Իսկ ատոմակայանի փակման ժամկետը մնաց անորոշ
Հայաստան-Եվրոմիություն համագործակցության կոմիտեի հերթական 6-րդ նիստը տեղի ունեցավ երեկ Երեւանում, որտեղ հայկական կողմի համանախագահն էր առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ եվրոպական կողմը ներկայացնում էր Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր վարչության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Հյուգ Մինգարելին:
Ինչպես նիստից հետո ներկայացրեց Կարեն Ճշմարիտյանը, հանդիպումը բավականին արդյունավետ էր: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ԵՄ նոր հարեւանություն քաղաքականության շրջանակներում համատեղ կմշակվի գործողությունների ծրագիր, դրանում կորոշվեն նախապատվությունները: Ի դեպ, այս առումով պրն Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանը եւ Եվրոմիությունը պետք է ներկայացնեն համաձայնեցված տարբերակ:
Նիստի մասնակիցները քննարկել են Հայաստանում եւ Եվրոպական միությունում տեղի ունեցած վերջին տնտեսական զարգացումները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքը, տնտեսության ներկա վիճակը եւ հետագա զարգացման միտումները: Կարեւորվել է նաեւ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ Հայաստանն առանձնակի շեշտել է այն հանգամանքը, թե տարածաշրջանային այն ծրագրերը, որոնցում Հայաստանը ընդգրկված չէ, սակայն տնտեսապես հիմնավորված է Հայաստանի մասնակցությունը, ըստ էության չեն ունենա Եվրոմիության աջակցությունն ու ֆինանսավորումը:
Ինչ վերաբերում է մեզանում ավելի շատ այս ծրագրի շրջանակներում հետաքրքրություն ունեցող Հայկական ատոմակայանի փակման հարցին, ապա, Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, ատոմակայանի փակման կոնկրետ ժամկետների հարց չի բարձրացվել: Եվրոպական կողմի համանախագահ Հյուգ Մինգարելին իր խոսքում ասաց, որ Եվրոմիությունը ատոմակայանի փակման առնչությամբ այլընտրանքային էներգետիկ հզորությունների ստեղծման համար անհրաժեշտ համատեղ աշխատանքների կազմակերպմանը կտրամադրի 100 մլն եվրո, կկազմակերպի դոնորների կոնֆերանս լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար:
Ամեն դեպքում երկկողմ շեշտադրվել է Հայաստանում անցկացվող եւ անցկացվելիք բարեփոխումների որակական մակարդակի հարցն ինչպես օրենսդրական, այնպես էլ հակակոռուպցիոն պայքարի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքներին առնչվող իրավունքների, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կտրվածքով:
Ա. Հ.
Հ. Գ. Ճիշտ է, միջոցառման տեղ ընտրված «Գոլդեն պալաս» հյուրանոցի ինտերիերը բավականին հաճելի էր, սակայն լրատվամիջոցների հետ հանդիպման կազմակերպիչները որոշել էին ստուգել լրագրողների համբերությունը, ծրագրված ժամի փոխարեն ասուլիսն սկսելով մոտ 40 րոպե ուշացումով: