Ֆրանսահայ երիտասարդ կինոբեմադրիչ Ֆրեդերիկ Բալըքջյանը թողարկել է իր առաջին ֆիլմը, որն արդեն ցուցադրվում է փարիզյան էկրանների վրա: «Անազնիվ խաղ» անունը կրող ֆիլմի գործողությունները ծավալվում են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սանտիե թաղամասում: «Աշխարհ» թերթի մեկնաբանի բնորոշմամբ, սկզբնամասի տեսարաններից հանդիսատեսն այն տպավորությունն է ստանում, թե ինքը վավերագրական ֆիլմ է դիտում:
Սկզբնամասում բավական դանդաղ ծավալվող գործողությունները հետզհետե արագանում են: Թաղամասի հայերի դերերում հանդես են գալիս Պասկալ Էլբեն, Սիմոն Աբգարյանը եւ Ժերալդ Փափազյանը: Նրանք ֆիլմում մանր մաֆիականներ են, որոնք բախվում են չինացի մաֆիականների հետ: Բնականաբար, առկա են բռնության բազմաթիվ տեսարաններ, որոնք հետեւանք են ոչ միայն գործարքների, այլեւ զգացմունքների: Գործողությունների արագ ռիթմը մշտական լարվածության մեջ է պահում հանդիսատեսին: Ժապավենը փոքր-ինչ հիշեցնում է մաֆիայի վերաբերյալ Սկորսեզեի եւ Չիմինոյի նկարահանած ֆիլմերը եւ, որպես երիտասարդ կինոբեմադրիչի առաջին գործ, կարող է բնութագրվել իբրեւ հաջողված աշխատանք:
Պ. Ք.