«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2005-06-18 | #113, 2005-06-21 | #114, 2005-06-22


«ԳԵՂԵՑԻԿ Է ԵՐԵՎԱՆԸ ՆԱՄԱՆԱՎԱՆԴ ԳԻՇԵՐՈՎ»

Երբ մտապատկերում վառ են ցերեկվա պատկերները

Հայոց մայրաքաղաք Երեւանն իր գոյությունը հազարամյակներով է հաշվում: Հազարամյակներով են հաշվվում նաեւ նույն քաղաքի կենցաղավարության խնդիրները: Մի թեթեւ հայացք քաղաքի ոչ վաղ անցյալի պատմությանը, եւ ակնհայտ է դառնում, որ խնդիրների պատճառն ամենեւին էլ կենցաղավարության մշակույթի պակասը չէ: Տպավորություն է ստեղծվում, թե բոլոր ժամանակներում եւ բոլոր իշխանություններն անսպառ ուժ ու եռանդ են ներդրել այդքան չարչրկված խնդրի լուծման համար, սակայն այդպես էլ ցանկալի արդյունքի չեն հասել: Ճիշտ է, վերջին շրջանում կենցաղային աղբահանությունն ավելի կազմակերպված է, սակայն մտահոգիչ է դիտարժան փողոցների տեսքի աղճատումը: Բարեկամության հրապարակից մինչեւ նույնանուն կամուրջ երկու կողմից փողոցը (Արաբկիր համայնք) գոտեւորված է ցեմենտբետոնե հիմնավոր սարքված աղբամաններով: Դրանք ավելի նկատելի են, քան ծառերը կամ փողոցը եզրավորող քարակերտ ու զարդանախշված շենքերը: Ի դեպ, աղբը դատարկելու համար հարկավոր է կանգնել երթեւեկելի հատվածում: Սա հարմարեցված է աղբատար մեքենայի աշխատանքին: Ու որքան էլ անընդունելի, սակայն չարյաց փոքրագույնն է: Սասունցի Դավթի փողոցում (Էրեբունի համայնք), որը հարակից է կայարանամերձ հրապարակին, աղբամանները, բարեբախտաբար, հիմնավոր չեն, թիթեղյա են եւ ամրակայված չեն: Փոխարենը տեղադրված են երթեւեկելի մասումՙ թիվ 6 դպրոցի դիմաց: Այդ խեղճուկրակ երկու աղբամանը մշտապես ծածկված են աղբակույտով ու շրջապատված թափառական շների պրպտող խմբով: Պատճառն անկանոն աղբահանությունը չէ: Պարզապես այդ երկու աղբամանները մոտակա առնվազն չորս շենքերի եւ մասնավոր տներով երկու փողոցների բնակիչների համար են նախատեսված: Որպես Երեւանի հարատեւ «հմայք» չմանրամասնենք փողոցային առեւտրի խնդիրները, հատկապես որ այդ կարգի հմայքների տեսականին անցանկալիության աստիճան լայն է: Իսկ նշյալ հարցն էլ հաջորդաբար քաղաքապետների մշտական ուշադրությանն է արժանանում:

Քաղաքի տեսարանները ճնշող գովազդային վահանակները արդեն վաղուց Երեւանում օտարություն չեն քաշում, բայց հաստատ չափից շատ են, պատկանելությունն էլ անհայտ: Դրանք կենտրոնում մշտապես «բնակեցված են» հայտնի¬անհայտ օտար դեմքերով, ովքեր մահկանացուներիս հիմնականում կոչ են անում գիտենալ ավելին: Մինչդեռ կենտրոնից քիչ այն կողմ վահանակների տխուր անգործությունն ապացուցում է դրանց ավելցուկը: Սա էլ դրական կետ է պարունակում: Առանց այդ վահանակների գովազդային լուսա եւ այլ պաստառների լիովին անտեսանելի կդառնային Երեւանի վարդագույնն ու հին ճարտարապետության պահպանված փշրանքները: Հիմա գոնե մասամբ տեսանելի են, ու հնարավոր է զբոսնելիս զգալ Երեւանի գողտրիկությունը: Բայց խիստ հավանական է գողտրիկության որեւէ դրսեւորմամբ տարված, փողոցի ամենաանհարմար մասում սրճարանի ամրակայված ցանկապատին կամ ցեմենտ¬բետոնե զարդարուն հարթակին բախվելու հեռանկարը: Սակայն մայրաքաղաքի գողտրիկությունն անգամ սեփական մեքենայով երթեւեկելու դեպքում անհնար է նկատել: Չմոռանանք, որ երթեւեկել Երեւանում նույնիսկ որպես ուղեւոր նշանակում է պայքարել նախՙ տրանսպորտում տեղավորվելու, ապաՙ խցկռտուքից չվնասվելու համար: Անկառավարելի այս տարերայնությունը երեւանյան երթեւեկությանը տհաճ էկզոտիկություն է հաղորդում եւ ի թիվս մյուս «հմայքների» նպաստում քաղաքային ֆոլկլորի «Գեղեցիկ է Երեւանը նամանավանդ գիշերով» տողը կրկին ու կրկին արդիականացնելուն: Չնայած Աստծո լույսով ողողված Երեւանն էլ պակաս հմայիչ չէ, սակայն այդ «հմայքների» անտեսանելիությունը երեկոյան լույսի շնորհիվ մայրաքաղաքը գերիչ է դարձնում գոնե կենտրոնում: Այստեղից այն կողմ մայրաքաղաքի տհաճ գույներն առավել թունդ են արտահայտվում ե՛ւ ցերեկով, ե՛ւ գիշերով:

Գիշերով նույն երեւույթի ընկալումն էլ փոխվում էՙ գովազդային վահանակներն ամբողջականացնում են փողոցների լուսավորությունը, տեսանելիությունից չքվում են աղբամանները, կրճատվում է երթեւեկությունը, այս ու այն ապրանքի ծանրության տակ կքած առեւտրական¬բեռնակիրներին փոխարինում է զբոսնող հասարակությունը, օրվա խնդիրները դադարում են աչքի զարնել ամեն քայլափոխին, չի նկատվում ցեմենտապատ նախկին կանաչ տարածքների ահռելիությունը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4