Գովազդներից, քաղաքում փակցված ցուցանակներից երեւի շատերն արդեն գիտեն, որ մայիսի 21-ից Երեւանի կրկեսի տնօրենի հրավերով Հայաստանում է ռուսական հռչակավոր կրկեսը սառույցի վրա: Հայ հանդիսատեսին ներկայացած ռուսական կրկեսի ելույթները ավարտվեցին հունիսի 19-ին, որից հետո կոլեկտիվը հյուրախաղերով մեկնեց Մինսկ եւ Ֆրանսիա:
Հյուրախաղերի ավարտից հետո «Ազգը» հանդիպեց ռուսական կրկեսը սառույցի վրա կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար Նատալյա Աբրամովայի հետ, որը կոլեկտիվը ղեկավարում է 7 տարի: 30 հոգուց բաղկացած կոլեկտիվով հայ հանդիսատեսին ներկայացած սառույցի վրա կրկեսի ծրագիրն ընդգրկում է մոտ 23 համար: Թե՛ Նատալյա Աբրամովան, թե՛ մեր կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը նշեցին, որ ռուսական կրկեսի ներկայացրած ծրագիրը ներառում է կրկեսային արվեստի գրեթե բոլոր ժանրերը` մարմնամարզություն, էկվիլիբրիստական, ծաղրածուական համարներ եւ պարեր, որոնք բոլորն էլ ներկայացվում են չմուշկներով սառույցի վրա: Չկան միայն կենդանավարժության համարներ, որը տկն Աբրամովան բացատրեց կենդանիներին տեղափոխելու դժվարությամբ: Տկն Աբրամովայի խոսքերով, երեւանցի հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել իրենց, մանավանդ դահլիճում մեծ ոգեւորություն է տիրել, երբ իրենք ներկայացման վերջում սառույցի վրա հայկական պար են պարել (ընդ որում նրանք հայկական պար են պարել յուրաքանչյուր ներկայացման վերջում): «Բայց նաեւ ցավում եմ, որ շատ մարդիկ չկարողացան նայել ներկայացումը, թեպետ տոմսերն այնքան էլ թանկ չէին նման ներկայացման համար (1500-3000 դրամ), եւ բացի այդ մենք ունեինք զեղչերի մեծ համակարգ», ավելացրեց տկն Աբրամովան:
Այս իրավիճակը հայ կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը պատճառաբանեց այն բանով, որ ռուսական կրկեսի ներկայացումների ժամանակահատվածը համընկավ ոչ կրկեսային ամսվա հետ, երբ երիտասարդները ավարտական կամ ընդունելության քննությունների են պատրաստվում: Իսկ ռուսական կրկեսի Հայաստանում ներկայանալու կապակցությամբ պրն Պետրոսյանը նշեց. «Այսպիսի մեծամասշտաբ կոլեկտիվ, ռեժիսուրայի տեսանկյունից ժամանակակից ոգով բեմադրված նմանատիպ ներկայացում վերջին 15 տարիներին հայ կրկեսում չի եղել, իսկ կրկեսը սառույցի վրա ընդհանրապես չի եղել: Ես երկար ժամանակ երազում էի, որ նրանք գան Երեւան, եւ հիմա նրանք այստեղ են»:
Ֆինանսական իմաստով, պրն Պետրոսյանի հավաստմամբ, հայ կրկեսն այս ընթացքում նյութական շահույթներ չունեցավ եւ չէր էլ նպատակադրվել: «Սա թող փոխհատուցում լինի հայ հանդիսատեսին այն ցուրտ ու շոգ օրերի համար», ավելացրեց տնօրենը: Կրկեսի անդադրում աշխատող տնօրենն այժմ աշխատում է մեկ այլ նախագծի վրա եւ նրա շնորհիվ հոկտեմբերին հայ հանդիսատեսին կներկայանա այսօր աշխարհում լավագույններից մեկը` չինական կրկեսը:
Հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից գոհ էին նաեւ ռուսական կրկեսը սառույցի վրա խմբի մյուս մասնակիցները: Օրինակ, ծաղրածու Անդրեյ Գորյաեւը նշեց, որ մեր հանդիսատեսը յուրաքանչյուր համար ջերմությամբ է ընդունում` ծափահարություններով աջակցելով ելույթ ունեցողներին: Ռուսական կրկեսի խմբից ոմանք հյուրախաղերի են ժամանել նաեւ ընտանիքներով: Ծաղրածու Անդրեյ Կոլոբովի համար ընտանիքով քաղաքից քաղաք շրջելը հրաշալի բան է, երբ հնարավորություն է տրվում համեմատելու երկրները, նրանց տարբերությունները, անգամ եղանակները, իսկ երեխաներն էլ կարողանում են վայելել տարբեր երկրների զարմանալի մրգերն ու բանջարեղենները:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ