«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2005-06-11 | #108, 2005-06-14 | #109, 2005-06-15


ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՎԱՆԴԱԿԻ ՉԱՓՈՎ Է

Հունիսի 1-ից մեկ ամիս ժամանակով Փարիզի ամենահեղինակավոր թատրոններից մեկիՙ «Դե Ջազե» թատրոնի բեմը տրամադրվել է մեր հայրենակից Նարեկ Դուրյանին, որը ներկայացնում է իր հեղինակած «Շնորհակալություն, Աստված» մոնոներկայացումը:

...Մելս անունով մի հայ տղա (անշուշտ, գիտեք Մելս անվան ստուգաբանությունը) լիովին հոգնած ու զզված բռնատիրական երկրիՙ Խորհրդային Միության բարքերից, անցնում է պետական սահմանը եւ ապաստանում «դեմոքղատիք» Ֆրանսիայի մայրաքաղաքում: Իհարկե, նա անչափ վառ հույսեր ունի: Սակայն պարզվում է, որ այստեղՙ Փարիզում ամեն ինչ չէ, որ երազային է: Փողոցում հայտնված հայ տղան ամեն աշխատանք անում է, մինչեւ պատահաբար նրանՙ ավտոլվացող վարձու բանվորին հանդիպում է հարուստ ֆրանսուհին: Տարիքների մեծ տարբերությունը չի խանգարում, որ նրանք ամուսնանան, երեխաներ ունենան: Կարծես թե փրկվում է մարդը: Բայց դա միայն առաջին հայացքից: Բեմականացման հեղինակ եւ կատարող Նարեկ Դուրյանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մարդու երջանկությունը միայն նյութականով չի պայմանավորված եւ ամեն մեկիս ազատությունն իր վանդակի չափով է:

Մինչեւ ներկայացումը Փարիզի փողոցներում այս ներկայացման համար հսկա գովազդներ էին տեղադրված, որոնք այսօր էլ դեռ կան: 18-րդ դարից գործող «Դե Ջազե» թատրոնը, որի բեմում հաջողությամբ հանդես են եկել Ժերար Ֆիլիպը, Կոլյուշը, Գիբեդոսը, Լեոսեռեն, այժմ իր բեմը տրամադրել է հայ արվեստագետին: Ի դեպ, ներկայացում անելու առաջարկն ստացվել է հենց թատրոնի ղեկավարության կողմից, որը հազվագյուտ փաստ է արտասահմանում գործող հայ արվեստագետների համար:

Ֆրանսիական հեղինակավոր «Մոնդ», «Ֆիգարո» եւ մյուս թերթերը, հեռուստատեսությունը մի քանի անգամ անդրադարձել են այս ներկայացմանը եւ այն բարձր են գնահատել: Հուսով ենք, որ ներկայացումից հետո «Ազգը» հնարավորություն կունենա առավել ընդգրկուն տեղեկատվություն տպագրել Նարեկ Դուրյանի փայլուն հաջողության մասին:

Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4