Փորձագետներն այդ հարցի պատասխանը դեռ չեն տվել
«Մաշտոց 1600» էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթում matenadaran.am կայքը շահեց 2 գլխավոր մրցանակ, ինչը չափազանց անսպասելի է եղել «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի տնօրենության համար, որի առաջարկով այս տարի առաջին անգամ մրցույթում ընդգրկվեցին էլ-հայագիտություն, էլ-մայրենի եւ հայերեն էլ-տառատեսակներ անվանակարգերը:
«Մաշտոց 1600» մրցանակաբաշխությունն իբրեւ երեւույթ ես շատ դրական եմ համարում: Գիտեմ, որ եղել են նաեւ դժգոհություններ, որոնք անկասկած օգտակար կլինեն հաջորդ մրցույթն անցկացնելիս: Անձամբ ինձ ամենից շատ զարմացրեց մրցանակակիրների ցանկում matenadaran.am-ի հայտնվելը, ինչը, կարծում եմ, վնասեց մեր հետապնդած գաղափարին: Մեր կայքը մրցանակի ներկայացրած փորձագետները, կարծում եմ, բարոյական նկարագիր կունենան ներկայանալու եւ պատասխանելու, թե ինչո՞ւ մրցանակի արժանի մի քանի կայքեր դուրս էին մնացել իրենց ուշադրությունից, իսկ մեր կայքին առանձնահատուկ տեղ տվել: Չգիտեմ, թե մենք որչափ կարողացանք շտկել եւ մարդկանց հասկանալի դարձնել, որ դա իրականում մեր մեղքը չէր, այլ մրցանակաբաշխական հանձնաժողովի սահմանած կարգի հետեւանքը:
Մեր 2 մրցանակների համար սահմանված մոտ 3 հազար դոլարը մենք հանձնեցինք մրցույթի կազմակերպիչներինՙ հայագիտություն, մայրենի լեզու եւ հայերեն տառատեսակներ անվանակարգերի համար հաջորդ տարի մրցանակներ սահմանելու», ասում է «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն, Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը:
Նա նկատում է, որ մեր իրականության մեջ անտեսվում են հայալեզու բովանդակությամբ կայքերին նախապատվություն տվողների պահանջները, որոնց թիվն իրականում շատ ավելի մեծ է: Հակառակ դրան բազմանում են անգլերեն տեքստերով կայքերը, որոնք ստեղծվում են հիմնականում առեւտրային նպատակներով: Այսպես օրինակ, բազմաթիվ կայքերում Մատենադարանի վերաբերյալ տեքստերը մեծ մասամբ քաղված են matenadaran.am-ից: Նույն տեքստը, առանց որեւէ փոփոխության թարգմանվում է տարբեր լեզուներով եւ տեղադրվում, ինչն իրապես հոգնեցնում է այցելուներին: Հենց այդ նկատառումով «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամը կամենում է հայերեն բովանդակությամբ կայքերը տեսնել զարգացող, աշխույժ եւ բազմաբովանդակ:
Յունեսկոյի, «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի եւ մի քանի նվիրատուների աջակցությամբ անցած տարեսկզբից սկսվեցին հայերեն տառատեսակների նոր հավաքածուի ստեղծման աշխատանքները, որը թելադրված էր Մատենադարանի ձեռագրերի «Մայր ցուցակի» համար հարուստ տառատեսակներ ունենալու անհրաժեշտությամբ: Ռուբեն Թառումյան-Հակոբյանի ստեղծած «Մայր ցուցակ» տառատեսակը արժանացավ «Մաշտոց 1600»-ի գլխավոր մրցանակին: Յունիկոդ համակարգի համար արդեն իսկ ստեղծվել են 21 տառատեսակներ, մինչեւ աշուն դրանց թիվը կավելանա, որից հետո օժանդակ ծրագրերի հետ կթողարկվեն առանձին սկավառակներով եւ անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:
«Մենք պատրաստ ենք այս ծրագիրը շարունակել մինչեւ Windows-ը հայերեն դարձնելը: Հայաստանում կան բավարար մասնագետներ, որոնց հետ համագործակցելով կարելի է այդ գործը ավարտին հասցնել: Ամենակարեւորն այստեղ պետության ոչ թե նյութական, այլ բարոյական եւ կազմակերպչական աջակցությունն է, քանի որ բովանդակային առումով սա ազգային անվտանգության խնդիր է: Ցավոք, առ այսօր մեր մասնագետները գործում են տարանջատված, իսկ երբ մեկտեղվում են, պարզվում է, որ շատ կարեւոր գործեր դեռ չեն արվել: Հենց այդ տեսանկյունից «Մաշտոց 1600»-ը էական նշանակություն ունեցավ: Դժգոհություններն այդքան էական չեն, կարեւորն այն է, որ հաջորդ մրցույթից հետո դրանք այլեւս չլինեն», կարծում է Արշակ Բանուչյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ