«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2005-06-14 | #109, 2005-06-15 | #110, 2005-06-16


«ՀԱՅԵՐՆ ԱՄՆ-ԻՆ ԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԱ ԼՈԶԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼ, ՈՒՍՏԻ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

Այդ մասին «Ցեղասպանությունների պատմություն. մարդկության դեմ Արեւմուտքի իրագործած հանցանքները» աշխատության առաջին հատորում գրել է 1981 թ.-ից ի վեր Դանիայում բնակվող թուրք մարդաբան Սեֆա Մ. Յուրուքելը: Ի դեպ, նա բարձրագույն կրթություն ստացել է Դանիայում, հեղինակն է պատմության եւ մարդաբանական մի շարք աշխատությունների: Իսկ նրա վերջին աշխատությունը, որի առաջին հատորը հրատարակվել է վերջերս, ինչպես ինքն է ենթադրում, կկազմի 20 հատոր:

Հունիսի 14-ին ինֆորմացիոն գլխավոր ծրագրում Յուրուքելի աշխատությանն անդրադարձել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, մեջբերելով հետեւյալ նախադասությունը. «Հայերը ոչ այնքան արեւմտյան երկրներին, որքան ԱՄՆ-ին են վստահում, որովհետեւ նա չի ստորագրել Լոզանի պայմանագիրը, ուստի պաշտոնապես չի ճանաչում Թուրքիայի Հանրապետությանը: Թերեւս դա է պատճառը, որ փոխհատուցման դատավարությունները կազմակերպում են հենց Լոս Անջելեսում»:

Հունիսի 15-ին «Ջումհուրիեթն» առաջին էջից հրապարակեց սեփական թղթակցի հարցազրույցը Յուրուքելի հետ: Հարցերին պատասխանելիս Յուրուքելը ՄԱԿ-ի «Ցեղասպանության մասին կոնվենցիան» պայմանավորում է ԱՄՆ-ի գլխավորությամբ արեւմտյան մեծ տերությունների քաղաքական նկրտումներով, նրանց մեղադրում է ցեղասպանության մեջ, տեղահանությունները դասակարգում «ցեղասպանության» նպատակամղվածների եւ որպես անհրաժեշտ միջոցառում իրագործվածների, վերջինների շարքին է դասում հայերի տեղահանությունը եւ ընդգծում. «Մինչեւ 1948 թ. կատարվածներն, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, որպես ցեղասպանություն չեն դիտարկվում»:

Հետեւաբար Յուրուքելը որեւէ նորություն չի ասում: Նորը թերեւս Թուրքիայի գիտական եւ քաղաքական որոշ շրջանակներում ԱՄՆ-ին հասցեագրած ցեղասպանության մեղադրանքի այսպես կոչված հստակեցումն է եւ դրա համադրումը «Թուրքիայի տարածքային ամբողջականությունը չճանաչելու» մեղադրանքի հետ, պատճառաբանելով, թե նա չի ստորագրել Լոզանի պայմանագիրը:

Քանի որ 1923 թ. հուլիսի 24-ին Լոզանի հաշտության պայմանագիրն ստորագրել են միայն Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ռումինիան, Հարավսլավիան ու Ճապոնիան, ուստի նույն տրամաբանությամբ Յուրուքելը պետք է մեղադրեր աշխարհի մնացած պետություններին: Դա չի արվում, փոխարենը նա ԱՄՆ-ին մեղադրելիս նաեւ գաղութատեր է համարում եւ մեղադրանքների մեջ ներգրավում նաեւ հայկական սփյուռքին:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված սփյուռքահայերի գործունեության վերաբերյալ հարցի պատասխանին: Ահա թե ինչ է ասում Յուրուքելը. «Իրականում այդ գործունեությունը ոչ թե հայկական սփյուռքն է ծավալում, այլ, սկսած 1856 թ.-ից, հայերին օգտագործող միջազգային ուժերը, որոնք ներկայումս օգտագործում են PKK-ին: Սրանք ժամանակին հույներին էին գործի դրել, որ զավթեն Արեւմտյան Անատոլիան: Հրահրողները ներկա պահին ՄԱԿ-ի գագաթում գտնվող 4 հզոր ուժերն են: Այս ուժերն իրենց պետություններում որոշումներ են ընդունում: Դա հայերի որոշումը չէ: Հայերը պարզապես ցանկություն են ցուցաբերում, սակայն որոշումներ ընդունողներն այս պետություններն են: Վերջիններս եւ հատկապես ԱՄՆ-ը չեն ստորագրել Լոզանի պայմանագիրը: Սա նշանակում է չճանաչել Թուրքիայի Հանրապետության կարգավիճակը: Լոզանը Թուրքիայի իրավական հիմքն է, պաշտոնապես հաստատել է թուրքական պետության սահմանները: Եթե ԱՄՆ-ում նախագահն էլ ճանաչի, միեւնույն է, Սենատի որոշմամբ չվավերացված պայմանագիրն օրինական չի համարվում: Իսկ Սենատն առ այսօր չի վավերացրել: Այդ իսկ պատճառով Թուրքիայի ճանաչման ԱՄՆ-ի որոշումը զուտ վարչական բնույթ է կրումՙ այնպես ինչպես Պաղեստինի ազատագրության կազմակերպության ճանաչման որոշումը: Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը գաղութատիրական մոտեցում է: ԱՄՆ-ը չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Ես հարցի առնչությամբ դիմել եմ դիվանագետներին, որոնք ինձ հաստատել են: Բացի ԱՄՆ-ից, Թուրքիայի տարածքային ամբողջականությունն աշխարհում չճանաչող երկրորդ երկիրը Հայաստանն է: Մինչեւ 1921 թ. ԱՄՆ-ը խոստացել էր Անատոլիայում Հայաստան եւ Պոնտոսի պետություն ստեղծել, բայց չկատարեց: Սակայն գոյություն ունի «Վիլսոնի սկզբունքներ» կոչվող այս խոստումների վերաբերյալ քարտեզ: Թուրքիան ԱՄՆ-ին որպես նախապայման պետք է առաջադրի Լոզանի պայմանագրի ստորագրումը: Հետահայաց պատմությանն անդրադառնալու դեպքում կտեսնենք, թե ԱՄՆ-ն ու Անգլիան խաբեությամբ ինչպես են զավթել այլ երկրներ: Թուրքիան պարտավոր է ԱՄՆ-ին եւ Հայաստանին պարտադրել Լոզանի պայմանագիրը»:

Սեֆա Մ. Յուրուքելի «Ցեղասպանությունների պատմություն. մարդկության դեմ Արեւմուտքի իրագործած հանցանքները» աշխատությունը ձեռքի տակ չունենք, հետեւաբար ավելորդ է դրա մասին դատողություններ անել: Ինչ վերաբերում է նրա հարցազրույցին, ապա դա բացի Հայոց ցեղասպանության թուրքական պաշտոնական թեզը հիմնավորելու նպատակով շրջանառության մեջ դրված կեղծիքներից, նաեւ հագեցված է անհավասարակշիռ մտքերով, որոնք տրամաբանության չեն ենթարկվում: Առհասարակ հավասարակշռության եւ տրամաբանության բացակայությունն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ գիտնականը տառապում է որեւէ սինդրոմով եւ լուրջ մտավախություններ է ապրում: Ըստ երեւույթին, Յուրուքելին պատել է Սեւրի սինդրոմից բխող Թուրքիայի մասնատման մտավախությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4