Ամռան գալու հետ ձեռքերն են շփում ոստիկանության աշխատակիցները, ահա բացվեց «ռեյդի սեզոնը», ինչքա՞ն մարդ է խմած նստելու ղեկին ու արագություն հավաքելո՜ւ...
ՀՀ ոստիկանության աշխատակիցները դիմում են բոլոր հնարամիտ միջոցներին, որոնք ապահովում են ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց ղեկավարների ապրուստըՙ միաժամանակ չմոռանալով պետական բյուջեն: Ավելի հաճախ նրանք դարանակալում են ճանապարհի ամենաանսպասելի ու ամենանեղ հատվածներում, երեւի մտքում վարորդներին ասելովՙ տղա ես, անցիր:
Այդպես է եղել նաեւ մեր խմբագրության այցելուի դեպքում: Էդուարդ Հակոբյանը պատմում է, որ հունիսի 7-ին ինքն իր ամենօրյաՙ դեպի փոքր օդանավակայան տանող ճանապարհով առանց որեւէ խախտում անելու, պահպանելով թույլատրելի արագությունը գնում էր տուն: Ճանապարհի նեղ մի հատվածում նրան կանգնեցնում է Երեւանի ՊԱՏ ՃՊԾ գումարտակի 8-րդ դասակի ենթասպա, ոստիկանության տեսուչ Ղազարյանը: Վերջինս այնպես է կանգնած եղել եռակողմ ճանապարհի մի հատվածում, որ վարորդն ուզած-չուզած պետք է մի փոքր հատեր հանդիպակաց ճամփաբաժանը, «որպեսզի ոստիկանի վրայով չանցներ»: Իսկ վերջինս, հայտնի ոստիկանական ձեռագրին հավատարիմ, անտեսելով բարձր արագությամբ ընթացող արտասահմանյան մակնիշի մեքենան, ստուգում է «Ջորու» վարորդի փաստաթղթերը, ապա տեսնելով, որ այլ հնարանք չի կարող բանեցնել, մանավանդ որ իր հերթափոխը հանձնելու ժամն էլ մոտենում է, հանկարծ «հիշում է», որ վարորդն անցել է հատող գիծը: Վարորդին այլ ելք չի մնում, քան բացատրել, որ հակառակ պարագային հենց ոստիկանի վրայով պիտի անցներ: Արդարացումը չի օգնում: «Մոտս փող չկար, մեկ ասացիՙ ինչի՞ պիտի տամ որ, մեկ էլ մտածեցի, որ ուրիշ կերպ հնարավոր չէ ազատվել ոստիկանի ձեռքից, ասացիՙ սպասիրՙ գնամ տնից 1000 դրամ բերեմ. էլ ի՞նչ կարող եմ անել», պատմում է Է. Հակոբյանը, սակայն հերթափոխի շտապող ոստիկանը չի համաձայնել եւ «ակտ է գրել»: Վարորդը հենց իրենց փողոցում տուգանվել է ոչ ավել, ոչ պակասՙ 20 000 դրամով:
Այս միջադեպը վերջնական համոզմունք է ձեւավորել Է. Հակոբյանի մեջ, որ նա պետք է վաճառի իր «Ջորին», քանի որ դրա պատճառած վնասն ավելի շատ է, քան օգուտը: Նա դառնացած փաստում է, որ ինքը ոչ մի տեղ չի կարող ապացուցել իր ճշմարտացիությունը, քանի որ ապրում է մի հասարակությունում, որտեղ ոստիկանները, անկախ օրենքից ու կարգից, «նալոգ են դրել վարորդների վրա»:
Ի դեպ, ճանապարհատրանսպորտային իրավիճակը մտահոգություն է ոչ միայն սովորական մահկանացու համարվող վարորդների համար: Մասնավորապես, խաչմերուկներում տեղադրված եւ հազվադեպ աշխատող լուսակիրներից շատերը այնքան անհամապատասխան եւ ժամանակավրեպ են փոխում գույները, որ հետիոտնը միայն «ծտի թեւ» ունենալու դեպքում կարող է հատել խաչմերուկը:
Իսկ ինչ վերաբերում է մեր խմբագրության այցելուին, տպագրում ենք նրա մխիթարություն փնտրող տոնով արտաբերած հարցը. «Էդ որ գրում եք, կարո՞ղ է ինձ օգնի հաստատելու ճշմարտությունը»: Միայն այդ հարցին դրական պատասխանելու ակնկալիքով էլ տպագրում ենք սույն հրապարակումը եւ ամեն դեպքում ուզում ենք հավատալ, որ ենթասպա Ղազարյանի «աշխատանքն ու սխրանքը» աննկատ չեն մնա ՀՀ պետավտոտեսչության օրինապահներից:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ