Ըմբշամարտի միջազգային մրցումներում հաջող մրցելույթներ ունեցան մեր մարզիկները: Դաղստանի Խասավ Յուրտ քաղաքում անցկացված մրցաշարում, որին մասնակցում էին 13 երկրների հավաքականներ, Մարտին Բերբերյանը 60 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե մեդալի: 66 կգ քաշայինների մրցավեճում Ժիրայր Հովհաննիսյանը 3-րդն էր:
Մեր ըմբիշները մրցանակային տեղեր գրավեցին նաեւ Թբիլիսիում ավարտված միջազգային մրցումներում: Հունահռոմեական ոճի ըմբիշներից առավել հաջողը գյումրեցի Վահրամ Հունանյանի (66 կգ) ելույթն էր: Նա գետնելով իր բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Արման Գեղամյանն էլ (84 կգ) հասավ մինչեւ եզրափակիչ, սակայն վճռորոշ գոտեմարտը տանուլ տվեց եւ բավարարվեց 2-րդ տեղով: Մրցանակային 3-րդ տեղեր զբաղեցրին Վարուժան Բաղումյանը (55 կգ), Կարեն Մնացականյանը (60 կգ) եւ Ռոբերտ Պետրոսյանը (96 կգ): Ազատ ոճայինների մրցավեճին մասնակցած չորս հայ ըմբիշներից երկուսը դարձան 3-րդ մրցանակակիրներ: Հաջող հանդես եկան 55 կգ քաշայիններ Վահան Սիմոնյանն ու Գեղամ Բաբախանյանը: