Այսօր, ժամը 19-ին «Հանրապետական» մարզադաշտում Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլում «Լեռնագործը» կհյուրընկալի Շվեյցարիայի «Քսամաքսին»: Վերջինս Շվեյցարիայի հնագույն ակումբներից է: Թիմը երեք անգամ (առաջինըՙ 1916 թ., վերջինըՙ 1988 թ.) դարձել է երկրի չեմպիոն, 2 անգամ նվաճել Շվեյցարիայի սուպերգավաթը: Իսկ ահա երկրի գավաթի խաղարկություններում «Քսամաքսին» առայժմ անհաջողություններն են հետապնդել: 4 անգամ մտնելով գավաթի եզրափակիչ, «Քսամաքսը» մշտապես խաղադաշտը թողել է պարտված:
Եվրոգավաթների մրցաշարերին թիմը բազմիցս ներկայացրել է Շվեյցարիան: Առայժմ ամենամեծ հաջողությունը եվրոգավաթներում ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում քառորդ եզրափակիչ մտնելն է եղել: «Քսամաքսը» երկրի ավարտված առաջնությունում 10 թիմերի մրցավեճում գրավել է 6-րդ տեղը: 34 հանդիպումներում թիմը վաստակել է 38 միավոր (+10=8-16, 36-48): Ակումբի ղեկավարությունը գոհ չէր թիմի մրցելույթներից, ուստի մեկ մրցաշրջանում 3 անգամ փոխվել է «Քսամաքսի» գլխավոր մարզիչը: «Քսամաքսի» կազմում այսօր մեծ թիվ են կազմում լեգեոներները (13): Նրանցից 7-ը ֆրանսիացիներ են: Չնայած «Քսամաքսի» համեստ ցուցանիշներին, այնուամենայնիվ, շվեյցարական ակումբը լուրջ մրցակից է «Լեռնագործի» համար, որը ՀՀ առաջնությունում անհաջող է հանդես գալիսՙ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, «Լեռնագործի» կազմում էլ կան լեգեոներներ, սակայն թիմն աչքի չի ընկնում արդյունավետ խաղով: Այս ամենը հաշվի առնելով կարելի է փաստել, որ «Լեռնագործին» դժվարին նորամուտ է սպասում:
Հայաստանի թիմերն Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում հանդես են գալիս 1998 թ.: Արդյունքները բավական տխուր են: Անցկացված 14 խաղերից միայն 4-ում են հայկական թիմերը հաղթել: Երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի, 8-ում մեր թիմերը պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 15 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 28-ը: Մեր թիմերից բոլորից հաջող են հանդես եկել Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները: Նրանք միակն են, որոնց 1999 թ. հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքըՙ հաղթելով ռումինական «Բաքեուին» (1-0, 1-0):