոն), որը վաղուց է աջակցում հայկական համայնքին եւ պատրաստ է հանդիպել գրեթե հայաստանյան ցանկացած գործչի: Այդ երկու հանդիպումները տեւել են ընդամենը 1 ժամ: Մյուս կոնգրեսականները հրաժարվել են հանդիպել Սարգսյանինՙ նրա արմատական ընդդիմադիր լինելու պատճառով», տեղեկացրեց մեր աղբյուրը:
«Ներկա իրականությունն այնպիսին է, որ ԱՄՆ կառավարությունը բավականաչափ լոյալ է տրամադրված Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի նկատմամբ: Ակնհայտ է երկկողմ հարաբերություններում առաջընթացը: Հայկական զորամիավորումներն Իրաքում եւ Կոսովոյում են, ընդլայնվում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը: Իհարկե, սա չի խոսում այն մասին, որ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները չպետք է հանդիպեն ընդդիմության ներկայացուցիչներին: Բայց նման հանդիպումների փաստն աջակցություն չի նշանակում: Օրինակՙ վերջին 10 տարիներին ադրբեջանական ընդդիմության ղեկավարները Վաշինգտոնում եղել են տասնյակ անգամներ (վերջին անգամ 1 ամիս առաջ), նրանց խնդիրներով կազմակերպվել են բազմաթիվ լսումներ Կոնգրեսում», նշեց մեր աղբյուրը:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ վերջին տարիներին Վաշինգտոն են ժամանել հայկական ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ: Արտաշես Գեղամյանը Մ. Նահանգներում եղել է մի քանի անգամ: ԱՄՆ են այցելել Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը (ՀԺԿ-ի առաջնորդը ոչ այնքան դրական տպավորություն է թողել), Արամ Կարապետյանը (հնչակների հրավերով): Ակնկալվում է, որ սեպտեմբերին Վաշինգտոն կմեկնի Ստեփան Դեմիրճյանը: Պետքարտուղարությունում նախատեսված են նրա հանդիպումները միջին մակարդակի պաշտոնյաների հետ:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ