«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2005-06-17 | #112, 2005-06-18 | #113, 2005-06-21


ՔԱՐԱՆՁԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՇԱՏ ՔԻՉ ԵՆ

Քարանձավագիտության ոսկե կանոնի համաձայն, քարանձավ կարելի է մտնել ամենաքիչը 5 հոգով: Հայաստանում այդ կանոնին հետեւում են միայն քարանձավագիտության կենտրոնի մասնագետները, որոնք արդեն 20 տարի մեծագույն նվիրումով զբաղվում են այդ գիտությամբ: Կենտրոնն ունի ավելի քան 40 մասնագետներ, նրանց մեջ կան հնագետներ, աստվածաբաններ, աշխարհագրագետներ, երկրաբաններ, ճարտարագետներ, որոնցից յուրաքանչյուրը քարանձավներն ուսումնասիրում է մասնագիտական հետաքրքրություններից ելնելով: Վերջին 3 տարիներին նրանք հայտնաբերել են 12 նոր եկեղեցի, 2 դամբարան, 3 բնակավայր եւ 2 ամրոց:

«Հայաստանում քարանձավներ մտնողները չգիտեն, թե ինչ վտանգավոր քայլ են անում: Նրանց ոչ մեկը չի զգուշացնում, որ մեծ քարանձավներ պետք է մտնել միայն մասնագետների ուղեկցությամբ: Ես տեղյակ եմ, որ զբոսաշրջությամբ զբաղվող ինչ-որ խմբեր մարդկանց քարանձավներ են տանում, գաղափար անգամ չունենալով, որ այնտեղ հնարավոր են անկանխատեսելի փլուզումներ: Քարանձավներն, անշուշտ, զբոսաշրջության զարգացման հզոր միջոց են, ներդրում անողները 1 տարվա մեջ կարող են մեծ շահույթ ստանալ, սակայն դրա համար անհրաժեշտ է մեր կենտրոնի հետ համագործակցելով քարանձավների մասին տեղեկատվական գրքույկներ հրատարակել: Այսօր շատերն են իրենց քարանձավագետ ներկայացնում, եւ դա հասկանալի է, որովհետեւ հայերը շրջահայաց են, արագ կողմնորոշվող: Մինչ մենք զբաղվում ենք գիտությամբ, նրանք գործնական քայլեր են անում: Պետականորեն մենք ունենք նրանց վերահսկելու եւ կանխարգելելու իրավունք, բայց նյութական միջոցների բացակայության պատճառով ի զորու չենք իրականացնել այդ գործառույթները», ասում է Հայաստանի քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը:

Վերջին տարիների նրա հետազոտությունները տեղ են գտել պետպատվերով հրատարակված «Հայաստանի քարանձավներ» գրքում: «Քարանձավների վերաբերյալ մեր գիտական աշխատանքները երբեք առանձին հովանավորներ չեն ունեցել, մեր գործունեության ընթացքում աջակցություն ենք ստացել միայն մեր մեծաթիվ բարեկամներից: «Հայաստանի քարանձավներ» հինգհատորյակի առաջին գրքում ծավալուն վերլուծություններով մեկնաբանել եմ վերջին տարիներին հավաքված նյութերն ու ընդգրկել միջազգային կապերով ձեռք բերված տեղեկությունները: Առաջին հատորը հովանավոր չունենալու պատճառով մի քիչ անշուք է, բայց տեղեկատվությամբ հզոր է», ճարտարապետության թանգարան-ինստիտուտում հրավիրված քննարկումից առաջ ասաց Սամվել Շահինյանը:

Քարանձավագիտության արդի խնդիրների մեկնաբանությունից բացի առաջին հատորում ընդգրկվել են Հայաստանի հայտնի քարանձավները, որոնց մեջ համաշխարհային մշակույթի առումով եզակի են Աշտարակի «քարե դռնավոր» քարանձավները: Սամվել Շահինյանը շեշտեց, որ Սեւանի ավազանում, Արագածոտնում եւ Անիում կիրառված քարանձավագիտական սկզբունքները, որոնց մեջ հատուկ տեղ է գրավել բազալտե շարժվող դռներով քարանձավների մշակույթը, երկար ժամանակ եղել է տիրապետող:

Հեղինակը մանրամասն տեղեկություններ է հաղորդում նաեւ վերջին 200 տարվա ընթացքում քարանձավագիտությանը նվիրված հայերի եւ օտարների մասին, ինչը շարունակելի կլինի եւ կամբողջանա մյուս հատորներում: Սամվել Շահինյանի ընկերների օժանդակությամբ գրքի երկրորդ հատորը, որում կընդգրկվեն եկեղեցիներ, դամբարաններ, սրբատեղիներ, վանքեր, կհրատարակվի գունավոր եւ 2 լեզուներով:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4