Այսպես էր կոչվում Երեւանի Կամերային երաժշտության տանն անցկացված վոկալ երաժշտության երեկոն, որի ծրագրում ընդգրկված էին աշխարհահռչակ դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Օհան Դուրյանի, ինչպես նաեւ 19-20-րդ դդ. արեւմտաեվրոպական կոմպոզիտորների 17 երգեր: Գոռ Մարկոսյանի հմտորեն վարած երեկոյի ուշագրավ երեւույթն այն էր, որ դաշնամուրի մոտ նստած էր ինքըՙ մաեստրո Դուրյանը: Դրա շնորհիվ ամբողջ համերգի ընթացքում պահպանվեց միասնական ստեղծագործական մթնոլորտըՙ թե՛ Դուրյանի երաժշտությունը, թե՛ ճաշակով նրա ընտրած Ֆերենց Լիստի, Դեոդա դը Սեւեռակի, Ֆրենսիս Պուլենկի եւ Էրիկ Սատիի անհայտ ռոմանսներն ու վոկալ մինիատյուրները (հիմնականում թախծոտ բնույթով եւ մելամաղձոտ տրամադրությամբ) եւ թե՛ գեղարվեստական ընթերցման ընդհանուր ոճը:
Անշուշտ, այդ ամենը մաեստրո Դուրյանի արժանիքն էր, որը իր հովանու ներքո հավաքել էր երիտասարդ երգիչների մի ամբողջ «ծաղկաբույլ»: Դրանք են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի արդեն անուն եւ ճանաչում ձեռք բերած մեներգիչներ Ռուբեն Նուրիջանյանը, Մագդա Մկրտչյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հայտնի մենակատարուհի Իրինա Զաքյանը, վերջապես իրենց կարիերան նոր սկսող Հասմիկ Բաղդասարյանը եւ Վահագն Հովենցը: Բացի դրանից, համերգին մասնակցեցին ֆլեյտահարուհի Մարիամ Մայիլյանը (18-րդ դարի երեք անանուն շանսոններ) եւ մաեստրոյի տիկին Ալիս Շամիրյանը, որն արտահայտիչ կերպով կարդաց հատվածներ Դուրյանի վերջին ստեղծագործությունիցՙ «Հայուհուց», որը նա գրել է Անրի Շենեւիերի (Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի գրական ծածկանունն է) բանաստեղծության հիման վրա:
«Հայուհու» պրեմիերան, ինչպես նաեւ պրն Կյունիի հայերեն շնորհավորանքը բնական իրարանցում առաջացրին: Համերգի ընդհանուր ոճով Դուրյանը գրել էր յուրօրինակ կոմպոզիցիաՙ ռոնդո-շանսոն, որտեղ, ինչպես եւ մյուս ստեղծագործություններում, դաշնամուրը գրական տեքստի անբաժանելի, բայց նրբանկատ ուղեկիցն էր: Համերգի բոլոր մասնակիցները ոգեւորությամբ երգում էին ֆրանսիական ոգով ոճավորված ռոնդո-շանսոնի հանկերգը, մինչդեռ հայուհու կերպարը բացահայտվում էր արտասանված տեքստում: Քնարական եւ թախծոտ կերպար...
Առհասարակ Օհան Դուրյանի վոկալ երաժշտությունը լի է տխրությամբ: Նա սկսել է երաժշտություն գրել դեռ 50-ական թթ., ոգեշնչվելով 19-րդ դարի ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան պոեզիայից: Դուրյան երգահանին ոգեշնչում էին քնարական-ռոմանտիկ, ողբերգական կամ փիլիսոփայական բանաստեղծությունները, որոնց գլխավոր հերոսը հաճախ տառապում է անելանելի մենությունից կամ անպատասխան սիրուց: Պետք է ասել, որ երգիչների հետ կատարված մանրակրկիտ աշխատանքը հանգեցրել է երգահան-դաշնակահարի (Օ. Դուրյանի) եւ կատարող-երգիչների իսկական անսամբլի: Դա կամերային երգեցողություն էր, որտեղ ունկնդիրները կարող էին զմայլվել ոչ միայն Նուրիջանյանի կամ Դեմուրչյանի ձայնի ազատ սլացքով, Զաքյանի, Մկրտչյանի կամ Բաղդասարյանի երգեցողության բանաստեղծական սրտառուչությամբ ու թախծոտությամբ, այլեւՙ բուն պոեզիայով:
Դուրյանը դիմում է Թ. Շտորմի («Ժամանակն անցավ»), Փ. Հեյզեի («Մարդու կյանքը»), Թրեգերի («Երբ դու գտնում ես այն սիրտը») պոեզիայինՙ այս ամենը գերմաներեն բնօրինակով, կամ Պ. Վեռլենի («Սիրտս լաց է լինում») պոեզիայինՙ ֆրանսերենով, ինչպես նաեւ հայ բանաստեղծներ Փ. Թոփալյանին, Գ. Վահանին, Հ. Թումանյանին, Ա. Իսահակյանին, Հ. Շիրազին: Բոլոր դեպքերում խոսքը թելադրել է երաժշտությունը, դրա ձեւն ու ոճաբանությունը: Եթե գերմանական բանաստեղծություններում առկա էր էքսպրեսիոնիստական ոճաբանություն, ֆրանսիականներումՙ իմպրեսիոնիստական, ապա հայկականներում այն աշուղային-իմպրովիզացիոն էր:
Դուրյանի վոկալ երաժշտության արտասանական արտահայտչականությունը հաճախ երգերը մերձեցնում էր բալլադներին, որտեղ պատմությունն արվում է ասես հենց կատարողի անունից: Բայց այդ երաժշտության մեջ գլխավորը բնականությունն ու անմիջականությունն են, որոնք արտացոլում են Օհան Դուրյան մարդու եւ որոշակի չափով Դուրյան դիրիժորի բնավորության գիծըՙ ունկնդիրների սրտերը նվաճող բնականությունը:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր