«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵՑ

Վարշավայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրն անհաջող էր առաջատարների շարքում գտնվող Անաստասյանի եւ Մինասյանի համար: Երկուսն էլ սեւերով պարտվեցինՙ զիջելով համապատասխանաբար Սերգեյ Կարյակինին ու Ալեքսեյ Դրեեւին: Այս անհաջողությունը զգալիորեն վատացրեց նրանց մրցաշարային իրավիճակը: Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Լեւոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը (2,5-ական միավոր): Երկուսն էլ հաղթանակներ տարան համապատասխանաբար Ալեքսեյ Կոռնեւի եւ Պյոտր Բոբրասի նկատմամբ:

2-ական միավոր ունեն Անաստասյանը, Մինասյանը, Սարգսյանը, Լպուտյանն ու Մովսիսյանը: Վերջին երկուսը 3-րդ տուրում իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին: Լպուտյանը պարտության մատնեց Ուրբան Կլաուդիուզին, Մովսիսյանը հաղթեց Արտյոմ Իլյինին: Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Մերաբ Գագունաշվիլու հետ: Խաղաղ դաշն կնքեց նաեւ Տիգրան Պետրոսյանըՙ միավորը բաժանելով Միլոշ Պավլովիչի հետ: Տիգրանը վաստակել է 1,5 միավոր: Մեկական միավոր ունեն Լեւոն Բաբուջյանը եւ Տիգրան Նալբանդյանը: Բաբուջյանը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեցՙ զիջելով Թոմի Նիբակին, իսկ Նալբանդյանը ոչ-ոքի խաղաց Մարիո Լանզանիի հետ:

Եթե առաջին երկու տուրերից հետո 21 շախմատիստ էր ընթանում առանց միավորի կորստի, ապա 3-րդ տուրից հետո նրանց թիվը կրճատվեց եւ հասավ 7-ի: 3-ական միավորով առաջատարներն են Վադիմ Միլովը, Պավել Սմիռնովը, Ալեքսեյ Դրեեւը, Շահրիար Մամեդյարովը, Արկադի Նայդիչը, Միխալ Կրասենկովը եւ Սերգեյ Կարյակինը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4