Վարչապետ Էրդողանին ուղղված դիմումը հանձնվեց այդ երկրի դեսպանություն
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ձայն հանուն Եվրոպայի» հասարակական կազմակերպության կոչով հունիսի 20-ին, ժամը 16-ին մոտ 70 համակիրներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ խաղաղ ցույց կազմակերպեցին Պրահայում Թուրքիայի դեսպանության առջեւ: Ցուցապաստառների վրա գրված կոչերը ուղղված էին Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որին ուղղված նամակը ընթերցեց «Ձայն հանուն Եվրոպայի» նախաձեռնության Չեխիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Դավիթ Գրեշակը: Նամակում ոչ միայն ասվում էր, թե Թուրքիան իր քաղաքական ու մշակութային անցյալով պատրաստ չէ Եվրոմիության անդամակցությանը, այլեւ բերվում էր Գերմանիայի օրինակը, ուր թուրք էմիգրանտների համար շատ դժվար է ինտեգրացումը: Թուրքիայի վարչապետի ուշադրությունը հրավիրելով երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի վրա, կազմակերպիչներն անընդունելի են համարում նաեւ թուրքական կառավարության կողմից 1.5 միլիոն հայերի ցեղասպանության շարունակական մերժումը: Նույնը վերաբերում է նաեւ Կիպրոսի ճանաչման խնդրին:
Նամակում նշվում էր նաեւ, որ Թուրքիայի ընդունումը ԵՄ ոչ մի կողմին էլ օգուտ չի բերի եւ կվտանգի ինչպես ԵՄ, այնպես էլ Թուրքիայի անվտանգությունը:
Նամակի վերջում կոչ է արվում, որ Թուրքիայի կառավարությունը վերանայի իր մոտեցումը այդ հարցերին եւ ավելի կենտրոնանա ԵՄ-ի հետ հատուկ կարգավիճակով համագործակցության վրա: Դեղին վերնաշապիկներով ցուցարարները ստորագրեցին նամակը եւ գցեցին դեսպանության փոստարկղը, քանի որ այդպես էլ ոչ մի թուրք պաշտոնյա չբարեհաճեց անձամբ ընդունել:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Դավիթ Գրեշակը, այս ակցիայով Թուրքիայի անդամակցության դեմ լրատվական շաբաթի սկիզբն է դրվում, որը կանցկացվի ոչ միայն Պրահայում, այլեւ Բռնոյում, Չեսկի Բուդյովիցե, Պլզեն Օլոմոուց, Լիբերեց, Տաբոր քաղաքներում: Նմանատիպ ցույցեր արդեն եղել են Լեհաստանում եւ Հունգարիայում: Չեխիայիում Թուրքիայի անդամակցությանը դեմ արդեն ստորագրած 4000 քաղաքացիների թիվն առաջիկա մեկ շաբաթում անշուշտ կավելանա: