«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2005-06-17 | #112, 2005-06-18 | #113, 2005-06-21


ՎՏԱՐՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Հանրապետության նախագահի նստավայրի մոտ երեկվանից սկսվեց Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչների նստացույցը: «Մենքՙ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների եւ Երեւանի այսպես կոչված «իրացման» մյուս գոտիների բնակիչներս, մեր բողոքն ենք հայտնում առ այն, որ կոպտորեն խախտելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան եւ ՀՀ սահմանադրությունը, քողարկվելով «պետական կարիքների» անվան տակ ու գործի դնելով իր ամբողջ ապարատը, Հայաստանի կառավարությունը շարունակում է իրականացնել տոտալիտար ռեժիմներին բնորոշ սեփականազրկությունըՙ մեր պապենական տներից մեզ վտարելով եւ ազատված տարածքները մի խումբ «բիզնեսմենների» տրամադրելով», նշվում է նախագահ Քոչարյանին ուղարկված նամակում, որը երեկ կեսօրին հանձնվել է վերջինիս գրասենյակի նամակների բաժնին: Բնակիչները նախագահին տեղեկացրել են, որ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար դիմել են ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի Ժնեւյան գրասենյակ եւ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան:

Սահմանադրության գլխավոր երաշխավորից բնակիչները պահանջում են «անվավեր ճանաչել ՀՀ կառավարության` անշարժ գույքի օտարման վերաբերյալ ընդունված հակասահմանադրական որոշումները, որոնք հակասում են ՀՀ սահմանադրության 4, 5, 6, 8, 28 եւ կոնվենցիայի թիվ 1 արձանագրության հոդվածներին, քննության ենթարկել Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցապատման ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումները եւ օրենքի սահմաններում պատժել մեղավորներին»: Նստացույցի մասնակիցները համոզված են, որ մայրաքաղաքը երբեւէ չի հպարտանա նույնիսկ ամենաժամանակակից եւ հիասքանչ թաղամասերով, եթե դրանք կառուցվեն քաղաքացիների կյանքի, բարեկեցության, ինչպես նաեւ պատմամշակութային արժեքների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի գնով:

«Մենք անժամկետ նստացույց ենք հայտարարել եւ կշարունակենք այնքան, մինչեւ նախագահ Քոչարյանից ստանանք մեր պահանջների կոնկրետ պատասխանները: Մեր նպատակն այստեղ շատ մարդ հավաքելը չէ, այլ մեր նպատակին հասնելն ու մեր իրավունքները պաշտպանված տեսնելը», ասում են նստացույցին մասնակցող բնակիչները, որոնք ամռան շոգին դիմանալու համար հերթափոխ են սահմանել:

Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներ երեկ առավոտյան առաջին ատյանի դատարանին հանձնել են կառավարության, քաղաքապետարանի եւ ԾԻԳ-ի դեմ հայցադիմումՙ իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջով:

Ի դեպ, Բուզանդի թիվ 11 շենքից վտարված Պապյանների ընտանիքը, որի 200 քմ սեփականության իրավունքի մերժումը 1 ամիս առաջ հաստատվել էր վճռաբեկ դատարանում, դիմել է առաջին ատյանի դատարանՙ սեփականության ճանաչման նոր հայցով: Սեփականության իրավունքից զրկված ընտանիքի 7 անդամները հույս ունեն, որ գոնե այս անգամ դատարանը կճանաչի իրենց 70 տարվա հայրական տան սեփականության իրավունքը եւ դրա դիմաց իրենց կտրվի համապատասխան փոխհատուցում: Ներկա դրությամբ նրանցից յուրաքանչյուրին հատկացված է 2 հազար դոլար:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4