Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի 900 հազար հեկտար տարածքն այսուհետեւ կրում է Բարեշեն անունը:
Այդպես են որոշել լոնդոնաբնակ հայերը, այդ ընտրությանը հավանություն են տվել ԼՂՀ իշխանությունները: Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում ավերակված գյուղը կառուցվելու¬եւ կոչվելու է Բարեշեն: Այն արդեն նշված է քարտեզի վրա եւ կենդանի շունչ կստանա տասը տներով ու բնակիչների ներկայությամբ: Իսկ նշված տարածքում գյուղ հիմնելու նախաձեռնությունը Հայկական բարեգործական ընդհանուր միությանն (ՀԲԸՄ) է: Կազմակերպության Լոնդոնի մասնաճյուղի ջանքերով հանգանակվել է տասը միահարկ տների կառուցմանն անհրաժեշտ գումար: Ի թիվս այլ ծրագրերի, որոշվել է 1906 թվականին Կահիրեում հիմնադրված ՀԲԸՄ-ի հարյուրամյակը նշանավորել ԼՂՀ տարածքում բնակավայրի հիմնադրմամբ: Այդպիսով Հադրութի շրջանի երեսունինը գյուղերին մինչ եկող տարի կավելանա եւս մեկըՙ Բարեշենը, բնակչությունը կհամալրվի տասը ընտանիքով: Կառուցվելիք յուրաքանչյուր տուն լինելու է երեք սենյականոց, զբաղեցնելու է 60 քմ տարածք, արժողությունը 5 միլիոն դրամից քիչ ավելի է:
ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ Հարություն Աղաջանյանն ու գանձապետ Պետրոս Ասլանյանը օրերս եղան Բարեշենի տարածքում եւ տեղում փորձեցին պարզել բոլոր մանրամասնություններն ու պայմանավորվածություններըՙ դժվարություններից ու բացթողումներից խուսափելու նպատակով: Հունիսի 22-ին, ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հավաստմամբ, լիովին կավարտվի գյուղի քարտեզագրումը, եւ ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղը ստանալով Բարեշենի հստակ սահմանագծման քարտեզը, կկարողանա շուտով սկսել շինարարական աշխատանքները: Հունիսի տասներեքին ԼՂՀ միգրացիայի, փախստականների, վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանը եւ ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ Հարություն Աղաջանյանը ստորագրեցին գյուղի կառուցման համաձայնագիրը:
ԼՂՀ իշխանությունները դրանով պարտավորվեցին Բարեշեն հասցնել ջրագիծը, էլեկտրահաղորդման գիծը եւ ճանապարհ կառուցել: Առաջին երկուսի ճյուղավորումը դեպի տներ եւ ներքին ցանցն անցկացնելու է ՀԲԸՄ-ն: Պետությունը նաեւ միանվագ դրամական օգնություն է տրամադրելու Բարեշենում հաստատվելիք ընտանիքներին, ընդ որումՙ նաեւ անասնավարկ: Կառուցվելիք գյուղը հարեւան է Նորաշենին, որը նույնպես ՀԲԸ Միության, բայց արդեն ֆրանսիական մասնաճյուղի միջոցներով է կառուցվել: Նորոգվել ու բնակեցվել է 22 տուն: Կառուցվել է նաեւ մանկապարտեզ ու բուժկետ: Պատերազմի ավարտից հետո ամայացած Նորաշենն այսօր 100-ից ավել բնակիչ ունի: Նրանցից 32 դպրոցական, 15-ըՙ նախադպրոցական տարիքի են: Գյուղում վերջին երկու տարիներին 3 հարսանիք է եղել, բայց նորաշենցիները կեսկատակ¬կեսլուրջ մի մտահոգություն են հայտնում. «Պսակվելու տարիքի աղջիկներն են շատ եւ առայժմ հարս ենք տալիս, ոչ թե բերում»: Իսկ հարեւանությամբ Բարեշենի հիմնադրման լուրը փոքր ու մեծ նորաշենցիներին ոգեւորեց. «Մեր դասարանում 3 աշակերտ կա: Լավ կլինի, որ բարեշենցիք էլ գանՙ գոնե մի օր դաս չեմ պատասխանի: Համ էլ շատ ընկերներ կունենամ», ուրախացած հայտնեց վեցերորդցի եւ բժիշկ դառնալու մտադրությամբ գերազանց սովորող Խաչիկը:
Մինչ Բարեշենի կառուցման հաջորդ փուլը այնտեղ ապրողները սովորելու են Նորաշենի դպրոցում, որն առայժմ գործում է մանկապարտեզի շենքում: Շուտով կառուցվելու է Նորաշենի դպրոցի շենքըՙ նույնպես ՀԲԸՄ միջոցներով (Լոս Անջելես):
Ներկայացվածը ԼՂՀ տարածքում կազմակերպության իրականացրած եւ իրականացնելիք ծրագրերի մի փոքր մասն է միայն: ՀԲԸՄ առաջին ծրագրերը Արցախում իրականացրել է Լուիզ Սիմոն Մանուկյանը, երբ կազմակերպության նախագահն էր: Տիկին Մանուկյանի նվիրատվությամբ վերակառուցվել է Ստեփանակերտի Էնգելսի անվան փողոցն ու կոչվել Ալեք Մանուկյանի անունով: Նույն փողոցում վերանորոգվել է ծերանոցը, անավարտ մնացած հյուրանոցի շենքը կառուցվել է որպես բարձրահարկ, բազմաբնակարան շենք, որտեղ այժմ բնակվում են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքները: Արցախի կամերային նվագախմբի հովանավորումն էլ ՀԲԸՄ կողմից է: Սա ամբողջը չէ եւ վերջը չէ ՀԲԸՄ ծրագրերի: Ինչպես հույս հայտնեց Լոնդոնի մասնաճյուղի ատենապետ Հարություն Աղաջանյանը. «Բարեշենը պետք է դարձնենք մեծ եւ ապահով համայնք»: Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեության առանցքային ուղղություններից է Լեռնային Ղարաբաղի բարօրությանը հնարավորինս նպաստելը: