«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2005-06-14 | #109, 2005-06-15 | #110, 2005-06-16


ԴԱՏԱՐԱՆԸ ՍԱՌԵՑՆՈՒՄ Է ՄԵԼԳՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՓԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Դատարանը գործն իր վարույթ ընդունելով դադարեցնել է տալիս նաեւ վաճառքի գործընթացը

Ինչպես գրել էր «Ազգը» նախապես, լուրն առնելով Պոլսո «Ժամանակ» օրաթերթից, որ Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը Կիպրոսի դատարանում դատ էր բացել ՀԲԸՄիության կենտրոնական վարչության դեմ Նիկոսիայում գտնվող Մելգոնյան կրթական հաստատությունը փակելու որոշումը բեկանելու հայցապահանջով: Նիկոսիայից երեկ ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ գործն իր վարույթ ընդունած դատարանի ժամանակավոր որոշմամբ, հունիսի 7-ից սկսյալ ՀԲԸՄիությանը եւ նրա Կիպրոսում գտնվող ներկայացուցիչներին արգելվում է Լիմասոլ մայրուղու վրա գտնվող Մելգոնյան կալվածքն ամբողջությամբ կամ մասնակիորեն վաճառել եւ կամ շահագործման տակ դնել:

Ընթերցողներին ծանոթ է, որ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովն անցյալ տարի որոշել էր վարժարանը փակել 2005 թ. հունիսին: Այդ որոշումը քննադատվել էր վարժարանի սաների, նրանց ծնողների եւ աշխարհատարած շրջանավարտների կողմից: Երեկ Կիպրոսի Մելգոնյան սանուց միությունը մեկ այլ հաղորդագրությամբ ողջունել է դատարանի որոշումը, որով «արդարությունը գտնում է իր ընթացքը»: Ըստ հաղորդագրության, սա հույսեր է արթնացնում, որ վարժարանը կարելի է փրկել եւ դասերը կարող են վերսկսվել առաջիկա սեպտեմբերին:

«Շատերն էին աչք դրել դպրոցի կալվածքի վրա այն առեւտրային շահագործման ենթարկելու, կամ շքեղ տներ եւ կամ մարզական համալիրներ կառուցելու համար: Սակայն այժմ նրանք պետք է մոռանան իրենց ծրագրերը, շնորհիվ դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու», ասել է Սանուց միության ատենապետ Շավասպ Բոհջալյանը:

«Մենք շահագրգիռ բոլոր կողմերին ուղարկում ենք հետեւյալ պատգամըՙ «Ձեռքներդ հեռո՛ւ Մելգոնյանից», հայտարարել է Սանուց միության փոխատենապետ Մասիս Տեր-Բարթողը: Նա հիշեցրել է Կիպրոսի ներքին գործերի նախարարության, խորհրդարանի եւ կառավարության 2004 թ. կայացրած որոշումները Մելգոնյան կրթական հաստատության փակման վերաբերյալ, որը բնութագրվել է որպես «թշնամական ակտ» Կիպրոսի նկատմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4