ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա
Ռուսաստանի հայերի միության ստեղծման 5-րդ տարեդարձի օրըՙ հունիսի 16-ին Մոսկվայում տեղի ունեցան համերգ եւ մամլո ասուլիս: Նույն օրը քաղաքապետարանում ընդունեցին երեւանյան պատվիրակությանը:
Մոսկվան եւ Երեւանը վաղուց են համագործակցում: 2004 թ. դեկտեմբերին որոշվեց Մոսկվա-Երեւան համագործակցության աշխատանքային հանձնաժողովի անվանման մեջ «Երեւանը» փոխարինել «Հայաստանով»: Այն շարունակում է գլխավորել Մոսկվայի կառավարության անդամ, կենտրոնական վարչատարածքի պրեֆեկտ Սերգեյ Բայդակովը: Հենց նա էլ հունիսի 16-ին վարեց Մոսկվա-Հայաստան համագործակցության աշխատանքային հանձնաժողովի առաջին նիստը:
Նիստում քննարկվել են առեւտրատնտեսական, մշակութային եւ սոցիալ-հումանիտար ոլորտներում գործակցելու հարցերը: Խոսվել է Մոսկվայի մետրոյի «Տուլսկայա» կայարանի մոտ «Երեւան» առեւտրի կենտրոնի եւ Շչերբինկա արդյունաբերական գոտում հայկական մեծածախ առեւտրի կենտրոնի կառուցման մասին:
Հոկտեմբերին Երեւանում մոսկովյան պատվիրակությունը պարկուճ կդնի «Մոսկվայի տան» ապագա շինարարության վայրում: Մոսկվան նաեւ կավելացնի ներդրումները Երեւանում բնակարանային շինարարության մեջՙ դրա ծավալները հասցնելով տարեկան 200 հազար քմ-ի:
Նիստում քննարկվել են նաեւ Մոսկվայի Բրյուսովսկի նրբանցքում Արամ Խաչատրյանի հուշարձան կանգնեցնելու, Մոսկվայում հայաստանցի բժիշկների ստաժավորում կազմակերպելու, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին եւ Ռուս-հայկական համալսարանին հատկացվող օգնությունը շարունակելու հարցերը: Որոշվել է Մոսկվայում բացել հայկական ազգային թատրոն: Նախատեսվում են օժանդակության նաեւ այլ ծրագրեր:
Բայդակովն ամփոփիչ ճեպասուլիսում ընդգծել է, որ Մոսկվայի համար առաջնայինը հումանիտար ոլորտն է:
Ճիշտ է, մերոնց ավելի շատ հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես կարելի է Մոսկվայի կառավարությունից հարկաբաժին ստանալ հայկական արտադրանքի մշտական ցուցադրության համար:
Մոսկվան ընդհանուր առմամբ դեմ չէ հայկական ապրանքներին: Ավելին, պատրաստ է ըստ ամենայնի օժանդակել դրանց իրացմանը, մակերեսներ ու հարկաբաժիններ տրամադրել քաղաքի կենտրոնական եւ այլ մասերում կազմակերպվող հանգստյան օրերի տոնավաճառներում (թեեւ բոլոր փորձագետներն ընդգծում են մեր արտադրանքի գների անմրցունակությունը): Բայց Հայաստանի կառավարությանը (որին աշխատանքային հանձնաժողովում պաշտոնապես ներկայացնում է մոսկվացի գործարար Մակար Նահապետյանը) հարկավոր է հենց հարկաբաժին: Հոգնեցուցիչ քննարկումն ընդհատելովՙ պրեֆեկտ Բայդակովն առաջարկեց Մոսկվայի կենտրոնում, Տվերսկայա փողոցում անցկացնել հայկական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ եւ հետո, նայած դրա արդյունավետությանը, մտածել մշտական կամ ժամանակավոր հարկաբաժինների մասին: Չգիտեմ է՞լ ինչի մասին կարող են երազել հայաստանցի արտադրողը եւ ՀՀ կառավարությունը:
Հետաքրքրական է, որ հանդիպման ժամանակ որեւէ մեկի, նույնիսկ դեսպանի մտքով չանցավ ասել, որ Մոսկվայում արդեն քանի տարի միջպետական համաձայնագրով արդյունավետորեն գործում է Հայաստանի տաղավարը Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ ներկայացված են հայկական քիչ թե շատ նշանակալի բոլոր արտադրատեսակները: Թե՞ հայաստանցի արտադրողների ընդգրկումը հասել է այնպիսի չափերի, որ Մոսկվան արդեն նեղ է նրանց անմրցունակ արտադրանքի համար:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հայերի համար առաջնային են ուրիշ, հիմնականում տնտեսական հարցեր: Ավա՜ղ, երկրորդ պլան են մղվել համապարփակ ռազմավարական, երկրի եւ ազգի համար ճակատագրական հարցերը: Հասկանալի է, երբ անձնական տնտեսական գոյատեւման հարցն առաջնային է շարքային հայի համար, որն աշխատում է Մոսկվայի ծայրամասում գտնվող տեխսպասարկման կայանում: Տխուր է, երբ նույն սկզբունքին են հետեւում իշխանավորները, որոնք պարտավոր են մտածել տեխսպասարկման կայաններում աշխատողների, բժիշկների կամ օդաչուների մասին: Դրա հետեւանքով մարդիկ իրենց երկրում աշխատելու հնարավորություն չունեն եւ դեգերում են աշխարհով մեկ, փնտրում գոյության միջոցներ եւ հայտնվում աֆրիկյան գերության մեջ: Եվ վստահ եմ, Յունեսկոյի դեսպան Արա Աբրահամյանը նախագծեր կունենար օգտագործելու այն միջոցները, որոնք հիմա հատկացվելու են Հասարակածային Գվինեայի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: ՌՀՄ նախագահն ինքը հայ օդաչուների ազատագրումն անվանեց լավ նվեր իր կազմակերպության հոբելյանի առթիվ: Մինչեւ օրս իրենց քաղաքացիներին այդպես պաշտպանել էին միայն ԱՄՆ-ն եւ Իսրայելը: Ի դեպ, նա մամուլի ասուլիսում պատմեց նաեւ այլ հետաքրքրական բաներ: «Մենք մեր փոքրիկ հոբելյանը դիմավորում ենք գլուխներս բարձր եւ հսկայական ձեռքբերումներով», ընդգծեց նա: Դա սփյուռքի համախմբումն է, ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդումը եւ տնտեսական կապերի զարգացումը: Օժանդակություն է ցույց տրվում ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը եւ տնտեսական կապերի խորացմանը: ՌՀՄ-ն մասնակցում է ամեն տեսակ մեծ եւ ոչ այնքան մեծ նախագծերի իրականացմանըՙ երկաթգծի վրացական հատվածի բացումից մինչեւ ռուսաստանյան բուհերի գերազանցիկ հայ ուսանողների կրթաթոշակները:
Պրն Աբրահամյանը նաեւ գոհունակությամբ նշեց, որ գոյության հինգ տարիներին կազմակերպությունը ոչ միայն կայացել է, այլեւ դարձել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության զարգացման կարեւոր ու լուրջ գործոնը եւ նույնիսկ կապեր է հաստատել ադրբեջանական համայնքի հետ, որպեսզի «Անդրկովկասում առկա հակամարտություններն ու խնդիրները չտեղափոխվեն Մոսկվա»:
ՌՀՄ-ն զբաղվո՞ւմ է արդյոք քաղաքական լոբբիիզմով, ինչպես Ամերիկայի հայկական համագումարը: «Ոչ, պատասխանում է Արա Աբրահամյանը: Մենք Ռուսաստանում նման անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն առանց այն էլ ռազմավարական բնույթ են կրում: Ի տարբերություն ԱՀՀ-ի, մեր առջեւ ծառացած չէ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը հասնելու խնդիրը, քանզի դեռ 1995 թ. Պետդուման ընդունել է համապատասխան որոշում, եւ Ռուսաստանը մեծ տերություններից առաջինն էր, որ ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր առավել հրատապ է տնտեսական լոբբիիզմի հարցը: Մենք դրանով զբաղվում ենք»:
Լրագրողներին հետաքրքրում էին նաեւ ՌՀՄ-ի հարաբերությունները Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի հետ: «Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ռուսաստանի դաշնային եւ շրջանային իշխանությունների հետ: Ակտիվորեն աշխատում ենք Կրասնոդարի երկրամասում, որպեսզի այնտեղ կասեցնենք կենցաղային խնդիրներն ու հակամարտություններն ազգամիջյանի վերածելու որոշ ուժերի փորձերը: Ամենաբարձր մակարդակով լավ հարաբերություններ ունենք Հայաստանի ղեկավարությանՙ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ուրիշների հետ: Կապեր ունենք նաեւ երկրում գործող քաղաքական մի շարք, այդ թվումՙ ընդդիմադիր կուսակցությունների եւ դրանց առաջնորդների հետ: Ամենքս շահագրգռված ենք բարգավաճ եւ խաղաղ Հայաստանով»:
ՌՀՄ փոխնախագահ Անդրանիկ Միհրանյանը Հայաստանի հնարավոր քաղաքական ապակայունացման կապակցությամբ ասաց. «Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում վարչակարգերի փոփոխման վերաբերյալ նախագահ Բուշի արած ամպագոռգոռ հայտարարությունները շատերը վերագրեցին Հայաստանին, բայց, կարծում եմ, մոտ ժամանակներս բարդություններ պետք է սպասել Ադրբեջանում, որտեղ անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Հայաստանում ընտրությունները շուտ չեն լինի: Ապակայունացումը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի սրման դեպքում, բայց առայժմ նման նախադրյալներ չկան»:
Վերջում Արա Աբրահամյանը լրագրողներին հրավիրեց Հայաստանՙ մասնակցելու աշնանն անցկացվող ՌՀՄ օրերին: Հենց այդ ժամանակ էլ պրեֆեկտ Բայդակովը մեկնարկ կտա Երեւանում «Մոսկվայի տան» շինարարությանը: Նա մշտապես կատարում է իր խոստումները: Ասենք ՌՀՄ-ի օրերն էլ ավանդական եւ սպասված են դարձել Հայաստանում: Այնպես որ, ՌՀՄ-ին շնորհավորում եմ հոբելյանի, աշխատանքային հանձնաժողովինՙ հաջող մեկնարկի առթիվ: Հուսով եմ, որ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի կանխատեսումը, ինչպես միշտ, կիրականանա, եւ աշնանը կհանդիպենք Երեւանում: