«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


«ՈՍԿԵ» ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Երկու փուլով անցկացվող ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում արդեն հայտնի են այն հինգ թիմերը, որոնք ապահովել են իրենց տեղը լավագույն վեցյակում, ինչը նրանց հնարավորություն կընձեռի շարունակելու պայքարը մրցանակային տեղերի համար: Այդ թիմերի մրցավեճում խաղարկվում են այսպես կոչված «ոսկե» միավորներ: Նման հանդիպումների շարքին էր դասվում նաեւ «Բանանց»-«Կիլիկիա» մրցավեճը: «Բանանցը» վերջին շրջանում կորցրել է մարտունակությունը, ինչը ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մեկնարկին չի կարող չանհանգստացնել: Ակումբի ղեկավարությունը հերթական անգամ մարզչական փոփոխությունների է դիմել: Թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանն այսուհետ զբաղեցնում է ակումբի փոխնախագահի պաշտոնը, իսկ գլխավոր մարզչի պարտականույթունները դրվել են Աշոտ Բարսեղյանի վրա: Ի տարբերություն «Բանանցի», «Կիլիկիան» վերջին հանդիպումները վերելքով է անցկացնումՙ աչքի ընկնելով արդյունավետ խաղով: Իրենց տարերքի մեջ են մտել հատկապես Էրզրումյան եղբայրները: Թվում էր, թե «Բանանցի» հետ խաղում էլ «Կիլիկիան» հաջող հանդես կգա: Սակայն այս անգամ դա «Կիլիկիային» չհաջողվեց: Արդեն 19-րդ րոպեին Տիգրան Ղարաբաղցյանը, որ առաջին խմբի լավագույն ռմբարկուն է, բացեց հաշիվը: 50-րդ րոպեին Արամ Հակոբյանը կրկնապատկեց հաշիվըՙ խփելով պաշտոնական մրցումներում իր 95-րդ գնդակը: 5 րոպե անց նա կարող էր նաեւ 3-րդ գոլը խփել, երբ մեն-մենակ դուրս եկավ «Կիլիկիայի» դարպասապահ Արմեն Կիրակոսյանի դեմ: Վերջինս ընդառաջ դուրս գալով հարձակվողին, տուգանային հրապարակից դուրս վայր գցեց նրան, որի համար հեռացվեց դաշտից: Մնալով 10 հոգով, «Կիլիկիան» այդպես էլ չկարողացավ գտնել մրցակցի դարպասի բանալին:

Վերջին հանդիպումներում արդյունավետ խաղով աչքի է ընկնում նաեւ «Էսթեղլալ-Կոտայք»: Այս թիմում էլ օրերս մարզչական կազմում փոփոխություններ են տեղի ունեցել: Իրանՙ մարզչական աշխատանքի են մեկնել ավագ մարզիչ Գեւորգ Քամալյանն ու մարզչական խորհրդի նախագահ Վարուժան Սուքիասյանը, իսկ թիմի ղեկը ստանձնել է «Վաղարշապատի» այժմ արդեն նախկին մարզիչ Արսեն Չիլինգարյանը: Երեկ «Էսթեղլալ-Կոտայքը» հյուրընկալել էր «Միկային»: Հանդիպումն անցավ «Միկայի» ֆուտբոլիստների զգալի առավելությամբ: Հատկապես երկրորդ խաղակեսում հյուրերը մի քանի անգամ կարող էին գրավել մրցակցի դարպասը: Սակայն գոլային պահերը չկարողացան իրացնել Արտյոմ Ադամյանը, Արմեն Շահգելդյանը, Արտաշես Ադամյանը: Գոլային ամենառեալ պահը ստեղծվեց 78-րդ րոպեին, երբ Մելոյանը նուրբ փոխանցումով հարվածի դուրս բերեց Շեւչենկոյին, բայց վերջինս մոտ տարածությունից վրիպեց: Այդպես էլ դարպասները մնացին անառիկ:

Գյումրիում «Շիրակը» հյուրընկալել էր երկրի չեմպիոն «Փյունիկին»: Այդ խաղում էլ գոլ չգրանցվեց: Այսօր «Հրազդանում» կայանալիք «Լեռնային Արցախ»-«Դինամո-Զենիթ» հանդիպումով կավարտվի առաջնության 11-րդ տուրը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ972019-523
2. Բանանց861112-819
3. Միկա953113-618
4. Էսթ.-Կոտայք1045116-817
5. Կիլիկիա933315-1212
6. Շիրակ1022612-228
7. Դին.-Զենիթ91358-136
8. Լ. Արցախ920713-206
9. Լեռնագործ91173-174

Ռմբարկուները

Նշան Էրզրումյան«Կիլիկիա»6
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»5
Արտյոմ Ադամյան«Միկա»5
Սամվել Պետրոսյան«Է.-Կոտայք»5

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4