«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


ԾԻՐԱՆ ԵՎ ԽԱՂՈՂ

Նախանցյալ շաբաթ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում ծիրանենիների տերեւներն անսպասելիորեն ծակծկվեցին, իսկ պտուղները տերեւների հետ կծկվեցին, սեւացան ու թափվեցին, մտահոգ պատմում էին համագյուղացիներն ու ավելացնում, որ ոչ անձրեւ, ոչ կարկուտ էր եկել ոչ էլ արեւն էր կիզիչ... Պատճառները պարզելու համար այցելեցի Մերձավանի խաղողապտղագինեգործական կենտրոն (նախկինումՙ գիտահետազոտական ինստիտուտ) ու զրուցեցի գյուղատնտեսության գիտությունների թեկնածու Վաղարշակ Հայրապետյանի հետ: «Այս տարի ե՛ւ ծիրանի, ե՛ւ կորիզավոր պտուղների չորացումների մասին ահազանգեր եղել են, դա հետեւանք է հիվանդություններիՙ ծակոտկեն բծավորություն, մոներյալ այրվածք: Երկու հիվանդություններն էլ սնկային են, որոնց դեմ պայքարի բուժումներ պիտի արվեն դեռ աշնանը: Շատ տնտեսություններ եւ այգեգործներ անտեսել են այդ երեւույթը եւ գարնանը սրսկումներ չկատարած այգիներում բռնկվել են այդ երկու հիվանդությունները: Ուստի խորհուրդ է տրվում բոլոր կորիզավոր պտուղներն աշնանը եւ վաղ գարնանը, որոնց վրա ի հայտ են եկել այդ հիվանդությունները, սրսկել բորդոյան հեղուկ (2-3 տոկոս լուծույթ): Այն տնտեսություններում, որոնք ժամանակին կատարել են սրսկումները, գրեթե բացակայում են այդ հիվանդությունները: Իսկ հիվանդության հարուցիչները ոչնչացնելու համար անհրաժեշտ է տոպազ բուժանյութի 0,06 տոկոսանոց լուծույթ, որը նաեւ կանխում է հիվանդությունների տարածումը: Գերազանց արդյունք է տալիս նաեւ պղնձի քլորօքսիդի 0,6 տոկոսանոց լուծույթը, խորհուրդ տվեց մասնագետը եւ նշեց, որ այս տարի նախորդ երեք տարիների համեմատ սպասվում է բարձր բերք Արարատյան հարթավայրում եւ նախալեռնային գոտիներում: Նախկինում գիտահետազոտական ինստիտուտն ունեցել է մինչեւ 60 սորտի կոլեկցիոն այգի, որն այժմ չկա, բայց աշխատանքներ են տարվում կրկին հավաքելու սորտերը ե՛ւ գենոֆոնդը պահպանելու համար:

Խաղողի որթերը սրսկելիս ճիշտ ընտրեք բուժանյութերը

Երբ զրուցում էի գիտական կենտրոնի գիտնականների հետ, Արեւշատ գյուղից ահազանգ ստացվեց, որ խաղողի տերեւները կծկվել են, բերքը չորացել է: Օգտվելով առիթից, գիտկենտրոնի առաջատար գիտաշխատող, գյուղատնտեսական գիտ. թեկնածու Դերենիկ Սաֆարյանի հետ այցելեցինք Արեւշատ գյուղ: Փորձառու գիտնականը տեղում ուսումնասիրություններ անցկացնելուց հետո պարզաբանեց, որ. «Բույսի վերին մասի տերեւները բավականին ձեւափոխված են, աճը կանգնած է շիվի գագաթնային մասում: Հետաքրքրական է, որ խաղողի շիվերը տերեւածոցում ունեն բողբոջ (գալիք տարվա համար) եւ այդ բողբոջի կողքին կա երկրորդ կարգի բջջաշիվ, որը չի վնասվել ու եթե դրանից վերեւ եղած մասը ծերատվի, վազը հնարավոր է փրկել համապատասխան բուժանյութեր սրսկելուց հետո: Գիտնականը պնդեց, որ քիմիական նյութի ներգործությունն է վնաս հասցրել բույսին: Խաղողի վազը երկու սրսկում պետք է ստանար եւ այժմ էլ երրորդը պետք է արվի, իսկ մյուս երկու սրսկումները կախված կլինեն եղանակային պայմաններից: Այս դեպքը ցույց է տալիս, որ այգեգործները մասնագիտական խորհրդատվության գործնական ցուցումների կարիք ունեն»: Վնասված խաղողի այգիները սրսկել էին Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի թունանյութերի խանութից գնված կուպրոզան եւ բայլետոն նյութերովՙ սրվակներով: Սրվակները հաճախ լցնում են մասնավոր անձինքՙ իրենց տներում, պարզաբանում էր պրն Սաֆարյանը, հաճախ դրանց մեջ խախտվում են չափաքանակները, կամ էլ վաճառողի սխալ ցուցումով գնում են թունանյութ, որը խաղողի վազի համար նախատեսված չէ, ու վազի նուրբ մասերը այրվում են երրորդ նյութի առկայությունիցՙ բուժվելու փոխարեն: Ցավալի է, որ մեր հանրապետություն հերբեցիտներ են ներկրում անհատներ ու առանց համապատասխան լաբորատոր ստուգման, վաճառում ենՙ վնասելով բույսերին: Սա հարցերի հարցն է, որը լուրջ ուշադրության կարիք ունի եւ վերահսկողության պետք է ենթարկվի ամեն մի վաճառվող բուժանյութ:

Կենտրոնը հոգածության կարիք ունի

«ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մերձավանի խաղողապտղագինեգործության կենտրոնն այսօր լուրջ դժվարություններ ունի, մեր զրույցի ժամանակ պատմում էին կենտրոնի տնօրեն Ֆիրդուսի Հարությունյանն ու գիտական գծով փոխտնօրեն (1986 թ.) Լեւոն Ղազարյանը: 1927 թ. հիմնադրված ինստիտուտը մեծ համբավ ու հեղինակություն է ունեցել: Խորհրդային տարիներին հիմնվել են արդյունաբերական այգիներ, մինչեւ 37 հազար հեկտար խաղողի այգիներ, ամեն տարի շուրջ 180 հազար տոննա խաղող էր մթերվում միայն գինեգործության եւ կոնյակագործության համար: Սակայն հետխորհրդային շրջանում տարերայնորեն խաղողի այգիները քանդվեցին, պատմում էր պրն Ղազարյանը, մնաց միայն 7-8 հազար հա այգի, որն էլ իր ազդեցությունն ունեցավ ինստիտուտի գործունեության վրա: Եթե այդ տարիներին ինստիտուտում աշխատում էին շուրջ 200 գիտաշխատող, 17 դոկտոր, 3 ակադեմիկոս, այժմ գիտական կենտրոնում մնացել են նվիրյալ 50 գիտաշխատողներ, որոնց միջին տարիքը 70 եւ ավելի է, նրանց աշխատավարձը չի գերազանցում 18-20 հազար դրամը»: Այժմ, երբ գինեգործությունը, խաղողագործությունը զարգացման ուղի են մտել, շատ կարեւոր անելիքներ ունի գիտական կենտրոնը, նյութական աջակցությունը շատ հարցերի պատասխաններ կլուծի: ՀՀ վարչապետի կարգադրությամբ գիտական հիմնարկների գիտության թեկնածուներին եւ դոկտորներին հունվարից պետք է վճարեն 5000-ական եւ 10000-ական դրամ հավելավճար, որն առ այսօր չի ստացվել: «Այսօր երիտասարդ կադրերը 15 հազար դրամով չեն գալիս մեզ մոտ աշխատելու, եթե տարին մեկ ասպիրանտ է գալիս, այն էլ բանակից ազատվելու համար, ավարտելուց հետո գնում է բարձր վարձատրվող աշխատանքի: Չկան փոխարինողներ, տասնամյակների ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքները մնում են գիտական կենտրոնի պատերի ներսում... Այսօր կենտրոնի հիմնական խնդիրն էՙ ստանալ ցրտադիմացկուն նոր սորտեր, որպեսզի այգեգործներն ստիպված չլինեն աշնանը խաղողի վազերը թաղել, որը շատ աշխատատար ու թանկ է եւ ազդում է խաղողի ինքնարժեքի վրա: Հենց այդ դժվարին հարցը լուծելու համար տարիներ առաջ կենտրոնի ակադեմիկոս Սուրեն Պողոսյանը ձեռնարկեց նոր սորտերի ստեղծման աշխատանքները, որոնք որակական բարձր ցուցանիշից զատ ցրտադիմացկուն էին, նաեւ չեն թաղվում, սնկային հիվանդությունների դեմ էլ բուժման կարիք չեն զգում...

Հաջորդ կարեւոր խնդիրն է ստանալ որակական բարձր ցուցանիշներով պտղատուների սորտեր, ապահովելով տարեկան միջին բերքատվությունը: Գիտական կենտրոնի հիմնական նպատակն է օգնել ֆերմերներին ստանալու բարձր բերք: Հենց այս երկու ճյուղերըՙ խաղողագործությունը եւ պտղաբուծությունը գյուղատնտեսությունում ամենաեկամտաբերն են եւ քիչ ծախսեր են պահանջում»:

Զարմանալի է, որ նման կարեւոր գիտական միակ կենտրոնը մինչեւ 2000 թ. կուտակված հարկերի պատճառով այսօր կանգնել էր կործանման եզրին... 15 միլիոն հողի վարձ է կուտակվել: Ճգնաժամի տարիներին ինստիտուտի հողատարածքում ջրի վարձի (որը պոմպով անգամ չի հասել իր դիրքի պատճառով), էլեկտրաէներգիայի 5 միլիոն պարտքի պատճառով անգամ դատարան են կանչվել...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4