«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2005-06-21 | #114, 2005-06-22 | #115, 2005-06-23


ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԱՌՈՒՅՑԸ ՄՏԱՀՈԳ Է ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԾԵԾԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն հունիսի 22-ին հրապարակել է մամլո հաղորդագրություն «ՀՅԴ-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Պավել Մանուկյանին ծեծելու կապակցությամբ, որի մասին «Ազգը» գրել էր երեկ: Ըստ հաղորդագրության, Պ. Մանուկյանին ծեծել են ԼՂՀ ՊՆ շենքում, բարձրաստիճան սպաներ: Հոսպիտալ ներկայացած ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ծեծվածի կուսակցական եւ զինակից ընկերներին խոստացել է ապահովել անաչառ քննություն:

Պահանջելով միջադեպին մասնակից բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հրաժարականները, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն անաչառ քննության պահանջագրեր է հղել նաեւ ՀՀ նախագահին, զինվորական դատախազին եւ այլ պետական մարմինների:

Հաղորդագրության մեջ միաժամանակ մտահոգություն է հայտնվում այն լուրերի առնչությամբ, ըստ որոնցՙ Պավել Մանուկյանը քննիչներին հայտարարել է, թե վնասվածքները ստացել է ծառից ընկնելով, ինչը ճիշտ չէ: Այս կապակցությամբ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն պահանջել է ՀՀ-ից անկախ բժիշկների փորձագիտական խումբ ուղարկել Ստեփանակերտՙ Պ. Մանուկյանի առողջական վիճակի ուսումնասիրման, անաչառ գնահատական տալու եւ համապատասխան բուժում իրականացնելու նպատակով:

Զինվորական հոսպիտալի պաշտոնյաները հավաստիացնում են, որ Պ. Մանուկյանի կյանքին վտանգ չի սպառնում եւ նրա առողջական վիճակը կայուն է: Այսուհանդերձ, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն պահանջել է Պավել Մանուկյանին տեղափոխել պաշտպանության նախարարությանը ոչ ենթակա հիվանդանոց: Հոսպիտալի ղեկավարությունը մերժել է դա, պատճառաբանելով, որ առաջիկա չորս օրերին հիվանդին տեղաշարժել չի կարելի:

Մեր ստացած տեղեկություններով, Երեւանից բժշկական փորձագիտական խումբ եւ քննիչներ ուղարկելու համաձայնություն կա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4