«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2005-06-17 | #112, 2005-06-18 | #113, 2005-06-21


ԱՅՍ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԱԽՏՈՐՈՇ ԼԻՆԵԼ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

360 հազար դոլարի դրամաշնորհ հայ գիտնականին

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Երեւանյան (պարբերական) հիվանդությունը ավանդաբար համարվում է աշխարհագրական առումով մերձավոր ժողովուրդների` հրեաների, հույների, արաբների ու հայերի հիվանդությունը: Հիվանդությունը «տարածքային» դրդապատճառներով բացատրելու այլ հիմքեր էլ կան: Արձանագրվել են բազում դեպքեր, որ բնակավայրը փոխած հիվանդը կարողացել է ձերբազատվել այդ հիվանդությունից: Թուրքերն այս հիվանդությանը բավական խանդով են վերաբերվում: Հայ գիտնականների շրջանում ասելիք է դարձել 1997 թվականին Երուսաղեմում պարբերական հիվանդությանը նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ կատարվածը: Թուրք գիտնականները ելույթներ են ունեցել` փորձելով ապացուցել, որ պարբերական հիվանդությունը միայն հայերի կամ հույների մենաշնորհը չէ, որ թուրքերն էլ են հիվանդանում այս հիվանդությամբ: Կա այն տեսակետը, թե այս ախտը հնագույն գենի, հին ազգերի հիվանդությունն է, եւ գուցե այս հանգամանքն է դրդում թուրքերին իրենց եւս վերագրելու այս հիվանդությունը:

Ինչ էլ լինի, հիվանդության հստակ պատճառներն ու բուժումը հայտնի չեն:

ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ղարագյոզյանը, այնուամենայնիվ, պատմում է, որ երկրաշարժից հետո ծանր ստրես ապրած հիվանդներից շատերն առողջացել են: Սակայն ստրեսն ընդհանրական «դեղատոմս» չէ:

Հնարավոր է, որ հայ գիտնականների գյուտը բախտորոշ դառնա այս հիվանդությամբ տառապողների համար: Ժաննա Կծոյանի ղեկավարած գիտնականների խումբը հայտնաբերել է հատուկ մանրէների նյութափոխանակության միջոցով առաջացած այն նյութը, որ հայտնվում է միայն այդ հիվանդության ժամանակ: Հենց այդ նյութի կուտակումներն են նոպայի հանգեցնում: Միայն այս հիվանդության դեպքում այդ նյութի հայտնվելու փաստը հաստատվել է Մոսկվայում իրականացված հետազոտություններով:

Աշխատանքները շարունակելու եւ զարգացնելու Ժաննա Կծոյանի ներկայացրած ծրագիրը 360 հազար դոլարանոց ամերիկյան դրամաշնորհ է շահել: Հիվանդության բուժամիջոցը գտնելու հույսն իրական է այնքանով, որ յուրաքանչյուր մանրէ բնության մեջ իր հակամանրէն ունի, որի միջոցով կարելի է ներգործել նրա վրա:

Հայ գիտնականների հետ նաեւ ամերիկացիներ, ռուսներ ու անգլիացիներ են աշխատում: Երեւանյան կամ պարբերական հիվանդությունը մինչ օրս համարվել է գենետիկ հիվանդություն, որ ժառանգաբար կարող է փոխանցվել հաջորդ սերնդին:

Այս ախտը սովորաբար արտահայտվում է որովայնի, կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավերով, որոնք հետո լորձաթաղանթի բորբոքային երեւույթներ են առաջացնում: Հիվանդի համալիր հետազոտությունը, նույնիսկ վիրահատությունները որպես կանոն որեւէ շեղում չեն հայտնաբերում նրա օրգանիզմում:

Հայաստանում հիվանդների տարեկան միջին թվի 15 տոկոսը պարբերական հիվանդությամբ է տառապում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4