2005 թ. հունիսի 21-ին ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ու շուրջ 15 կամավորներ ամերիկյան դեսպանատնից կմիանան «Հաբիթաթ Հայաստանին»ՙ մասնակցելու Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում Ավագյանների տան շինարարությանը: Այս ձեռնարկի շրջանակում դեսպանատան ու միջազգային կամավորների ջանքերով կկառուցվի Ավագյանների տունը: Այս միջոցառմանը զուգընթաց Մ. Նահանգների Միչիգան նահանգում տեղի կունենա «Ջիմի Քարթերի շինարարական ծրագիրը», որին ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի հետ կմասնակցի Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:
1976 թ. հիմնադրված «Միջազգային Հաբիթաթը» (Habitat for Humanity) ոչ կառավարական, ոչ աղանդավորական, շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է, որն առ այսօր տարբեր դավանանքի ու ազգության ավելի քան մեկ միլիոն մարդու ապահովել է պարզ, հարմարավետ ու մատչելի տներով: «Հաբիթաթ Հայաստանը» «Միջազգային Հաբիթաթի» մասնաճյուղն է, որն աջակցում է համայնքային զարգացման ձեռնարկներին Հայաստանումՙ օգնելով կառուցել տներ կարիքավոր ընտանիքների համար: Այս կազմակերպության նպատակն է բարելավել բնակարանային պայմանները, միջոցներ հայթայթել այդ կենսականորեն կարեւոր աշխատանքը կատարելու համարՙ հույս ներշնչելով բազմաթիվ ընտանիքների: «Հաբիթաթ Հայաստանը» հիմնադրվել է 2000 թ. ու մինչ օրս կառուցել է 122 տունՙ Հայաստանի տարբեր վայրերում կացարանով ապահովելով ավելի քան 600 հոգու:
ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ