Հանրահայտ CNN հեռուստաընկերությունը տարբեր երկրների բացառիկ հնարավորություն է տալիս ներկայանալու իր եթերում: Մասնավորապես CNN World Report ծրագիրը աշխարհի երկրներին հնարավորություն է տալիս 3 րոպե տեւողությամբ տեսանյութ պատրաստել եւ CNN-ի եթերից ցուցադրելՙ ներկայացնելով ոչ միայն երկիրը, այլեւ տարբեր հարցեր: Ժամանակին, երբ այդ գործը ֆինանսավորում էր Լուիզ Մանուկյան-Սիմոնը, այս ծրագրի շրջանակներում Հայաստանը երբեմն-երբեմն ներկայանում էր CNN-ի հեռուստադիտողին: Սակայն որոշ ժամանակ անց թերեւս նման բացառիկ հնարավորությունը չկարեւորելու պատճառով ստացվեց այնպես, որ աշխարհի երկրների մասին պատմող տեսանյութեր կարելի է տեսնել CNN World Report-ի եթերում, իսկ Հայաստանը բացակայում է: Մտածել, թե չկան մասնագետներ, որոնք կարող են որոշակի որակական պահանջներ բավարարող 3 րոպեանոց տեսանյութ պատրաստել, ճիշտ չի լինի: Միեւնույն ժամանակ նման տեսանյութի բացակայությունը ենթադրել է տալիս, որ Հայաստանը նախընտրում է երկիր ներկայացնելու ավելի մատչելի եւ սովորական տարբերակները:
Ընդհանուր առմամբ CNN հեռուստաեթերում տարբեր երկրները հիմնականում ներկայանում են հենց պետության մակարդակով, այսինքնՙ նման տեսանյութի պատրաստման եւ նշված հաղորդաշարին ուղարկելու գործում հիմնական դերակատարումը վերապահված է պետությանը կամ այնպիսի ինստիտուտի, որը թերեւս իրավասու է եւ կարող է ներկայացնել մի ողջ երկիր:
Ժամանակին պրակտիկան փաստացի անցավ իզուր գուցե թե այն պատճառով, որ Հայաստանի նման փոքր երկրի համար արտառոց հանգամանքիՙ ամենայն բան քաղաքականացնելու արդյունքում ներքաղաքական շահերն առավել հետաքրքրություն են ներկայացնում, ինչպես նաեւ «կլանում են բոլոր ջանքերը»: Ամեն դեպքում ստացվում է, որ բավականին լավ հնարավորություններ օգտագործելու փոխարեն մեր պետությունը կարող է մանրամեծածախ առեւտրի մակարդակով բանակցություններ վարել ներքաղաքական կյանքում մի աստիճան վերեւ-ներքեւ գտնվելու համար: Ավելինՙ առիթ-անառիթ շեշտվող այն պարագան, թե Հայաստանի համար զարգացման կարեւոր եւ մեծ հնարավորություններ ապահովող ոլորտ է զբոսաշրջությունը, պետությունը գովազդային իմաստով գրեթե ոչինչ չի անում դրան նպաստելու համար:
Աֆրիկյան, հետխորհրդային ու չգիտես էլ ինչ կարգի տարբեր երկրների մասին պատմող տեսանյութեր կարող եք գտնել CNN World Report-ի եթերում, իսկ Հայաստանի Հանրապետությունը որեւէ կերպ եւ ոչ ոք չի ներկայացնում: Ուրիշ դեպքերում սովորական է դարձել այն միտքը, թե հատկապես իշխանավորներն ու նրանց մերձավորները ամեն միջոց պատրաստ են օգտագործելու իրենց նպատակներին հասնելու համար: Բայց փաստացի մենք դեռ այն մակարդակում չենք, որ համաշխարհային հեռուստացանցի 3 րոպեանոց եթերը կարեւորենք այնքան, որքան հանրապետության ներսում տարբեր հաճախականությունների բաժանումը կամ նույն միագույն հեռուստաեթերի ոչ մրցակցային պայմանները:
Ա. Հ.