Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը եզրակացության չի հասել, նախանշվել են ընդհանուր եզրեր
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վարշավայում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպման դրական տեղաշարժերի վրա է կառուցվել Փարիզում երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկումը: Սակայն, ինչպես փաստեց Վարդան Օսկանյանը, չի հաջողվել ինչ-որ հարցի շուրջը քննարկումն ամբողջությամբ ավարտին հասցնել, բայց ընդհանուր եզրեր երեւացել են: Թե որոնք են ընդհանուր եզրերը եւ քննարկվող հարցերից որոնց են առնչվել դրանք, Օսկանյանը չմանրամասնեց. «Խնդրում եմ, փորձ մի արեք ճշտելու մանրամասնությունները, կարծում եմ, ժամանակը չէ: Ցանկացած կոնկրետացում միայն ու միայն բարդություններ է առաջացնելու եւ շահարկումների առիթ է տալու: Մի բան, որ այս փուլում փորձում ենք կանխարգելել, հույս ունեմ, Ադրբեջանի իմ գործընկերն էլ նույնը կանի»:
Այս նկատառումներով էլ ՀՀ արտգործնախարարը չնշեց, թե ինչ կա բանակցությունների օրակարգում. «Բոլոր հնարավոր հարցերը ներառված են, բայց միշտ չէ, որ բոլոր հարցերին անդրադարձ է լինում բանակցությունների ընթացքում: Նշեմ, որ վերջ ի վերջո բոլոր, ներառյալ եւ խաղաղարար ուժերի, հարցերը պետք է լուծում ստանան: Սակայն այս պահին դեռեւս վաղ է այդ մասին խոսել: Առավել կարեւոր խնդիրներ կան, որոնց լուծումը հնարավորություն կտա մյուս խնդիրների քննարկմանն անցնելու»: Ի պատասխան հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման վերաբերյալ հարցի փաստեց Օսկանյանը:
Արտգործնախարարը տեղեկացրեց նաեւ, որ բանակցությունների ընթացքում քննարկվող հարցերը փաթեթային բնույթ ունեն. «Այդ փաթեթում ներառված են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն առնչվող բոլոր խնդիրները, եւ առանց որեւէ որակավորում տալու կարող եմ արձանագրել, որ դրանք կան, բայց Հայաստանի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցն է: Մինչեւ այդ հարցի շուրջը հստակություն չունենանք, թե ինչ ուղղությամբ է տարվելու, անիմաստ է նույնիսկ խոսել կամ քննարկել խնդրի կարգավորման այլ տարրեր»:
Որեւէ մեկնաբանություն չտալով Ադրբեջանում իշխանափոխության հավանական կամ անհավանական լինելուն, Վարդան Օսկանյանը հույս հայտնեց, որ անկախ այս կամ այն զարգացումներից բանակցային գործընթացը չի տուժի, եւ յուրաքանչյուր փուլում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել:
Ի պատասխան լրագրողի հարցիՙ ազատագրված տարածքների վերադարձման հաճախակի քննարկումների մասին, նախարարը հավաստիացրեց. «Խիստ կասկածում եմ, թե Հայաստանում տարածքների վերականգնման հարցը քննարկվում է: Կարծում եմ, Ադրբեջանում այդ հարցի քննարկման արձագանքն է հնչում Հայաստանում: Իսկ Հայաստանի դիրքորոշումը հստակ էՙ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հստակեցում»:
Անդրադառնալով ԼՂՀ-ում հունիսի 19-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններին, արտգործնախարարը հայտնեց, որ Հայաստանը ողջունում է այդ ընտրությունները եւ դրանք կարեւոր քայլ համարում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների առավել ամրացման հարցում: «Այս ընտրություններում մեզ համար ամենակարեւորն այն է, որ ժողովրդի ընտրյալները միշտ էլ հնարավորություն կունենան ներկայացնելու-իրականացնելու ժողովրդի ցանկությունները եւ իրենց դրական ու առավել համարձակ ներդրումը կարող են ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում»: Այսպիսի գնահատական տալուց հետո նախարարը նաեւ տեղեկացրեց, որ Փարիզում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցությունները շարունակելու առնչությամբ, եւ մինչ նախարարների մյուս հանդիպումը, հուլիսի կեսերին համանախագահողները կայցելեն տարածաշրջան:
Վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած իրադարձություններից Վարդան Օսկանյանը շրջադարձային համարեց ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության անհատական գործունեության ծրագրի փաթեթի ներկայացումը, որը մինչ տարեվերջ ավարտուն տեսքի կբերվի եւ ուժի մեջ կմտնի եկող տարիՙ նոր մակարդակի բերելով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները: Հաջորդ շրջադարձային կարեւորություն ունեցող քայլը, Օսկանյանի գնահատմամբ, Եվրոմիության «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում գործունեության նախնական թեզերի ներկայացումն է: Դրանք, նախարարի հավաստմամբ, լինելու են ընդգրկուն, մանրամասն եւ ունենալու են ծրագրային նշանակություն: Հնարավոր է, մինչ տարեվերջ թեզերը բերվեն լիովին մշակված տեսքի: Այս ծրագիրն էլ, նախարարի համոզմամբ, ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր էջի սկիզբ է:
Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը, բնականաբար, անդրադարձավ հունիսի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի ընդունած որոշմանը. «Ողջունում ենք Բունդեսթագի բանաձեւը: Այս որոշումը մի մասով ցույց է տալիս, որ Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը, մյուսով կոչ է անում Թուրքիայինՙ հաշվի նստելու անցյալի, պատմության հետ: Սա մի լրացուցիչ քայլ է ցեղասպանության ճանաչման գործընթացում եւ ԵՄ-Թուրքիա հնարավոր բանակցությունների շրջանակում հայկական խնդիրները ներառելու հարցում»: