«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2005-06-16 | #111, 2005-06-17 | #112, 2005-06-18


«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ»

Վենետիկին սպասելիս

Երեկ Վենետիկի հանձնաժողովին ուղարկվեց սահմանադրական փոփոխությունների նախագծի փոփոխված տարբերակը: Նոր տարբերակը կքննարկվի հունիսի 23-24-ը Ստրասբուրգում, Հայաստանի եւ Վենետիկի ներկայացուցիչների միջեւ: Հիշեցնենք, որ Վենետիկի դիտողությունները վերաբերում են 3 հիմնական ուղղությունների` հավասարակշռություն իշխանության թեւերի միջեւ` հակակշռումների ու զսպումների մեխանիզմի միջոցով, դատական իշխանության անկախություն եւ տեղական ինքնակառավարման խնդիրներ, մասնավորապես Երեւանի քաղաքապետի ընտրովի լինելու սկզբունքի կիրառում:

Որչափո՞վ են այս սկզբունքներն արտահայտվել նոր փոփոխություններում: ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «Ազգի» հետ հեռախոսազրույցում ասաց. «Վենետիկի բոլոր դիտողությունների հետ կապված փոփոխություններ ներառվել են նոր նախագծում` եւ տեղական ինքնակառավարման առումով (վերաբերում են ոչ միայն Երեւանի քաղաքապետին, այլեւ համայնքային այլ խնդիրների): Ե՛վ դատական համակարգում` կապված գլխավոր դատախազի, արդարադատության խորհրդի կազմավորման խնդիրների հետ: Ե՛վ նախագահ-ազգային ժողով-կառավարություն հարաբերություններին առնչվող»:

Երեւանի քաղաքապետի մասին դրույթը հանվել է նախագծից, այս խնդիրը կարգավորվելու է առանձին օրենքով, ինչպես Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր Ռոբերտ Քոչարյանը: Նախագահից վերցվել է գլխավոր դատախազին, արդարադատության խորհրդի նախագահին միանձնյա նշանակելու իրավունքը: Կառավարություն ձեւավորելու հարցում դերակատարում է վերապահվել նաեւ խորհրդարանին:

Նոր փոփոխություններով ներկայացված լուծումը, ըստ ԱԺ փոխնախագահի, գրեթե կրկնում է պետական իշխանության 3 մարմինների հարաբերությունների լիտվական մոդելը:

Նախորդ տարբերակից հիասթափված Վենետիկի հանձնաժողովն այս անգամ ի՞նչ դիրքորոշում է արտահայտելու, ոչ ոքի հայտնի չէ: Տիգրան Թորոսյանը հուսով է, որ «լուրջ փոփոխություններ են առաջարկված, եւ Վենետիկին կմնա միայն ճշգրտումների, հղկումների գործը` նախագիծը վերջնական տեսքի բերելու համար»:

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, նախագիծը երկրորդ ընթերցման կներկայացվի հավանաբար հաջորդ ամսվա արտահերթ նիստում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4