Այս խնդիրը չի ներառվում նաեւ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագծում
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այսօր մայրաքաղաքի գրեթե բոլոր դեղատներում վաճառվում են կենսաբանական ակտիվ միացություններ պարունակող սննդային հավելումներ: Սրանք համեմատաբար նոր երեւույթ են մեր կենցաղում:
Դրանց մեծ մասը բուսական ծագում ունի, պարունակում են միկրոտարրեր, որոնցով պայմանավորված է ազդեցության ակտիվությունը: Ի տարբերություն, օրինակ, մրգահյութերում պարունակվող վիտամինների, որոնց փոքր քանակությունները ընդամենը վառելիք են օրգանիզմի համար, սննդային կենսահավելումների մեջ ակտիվ նյութերի մեծ քանակն անպայման ազդում է օրգանիզմի կենսագործունեության վրա: Ինչպես բուսական կամ ընդհանրապես բնական ծագման դեղամիջոցների պարագայում, սննդային կենսահավելումները եւս հանձնարարվում են երկարատեւ օգտագործման համար` մեծ մասամբ խրոնիկական հոդացավերի, հիպերտոնիայի, սրտանոթային հիվանդությունների, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար: Առաջարկվում է օգտագործել նաեւ նիհարելու եւ բարեկազմ արտաքին ձեռք բերելու համար: Վիտրում, գինկոկարդիո, սինյոր սպեքտրում, ատերոկլեֆիտ, անանասի էքստրակտ եւ այլն, էլի տասնյակ այսպիսի անուններով կենսահավելումներով լցված են մեր դեղատները:
Դեղերին կասկածամտությամբ վերաբերվող հիվանդները հատկապես հեշտությամբ գայթակղվում են նորույթով: Դրանք իրավ կարող են նպաստել այս կամ այն հիվանդության բուժմանը, համապատասխան դրական փոփոխություններ առաջացնել այս կամ այն օրգան-համակարգում: Այսինքն, այս իմաստով, չեն տարբերվում դեղամիջոցներից: Առավել եւս եթե դրանց պիտակներին ցուցում-հանձնարարականներ կան այս կամ այն հիվանդության բուժման վերաբերյալ: Բայց եթե դեղերի վերահսկողությունը պետական մակարդակի խնդիր է, ապա սննդային կենսահավելումները դուրս են ամեն տեսակ հսկողությունից: Իրողությունն անմիջականորեն բխում է արտադրողի շահերից եւ ուղղակիորեն հարվածում է սպառողի շահերին: Վաճառվող ամենաբազմազան տեսականին ոչ սերտիֆիկացվում, ոչ լաբորատոր հետազոտությունների, ոչ փորձաքննության է ենթարկվում: Այնուամենայնիվ, մեծ մասն ակտիվորեն գովազդվում ու քարոզվում է, թե դեղեր չեն, թե անվնաս են եւ այլն:
Այսօր ողջ աշխարհում դեղամիջոցների կեղծումը գլոբալ հիմնախնդիր է, եւ բացառված չէ, որ վերջին տարիներին Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում լայնորեն կիրառվող սննդային կենսահավելումները եւս կեղծվեն:
Դեղգործակալությունում, օրինակ, անցած տարիներին նմանօրինակ պատրաստուկների ստուգումների ժամանակ դրանց բաղադրության մեջ հայտնաբերվել են թույլատրելի չափաքանակները գերազանցող նյութեր: Իսկ դա նշանակում է, որ միանգամայն հնարավոր է այս կամ այն օրգան-համակարգի վրա նրանց բացասական ներգործությունը:
Առողջապահության նախարարությունը չի վերահսկում այս հավելումների ներկրումը: Բայց դա ոչ թե ցանկության, այլ օրենքի անկատարության խնդիր է: Օրենսդրորեն որեւէ կերպ չի կարգավորվում այն միջավայրը, որում հայտնվել են սննդային կենսահավելումները: Երբ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանից հետաքրքրվեցինք, թե ինչու դեղերի նման չեն վերահսկվում, գրանցվում կամ սերտիֆիկացվում սրանք, նա պարզապես ասաց, որ դեղատներում վաճառվող ամեն ինչը իրենք չեն կարող վերահսկել: Որ եթե այդպես վարվեին, դեղատներում վաճառվող անձեռոցիկներն էլ պիտի վերահսկեին:
Մյուս կողմից ստանդարտների ազգային ինստիտուտում եւս սննդային կենսահավելումները չեն սերտիֆիկացվում, հավանաբար, նկատի առնելով դրանց դեղաբանական ներգործությունը: Դրանք չկան սերտիֆիկացվող ապրանքների ցանկում: Ինստիտուտի ոչ պարենային ապրանքների բաժնի պետ Արտակ Շահբազյանը եւս համոզված է, որ սննդային կենսահավելումների վերահսկողությունը պիտի կարգավորվի օրենքով:
Դեղերի մասին օրենքի նախագծում այս խնդիրը կա, բայց նախագծից հանելու առաջարկներ են արվում: Ժամանակին «Վիժն» անունով հայտնի ֆիրմային այսօր ավելացել են տասնյակները, որոնք սննդային հավելումների բիզնեսով են զբաղված: «Տյան-շին», օրինակ, գրանցված ֆիրմա է, բայց նրա ներմուծումները դեղգործակալության կամ այլ համակարգի ստուգումներ չեն անցնում: Ինչպես այս ֆիրման, այնպես էլ շատերը, որոնք նաեւ գրասենյակներ ունեն այստեղ, գործում են միջնորդների` դիլերների միջոցով: Դրանք պատահական մարդիկ են, հացթուխից ու վարորդից մինչեւ ուսուցիչ կամ այլք: Նրանք քարոզում են ֆիրմայի արտադրանքը, առանց մասնագիտական նվազագույն պատրաստվածության ու գիտելիքների:
Իբրեւ եվրոպական արժեքներին ձգտող երկիր մենք դեմ ենք բյուրոկրատիզմի ամեն տեսակ արտահայտության: Սակայն դեղերի նման, սննդային հավելումների հսկողությունը այն միակ ոլորտն է, որի դեպքում կարելի է արդարացնել բյուրոկրատական բծախնդրությունը:
Ի վերջո, ահաբեկչությունների դարում սննդային կենսահավելումները հեշտությամբ կարող են դառնալ կենսաահաբեկչության միջոց: Վերահսկողությունը խիստ թույլ է դեղերի պարագայում, ուր մնաց սննդային կենսահավելումների: