«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2005-06-17 | #112, 2005-06-18 | #113, 2005-06-21


ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԵՐ ԸՆՏՐԵԼԻՔՆ Է

«Որպես անհատ քաղաքացի եւ արտաքին գործերի նախարար, իհարկե, կուզենայի տեսնել Վենետիկի հանձնաժողովի ամբողջական հավանությունը Հայաստանի սահմանադրության փոփոխություններին: Դա կլիներ իդեալական տարբերակ, բայց այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել», երեկ հրավիրած ասուլիսում այս կարծիքը հայտնելովՙ Վարդան Օսկանյանը նաեւ հայտարարեց. «Հայաստանին ոչ ոք չպիտի թելադրի, թե ինչպիսի կառավարման համակարգ ընտրել»: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի կառավարման համակարգ ընտրելու, եւ մեր երկրում այդ լիազորությունն ունեցողների ընտրությունը պետք է արժանանա հարգանքի: Ընտրված կառավարման համակարգի համապատասխանությունը ժողովրդավարացմանն ու եվրոպական չափանիշներին, ըստ նախարարի, պետք է դառնա եվրոպական կառույցների քննարկման առարկան:

Քանի որ ՀՀ սահմանադրության փոփոխությունների գործընթացն ավարտված չէ եւ դեռ ընթացքում են բանակցությունները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական կառույցների հետ, ապա հնարավոր է ակնկալել իրական բարեփոխումներ կրած երկրի գլխավոր օրենք: Սա թերեւս նախարարի ասածի ենթատեքստն էր, իսկ արդեն իրականըՙ դրական տեղաշարժերն են: Հենց այդ դրական տեղաշարժերի առկայությունը, բարեփոխումների գործընթացին Վենետիկի հանձնաժողովի զեկուցողների ամբողջությամբ տեղեկացվածությունը, Տիգրան Թորոսյանի տեղեկացմամբ, հիմք են դարձել Ստրասբուրգում այս օրերին ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ ՀՀ սահմանադրության փոփոխությունների գործընթացին առնչվող հարցը ներառելուն որեւէ կերպ չառարկելու:

Հայաստանյան ԵԽԽՎ պատվիրակության օրակարգում հարցի ներառմանը չառարկելը բացառել է հարցը քվեարկության դնելու անհրաժեշտությունը, եւ դա, ինչպես մեկ անգամ եւս ճշտեցինք Տիգրան Թորոսյանից, կքննարկվի հունիսի 23-ի առավոտյան:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4