«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐՐԵՐԻՑ ՄԵԿԸ

«Իզվեստիայի» հարցազրույցը Արա Աբրահամյանի հետ

Ռուսաստանի հայերի միության կազմավորումից առաջ ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ռուսաստանի այլ վայրերում գոյություն ունեին հարյուրավոր մանր, անջատ կազմակերպություններ: Դրանք փորձում էին միավորել հայկական համայնքները, որոնք, հատկապես Խորհրդային Միության տրոհումից հետո, դառնում էին ավելի ու ավելի բազմաթիվ եւ հետզհետե առավել լայնորեն էին տարածվում Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում: Սակայն կազմակերպական միասնության եւ հստակ նպատակների բացակայությունն այդ փոքր եւ թույլ կազմակերպված կառույցներին հնարավորություն չէր տալիս զբաղվել հայ բնակչության նոր հատվածները ռուսաստանյան մշակույթին, ռուսական սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքին ինտեգրելու, լեզուն, ազգային ինքնօրինակությունը պահպանելու, հայկական համայնքների համար եկեղեցիներ ու ժամատներ կառուցելու բարդ աշխատանքով: Այդ մասին պատմում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանը:

- Պրն Աբրահամյան, արդեն 5 տարի է անցել Ձեր կազմակերպության ստեղծման օրվանից: Ի՞նչ է հաջողվել անել այդ ժամանակամիջոցում:

- Մեր փոքրիկ հոբելյանը դիմավորում ենք գլուխներս բարձր եւ հսկայական ձեռքբերումներով:

Ռուսաստանի հայերի միության ստեղծումից հետո մեզ հաջողվեց հասնել կազմակերպական խոշոր հաջողությունների: Այսօր մենք մասնաճյուղեր ունենք Ռուսաստանի Դաշնության 70 սուբյեկտներում: Դրանք իրենց հերթին մասնաճյուղեր են ստեղծել շուրջ 240 տարբեր քաղաքներում: Այդ բոլոր կազմակերպություններում մշակութային-լուսավորչական աշխատանք է կատարվում:

Միշտ եւ ամենուրեք չէ, որ այդ գործընթացը հարթ է ընթանում: Բայց անցած տարիներին տարածաշրջաններում մեր մասնաճյուղերն ինչպես կազմակերպչական առումով, այնպես էլ իրենց աշխատանքի բովանդակությամբ զգալիորեն ամրապնդվել են եւ դարձել տարածաշրջանների տնտեսական, սոցիալական, մշակութային, նաեւ քաղաքական կյանքի իրական գործոններ: Ավելինՙ բազմաթիվ շրջաններում դրանք դարձել են Դաշնության տվյալ սուբյեկտների քաղաքացիական հասարակության անքակտելի մասը: Առավել լայն առումով կարելի է ասել, որ Ռուսաստանի հայերի միությունը դարձել է ամբողջ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության կարեւոր տարրերից մեկը:

- Ինչպիսի՞ն են ՌՀՄ-ի հարաբերությունները դաշնային իշխանությունների հետ:

- Մեր կազմակերպության գործունեության հենց սկզբից մենք արժանացանք դաշնային կառույցների եւ հատկապես նախագահի վարչակազմի լիակատար ըմբռնմանը եւ աջակցությանը: Մեր բոլոր համագումարներում եւ խոշոր միջոցառումներում կային նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ, հաճախ նաեւ վարչակազմի ղեկավարը, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարին ներկա էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Մենք պաշտպանում ենք ազգամիջյան հաշտություն ու համաձայնություն ստեղծելու Պուտինի վարչակազմի քաղաքականությունը եւ ջանում ենք ըստ ամենայնի նպաստել այդ գործընթացին: Ավելինՙ մենք իշխանական կառույցների հետ ակտիվիստներ ենք դարձել մշտապես գործող «Կլոր սեղանի» ստեղծման գործում, որը կոչված է տարբեր ազգությունների եւ կրոնական կազմակերպությունների առաջնորդների հետ իշխանությունների երկխոսությանը: Մենք գտնում ենք, որ այսօր ինստիտուցիոնալ ոլորտում անբավարար ակտիվությամբ են ներկայացված ազգային համայնքները: Եվ մենք ջանում ենք ստեղծել երկխոսության արդյունավետ ինստիտուցիոնալ մեխանիզմ: Այդ գործընթացը շարունակվում է, եւ մենք հուսով ենք, որ իշխանությունները մեզ ընդառաջ քայլեր կկատարեն: Համենայն դեպս, ազգային կազմակերպությունների եւ իշխանությունների երկխոսությունն ընթանում է կայուն ռեժիմով:

- Ձեր կազմակերպության մասնաճյուղերն ինչպիսի՞ հարաբերություններ ունեն տարածաշրջանային իշխանությունների հետ:

- Տարածաշրջանային իշխանությունների հետ հարաբերությունները միանշանակ չեն: Սուբյեկտների գերակշիռ մեծամասնությունում մեր շրջանային կազմակերպություններն իրենք են կառուցողական գործարար հարաբերություններ հաստատել տեղական իշխանությունների հետ: Շատ դեպքերում նրանք այդ իշխանությունների ակտիվն են ինչպես ազգամիջյան հաշտության ու համաձայնության ապահովման, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձեւավորման առաջընթացի գործում: Մեր համայնքներն ակտիվորեն ներգրավված են գործարարության մեջ, մշակութային եւ հասարակական կյանքում: Բայց, ցավոք, ունենք խնդրահարույց մի քանի շրջաններ: Օրինակՙ Կրասնոդարի երկրամասը:

Հանուն արդարության պետք է ասել, որ դաշնային իշխանություններին մեր ուղղած դիմումներից հետո շրջանային իշխանությունները մեծ ակտիվություն դրսեւորեցին երկրամասում հայերի եւ կազակների հակամարտությունները վերացնելու նպատակով: Բայց տվյալ խնդիրը մինչեւ վերջ չի լուծված: Ինձ թվում է, այստեղ դեռ շատ բան պետք է անեն մեր շրջանային կազմակերպություններըՙ փոխգործակցելով տարածաշրջանի իշխանությունների հետ, ինչպես նաեւ ՌՀՄ մոսկովյան ղեկավարությունըՙ դաշնային իշխանությունների հետ:

Ընդհանուր առմամբ այսօրվա Ռուսաստանում անչափ բարենպաստ պայմաններ են ստեղծված ռուսաստանյան էթնոմշակութային եւ լեզվական միջավայրին հայ բնակչության ինտեգրման համար:

- Ինչպիսի՞ն է Ձեր կազմակերպության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հարաբերությունների բնույթը:

- Դա չափազանց կարեւոր հարց է: Մեր գործունեության մեջ մենք հենվում ենք ինչպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, այնպես էլ Նոր Նախիջեւանի եւ Ռուսիո թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսի աջակցության վրա: Եզրաս եպիսկոպոսը մեր կողքին է մեր կազմակերպության ստեղծման պահից: Եվ մենք շատ ուրախ ենք, որ համատեղ ջանքերով թույլ չտվեցինք եկեղեցու եւ համայնքի պառակտում: Այսօր եւս Եզրաս եպիսկոպոսի հսկայածավալ անձնվեր գործունեության շնորհիվ մենք ամբողջ Ռուսաստանում տեսնում ենք ՌՀՄ-ի եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու շուրջը համախմբված հայկական համայնքների թե՛ կրոնական եւ թե՛ մշակութային ընդհանրություն: Այնպես որ, մենք աշխատում ենք ձեռք ձեռքի տվածՙ ունենալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը:

- Ինչպե՞ս եք փոխգործակցում Հայաստանի իշխանությունների հետ:

- Ընդհանուր առմամբ ունենք լավ հարաբերություններ: Սակայն, ցավոք, մինչ օրս չի հաջողվել հաստատել փոխգործողության ինստիտուցիոնալ ձեւ: Գուցե դա զգալի չափով կապված է այն պարագայի հետ, որ Հայաստանի պետությունն առհասարակ խուսափում է սփյուռքահայության հետ իր հարաբերությունների պաշտոնականացումից: Պետությունը մի քանի անգամ գումարել է համաշխարհային հայկական համագումարներ, բայց ընդսմին այդպես էլ չեն ձեւավորվել կազմակերպական կառույցներ, որոնց շրջանակներում կհաստատվեին Հայաստան-սփյուռք փոխգործողության կազմակերպական ձեւեր: Սակայն առանձին հարցերի առթիվ մենք մշտական շփումներ ունենք եւ գործակցում ենք Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանիՙ որպես ռուս-հայկական համագործակցության տնտեսական հանձնաժողովի համանախագահի, ՀՀ արտգործնախարարության եւ անձամբ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Բացի դրանից, անցած տարիներին ինչպես ես, այնպես էլ մեր կազմակերպության ակտիվիստները բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետՙ քննարկել Ռուսաստանի հայ համայնքի, Հայաստանի պետության առավել սուր եւ հրատապ խնդիրները, փոխգործողության հնարավորությունները: Կարծում եմ, այստեղ առկա է չիրացված վիթխարի ներուժ եւ, իհարկե, օրակարգում պետք է դրվի այդ հարաբերությունների պաշտոնականացման խնդիրը:

- Պրն Աբրահամյան, հարցազրույցի վերջում չեմ կարող չտալ Ռուսաստանի, աշխարհի, անշուշտ, նաեւ Հայաստանի հասարակայնությանը հուզող իրադարձության հետ կապված մի հարց: Ձեզ ինչպե՞ս հաջողվեց Հասարակածային Գվինեայի բանտից ազատել հայ օդաչուներինՙ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանց դատապարտել էին անչափ ծանր հանցագործությանՙ պետական հեղաշրջման փորձի համար:

- Ես անսահման երջանիկ եմ, որ մենք օդաչուներին ազատագրեցինք մեր կազմակերպության հնգամյակի նախօրեին: Դա համարում եմ նվեր մեր փոքրիկ հոբելյանին, մեր ժողովրդին եւ հասարակայնությանը: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենց կարելին արեցին: Իսկ նրանք իրոք շատ բան արեցին: Հասարակածային Գվինեա մեկնեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, վեց անգամ այնտեղ մեկնեց արտգործնախարարության ներկայացուցիչըՙ մասնակցելով քննության եւ օդաչուների դատավարության տարբեր փուլերին: Բայց չնայած այդ բոլոր ջանքերին, օդաչուները դատապարտվեցին. հրամանատարը 24 տարվա, իսկ անձնակազմի 5 անդամներըՙ 14 տարվա բանտարկության: Ես, անշուշտ, տեղյակ էի այդ դեպքերին: Սակայն, չունենալով Հայաստանի իշխանությունների մանդատը, չէի կարող միջամտել դատից առաջ եւ նույնիսկ դրանից հետո օդաչուների ազատագրման գործին: Եվ միայն մարտի 15-ին, երբ ՀՀ արտգործնախարարն ինձ խնդրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի իմ կապերն օգտագործել Հասարակածային Գվինեայի բանտից 6 հայ օդաչուներին ազատագրելու նպատակով, ես միացա այդ աշխատանքին: Ճիշտ է, խնդրեցի, որ 3 ամիս ոչ ոք չմիջամտի տվյալ գործընթացին, մինչեւ որ ինձ հաջողվի բոլոր կապերս օգտագործելով պարզել, թե հնարավո՞ր է արդյոք ազատագրել նրանց:

Այդ ժամանակամիջոցում ինձ հաջողվեց Հռոմի այժմ հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդին խնդրել, նկատի ունենալով Հասարակածային Գվինեայի բնակչության առավելապես կաթոլիկ դավանանքը, այդ երկրի նախագահին նամակով դիմել օդաչուներին ներում շնորհելու հորդորանքով: Միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կարգավիճակս օգտագործեցի գործընթացին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն պրն Մացուրային մասնակից դարձնելու նպատակով, որը նույնպես իր միջնորդական բոլոր հնարավորություններն օգտագործեց Հասարակածային Գվինեայի իշխանությունների վրա համապատասխան ազդեցություն գործելու համար: Բացի դրանից, իմ խնդրանքով Հասարակածային Գվինեայի իշխանություններին նամակով դիմեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ ամենն անհրաժեշտ էր տվյալ խնդրի լուծման քաղաքական-դիվանագիտական նախադրյալներ ստեղծելու համար: Ես նաեւ մի շարք հանդիպումներ ունեցա Փարիզում եւ Լոնդոնում, որտեղ քննարկվեցին հայ օդաչուների հնարավոր ներման եւ արձակման մանրամասնությունները:

Աշխարհի ղեկավարների եւ միջազգային կառույցների եռանդուն գործողություններն ի վերջո պսակվեցին հաջողությամբ: Նախագահը ներում շնորհեց հայ օդաչուներին, եւ ես Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչներին Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբո գործուղեցի, որպեսզի նրանք Հայաստանի ԱԳՆ ներկայացուցչի հետ համատեղ Հասարակածային Գվինեայի իշխանություններից ընդունեին հայ բանտարկյալներին:

Իհարկե, քաղաքական-դիվանագիտական աշխատանքից բացի գվինեական իշխանությունների հետ բանակցելիս ես ստանձնեցի մի ամբողջ շարք տնտեսական ու ֆինանսական պարտավորություններ, որոնք առնչվում են Ռուսաստանի եւ Հայաստանի հետ Հասարակածային Գվինեայի հարաբերությունների ապագա զարգացմանը: Ես պետք է կատարեմ իմ պարտավորությունները:

Ամեն դեպքում ես երջանիկ եմ: Որքան էլ ծանր լինեն Հասարակածային Գվինեայի իշխանությունների հանդեպ իմ պարտավորությունները, դրանք հարյուրապատիկ հատուցվեցին այդ կալանավորների ընտանիքներին իմ պատճառած ուրախությամբ: Կարծում եմ, դա ՌՀՄ հնգամյա գործունեության արժանավայել եզրափակումն էր եւ դարձավ Հայաստանի պետության եւ հայկական հասարակական կազմակերպության արդյունավետ փոխգործողությունը վկայող առավել վառ էջը, մեր ժողովրդի միասնությունը մարմնավորող կարկառուն գործողություն: Կարծում եմ, այդ իրադարձությունը կխթանի հայերի հետագա միավորումը եւ նրանց վստահություն կներշնչի, որ համատեղ ջանքերով լուծեն իրենց բոլոր խնդիրները:

Տեղեկանք. Արա Արշավիրի Աբրահամյանը ծնվել է Հայաստանում 1957 թ.: Ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ: 1989 թ. նշանակվել է ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության վարչության պետի տեղակալ: 1991 թ. Ռուսաստանի «Էլեկտրոնիկա» պետական կորպորացիայի արտադրակից ձեռնարկություններից մեկիՙ «Կոմեքս» ընկերության գլխավոր տնօրենն էր: 1993 թ. նրա ղեկավարությամբ ստեղծվում է «Սոգլասիե» ՓԲԸ-ն, որի անփոփոխ նախագահն է մինչեւ օրս: 2001 թ. եւ 2003 թ. «Քաղաքականություն» կատեգորիայում ընտրվել է «Տարվա մարդ»: Պարգեւատրված է Բարեկամության շքանշանով, «Մարդու իրավունքների պաշտպանության համար» պատվոնշանով: 2003 թ. մայիսի 29-ին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչման: 2003 թ. հոկտեմբերի 7-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր համագումարում ընտրվել է կոնգրեսի նախագահ: 2004 թ. Արգենտինայի եւ Հարավային Կորեայի կառավարական պարգեւների է արժանացել տնտեսական կապերի զարգացման համար: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

«Իզվեստիա», 17.06.2005


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4