«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՇՈՒՏ ԱՄՓՈՓԵԼ ԱՊՐՈՒՄՆԵՐՍ»

Վերջերս լույս են տեսել իրավաբան-երգիծաբան Գրիգոր Մելիք-Սարգսյանի հերթականՙ «Ուստա Սանոյի արկածները», «Գիժ Համլետի կյանքն ու վախճանը», «Հիմարության եւ խենթության անթոլոգիա» երգիծական գրքերը:

Գրիգոր Մելիք-Սարգսյանը, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի գրողների միության անդամ է, երգիծանքի գծով «Ոզնու» դափնեկիր եւ ունի մի շարք այլ կոչումներ, իր գրական-ստեղծագործական գործունեությունը սկսել է 1997 թ-իցՙ «Համբարձում» գրքով: Եվ այս ժամանակահատվածում իրավաբան-երգիծաբանն արդեն հասցրել է հեղինակել մոտ 15 ստեղծագործություն, որոնցում կան եւ իրավական թեմաներով գրված գրքեր («Հանցագործության լաբիրինթոսում», «Հանցավոր աշխարհի ուրվապատկերը»), եւ զուտ երգիծական մանրապատումներ («Ծիծաղացավ», «Զվարճալիք», «Հիմարության շքահանդես» եւ այլն): Իրավաբանի մասնագիտության իմացությունների եւ նրբանկատ հումորի համադրմամբ ստեղծագործող Մելիք-Սարգսյանի թե բանաստեղծությունների, թե հումորային գործերի եւ թե իրավաբանական վերլուծությունների հենքը երգիծանքն է:

Ինչ է գրելը, ստեղծագործելը իրավաբանի համար մեր հարցին հեղինակը պատասխանեց. «Գրելը պահանջ է, շտապողականություն, ուզում եմ շուտ ամփոփել ապրումներս»: Իսկ ապրումները բավական շատ են, քանի որ նրբազգացությամբ օժտված լինելը օգնում է նկատել անգամ ամենասովորական դեպքերն ու մարդկանց: Օրինակ, վերջին գրքերից «Գիժ Համլետի կյանքն ու վախճանը» գրքում հերոսը կյանքում հանդիպող ամենասովորական գժերից մեկիՙ Համլետի մասին է, որն անպատասխան սիրուց ավելի է գժվում եւ նահատակվում: Իսկ «Հիմարության եւ խենթության անթոլոգիա» գրքում հեղինակն ընդգծում եւ վերլուծում է այն գաղափարը, որ տիեզերքը, աշխարհը եւ այդ նույն աշխարհի մեծերը, հանճարները հիմարներ են եւ խենթ: «Խեղկատակից մինչեւ հանճարը եղած տարածությունը եւ շատ խենթեր են համարվել հանճար, իսկ խենթությունըՙ հանճարեղություն», նշում է հեղինակը եւ ապա ավելացնում. «պատահական չէ, որ խենթերի ու գժերի զգալի մասը հավատացած է, որ իրենցից ամեն մեկը մի Նապոլեոն է, իսկ իրենց այդպիսիք չհամարողները այդ հանճարի անվամբ են կոչում ինչ-որ բազմաշերտ մի խմորեղեն եւ մի կոնյակի տարատեսակ»:

Գրիգոր Մելիք-Սարգսյանի մասին խոսելիս անհնար է չնշել նրա մի շատ աստվածահաճո արարքի մասին, երբ 1996 թ. նա ընկերոջ հետ նախաձեռնում է Ավանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու կառուցումը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4