Մինչ Երեւանում սրճարաններով (քիչ էր մնում «սրճարան» բառը մեծատառ գրեինք) շրջափակում են Ավետիք Իսահակյանի արձանը, Գյումրիում որոշել են ընդարձակ Թատերական հրապարակում, հենց Իսահակյանի ու Մհեր Մկրտչյանի արձանների հարեւանությամբ կանգնեցնել Հովհաննես Շիրազի պղնձաձույլ արձանը: Քաղաքի հայրերը կարծում են, որ բանաստեղծի արձանի բացումը շուք կհաղորդի «Գյումրու օրվա» տոնակատարություններին, որոնք այս տարի կանցկացվեն երրորդ անգամ, սեպտեմբերին: Տարիներ առաջ Գյումրու քաղաքային զբոսայգում տեղադրվել է Շիրազի քարակուռ կիսանդրին (քանդակագործՙ Կամո Սառիկյան) եւ սա կլինի անմահ պոետի երկրորդ հուշարձանն իր այնքան սիրած հայրենի քաղաքում:
Քանդակի հեղինակն Արա Շիրազն է: Ըստ տեղեկություններիՙ այժմ նա առաջ է տանում գործի կավից կերտման աշխատանքները, որոնց ավարտից հետո կկատարվի պղնձի ձուլումը: Ապագա արձանն ունենալու է 3,1 մետր բարձրություն, ավելացրած պատվանդանը:
Իսկ արդյոք ճի՞շտ է ընտրվել քաղաքում ապագա քանդակի տեղադրման վայրն ու, այսպես ասենք, տարածական շրջապատը: Թվում էՙ ինչպես անցյալ տարի Մհեր Մկրտչյանի արձանի, այնպես էլ այս եւ նման ոչ պակաս կարեւոր դեպքերում անհրաժեշտ է նախ հասարակական լայն քննարկում ծավալել, լսել տարբեր մարդկանց կարծիքը: Դրանից հետո թող որոշողը էլի ամենաիրազեկ մասնագետների փոքր խումբը լինի:
Գյումրու Արագած փողոցում դրվելու է նաեւ Բագրատունյաց հիշատակի կոթողՙ հայոց այս թագավորության հիմնադրման 1120-ամյակի առթիվ: Գոնե այս մեկի տեղադրման վայրի ընտրությունը կարող է եւ վիճելի համարվել: Բագրատունյաց փառքի կենտրոն Շիրակում հնարավոր է, որ գտնվեր նրանց ոտնահետքը պահող ավելի հարմար մի վայր:
Գ. Մ.