Թուրքիային նախազգուշացնում է Եվրոհանձնաժողովը
Նախազգուշացման մասին հունիսի 22-ին տեղեկացրել են թուրքական հանրային հեռուստատեսությունն ու համանուն թերթերը: Տեղեկության համաձայն, Եվրոմիության ընդարձակման գծով Եվրոհանձնաժողովի հանձնակատար Օլի Ռենն անդամակցության բանակցությունների հարցում Թուրքիային աջակցելիս հայկական խնդիրների առնչությամբ նախազգուշացրել է նրան:
Եվրոխորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատասխանելով խորհրդարանականների հարցերին, Օլի Ռենն ասել է. «Իմ կարծիքով, թուրքական կառավարությունը պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, դա կարեւոր է»: Նա միաժամանակ դրականորեն է գնահատել «երկու երկրների պատմաբանների մասնակցությամբ համատեղ հանձնաժողով ստեղծելու» վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը եւ նշել, որ Եվրոհանձնաժողովն առանձնակի նշանակություն է տալիս Թուրքիայում խոսքի ազատության եւ ազգային փոքրամասնությունների կալվածքների վերաբերյալ օրենքների կիրառմանը:
Այնուհետեւ Ռենը շարունակել է. «Ես երկու շաբաթ առաջ խնդրո առարկա օրենքների առնչությամբ գրավոր դիմել եմ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին: Օրենքների առկա նախագծերը համարում ենք անբավարար: Պահանջել ենք, որ դրանք վերանայվեն: Եթե բացթողումները պահպանվեն, ապա մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք:
Հ. Չ.