Մերձմոսկովյան տարբեր քաղաքներում 14 մրցաձեւերից անցկացվող ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների պատանեկան միջազգային խաղերում հաջող մրցելույթներ են ունենում Հայաստանի պատվիրակները:
Պուշկինոյում իրենց մրցավեճն ավարտեցին հրաձիգները: Մրցասպարեզ մտած 217 մասնակիցները մրցեցին 7 մրցաձեւում: Հայաստանը ներկայացված էր 2 մարզիկով, որոնք զբաղեցրին 14-րդ տեղը: Անի Առաքելյանը օդամղիչ հրացանով 10 մ-ից 60 կրակոցով խոցեց 582 նիշ եւ 28 մասնակիցների մեջ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում օդամղիչ ատրճանակից Անդրանիկ Փիլոսյանը 30 մասնակիցների մեջ ցույց տվեց 14-րդ արդյունքը (560 միավոր):
Դմիտրով քաղաքում 3 հայ սամբիստներից լավագույն արդյունքի հասավ Վահան Վարդանյանը (52 կգ), որը գրավեց 3-րդ տեղը: Մեդալների արժանացան նաեւ մեր ազատ ոճային ըմբիշները: Գառնեցի Արմեն Մուրադյանը (50 կգ) եւ վանաձորցի Արման Ղումաշյանը (66 կգ) դարձան երրորդ մրցանակակիրներ: Իրենց մրցավեճն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցավայր են մեկնել նաեւ մեր ձյուդոիստները: