«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

Քիշնեւում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի առաջնության վերջնագծում պայքարը մրցանակային տեղերի համար բավական սրվել է: 9-րդ տուրում չափազանց կարեւոր հաղթանակ տոնեց Լիլիթ Մկրտչյանըՙ պարտության մատնելով Նանա Ձագնիձեին: Այդ հաջողության շնորհիվ Լիլիթը մրցախաղի ավարտից 3 տուր առաջ վաստակեց 6,5 միավոր եւ այժմ միանձնյա առաջատարներ Ելենա Զայացից ու Նադեժդա Կոսինցեւայից ընդամենը կես միավորով է ետ մնում: Ճիշտ է, 6,5 միավոր ունեն եւս 9 շախմատիստուհիներ: Առաջատարների խմբում է նաեւ Էլինա Դանիելյանը (6 միավոր): Նա ոչ-ոքի խաղաց Սիլվիա Գոլասի հետ: Հաջող էր Լիլիթ Գալոյանի ելույթը: Նա պարտության մատնելով գրոսմայստեր Աննա Մուզիչուկին, վաստակեց 5 միավոր: Իսկ ահա Սիրանուշ Անդրեասյանը սպիտակներով պարտվեց Ելենա Սեդինային եւ առայժմ ունի 4 միավոր:

9-րդ տուրում ուշադրության կենտրոնում հատկապես առաջատարների մասնակցությամբ հանդիպումներն էին: Միանձնյա առաջատար Ելենա Զայացը ոչ-ոքի խաղաց Կատերինա Լախնոյի հետ: Դա հնարավորություն տվեց Նադեժդա Կոսինցեւային միավորներով հավասարվել առաջատարինՙ շնորհիվ Քեթինո Կախիանիի նկատմամբ տարած հաղթանակի:

10-րդ տուրում առաջատարները մրցելու են միմյանց հետ: Սպիտակներով խաղալու է Ելենա Զայացը: Անշուշտ, այդ պարտիան վճռորոշ նշանակություն կունենա: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով խաղալու է միջազգային վարպետ Վիկտորիա Ցմիլիտեի հետ, որը եւս 6,5 միավոր ունի: Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի միջազգային վարպետ Նատալյա Գրիգորենկոյի հետ, որը 6 միավոր է վաստակել: Գալոյանն ու Անդրեասյանը կմրցեն համապատասխանաբար Մատնաձեի եւ Պարտացի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4