«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2005-06-21 | #114, 2005-06-22 | #115, 2005-06-23


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Բեռլինի թուրքական համայնքի դեմ քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել բեռլինաբնակ փաստաբան Ստեփան Թաշչյանը: Մեզ հետ իր հեռախոսազրույցում նա տեղեկացրեց, որ կիրակի օրըՙ հունիսի 19-ին, Բեռլինի կենտրոնում, գերմանական հեռուստատեսության տվյալներովՙ 1500 թուրքերի մասնակցությամբ անցկացված ցույցի ժամանակ, ուր գերակշիռ են եղել մարդու իրավունքների ոտնահարման տեքստով պաստառներ, պատմությունը չխեղաթյուրելու հորդորով թռուցիկներ, բարձրախոսով բազմիցս կրկնվել է, թե հայերի դեմ կատարվածը պետության կողմից կազմակերպված չի եղել, հետեւաբար ցեղասպանություն որակել չի կարելի: Հենց վերջին հայտարարությունն էլ հիմք է հանդիսացել, որ պարոն Թաշչյանն իր միջնորդությունը ներկայացնի ցույցը հսկող ոստիկանության պաշտոնյային: Ենթադրելի է, որ դատը կսկսվի 2-3 ամիս հետո: Գերմանական քրեական օրենսգրքի 130 եւ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածները որոշակի պատժաչափ եւ տուգանք են սահմանում վերոհիշյալ արարքների համար, փոխանցեց մեզ Ստեփան Թաշչյանը:

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4