Ինչպես տեղեկացանք Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից, ԿԲ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 10-ում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտարժույթի փոխանակման կետերը կոչված են սպասարկելու հասարակության արտարժութային մանրածախ փոխանակման գործարքները, կատարվել են հետեւյալ փոփոխությունները:
Այսուհետեւ լիցենզավորված անձինք արտարժույթի փոխանակման կետեր կարող են բացել առնվազն 100 քառակուսի մետր մակերեսով առեւտրի (սպասարկման) սրահ ունեցող խանութներում, առնվազն 2000 քմ տարածքով փակ (ոչ բացօթյա) առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում, սպառողական ապրանքների շուկաներում, առնվազն 1000 քառակուսի մետր տարածքով հյուրանոցներում, օդանավակայանների, երկաթուղային կայարանների տարածքներում: Այսինքն, դրանք պետք է լինեն այն հասարակական վայրերում, որտեղ առավել մեծ է արտարժույթի փոխանակման անհրաժեշտությունը:
Ինչ վերաբերում է լիցենզավորվող անձանց գործունեության համար սահմանվածՙ տարածքի 50 մետր հեռավորության պահանջին, ապա այդտեղ հանվել է նաեւ միակ բացառությունը: Այդ պահանջը չէր տարածվում այն փոխանակման կետերի վրա, որոնք արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունն իրականացնելու էին 2000 քմ տարածք ունեցող հյուրանոցների, օդանավակայանների, երկու կամ ավելի հարկ ունեցող առեւտրի կենտրոնների տարածքներում: 50 մետր հեռավորության պահանջը պարտադիր կլինի այս դեպքում նույնպես:
ԿԲ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք նաեւ, որ կանոնակարգից հանվել է 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձանց առանց որակավորման վկայականի փոխանակման կետում որպես աշխատակցի գրանցելու դրույթը: Հիշյալ անձինք մինչեւ 2008 թվականի մարտի 25-ը պետք է դիմեն Կենտրոնական բանկՙ որակավորում ստանալու նպատակով:
Ա. Մ.