«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2005-06-21 | #114, 2005-06-22 | #115, 2005-06-23


ԾԱՆՈԹ ԵՎ ԱՆԾԱՆՈԹ ՇԱՀԻՆԸ

Թանգարանների միջազգային օրվա առիթով Ազգային պատկերասրահում կազմակերպվել էր «Լույսը գիշերվա մեջ» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Ուշագրավ է, որ կեսգիշերին անգամ հետաքրքրությունը մայրաքաղաքի թանգարանների նկատմամբ շատ ավելին էր, քան սպասվում էր: Ազգային պատկերասրահի տնօրենությունը հոգացել էր, որ տոնն անցնի հետաքրքրական ու գեղեցիկՙ այցելուներին պարգեւելով գեղագիտական բարձրարվեստ ցուցադրություններ, երգ, պար:

Այս տարի լրանում է հանրաճանաչ նկարիչ Էդգար Շահինի ծննդյան 130-ամյակը եւ նրա 30 կավճանկարների անդրանիկ ցուցադրությամբ ու կատալոգի շնորհանդեսով էլ բացվեց թանգարանների միջազգային օրվա ծրագիրը: Էդգար Շահինը ծնվել է Պոլսում 1874 թ.: Կերպարվեստի հանդեպ նրա հետաքրքրություններն ի հայտ են եկել դեռեւս Պոլսի Մխիթարյան դպրոցում ուսանելու տարիներին: Նկարչության ուսուցիչ Մելքոն Տիրացույանի խորհրդով ապագա նկարիչը մասնագիտական կրթություն է ստանում Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում: Այդ տարիներին նրան գրավում են մեծ նկարիչներ Տիցիանի, Վերոնեզեի, Տինտորետտոյի եւ Տիեպոլոյի, Ջորջոնեի եւ այլոց գործերը: Փարիզում, 21 տարեկանում Էդ. Շահինը ստեղծում է իր առաջին յուղանկար գործերըՙ «Չքավոր մուրացիկ», «Փողոցի մի անկյուն», «Ինտերիեր», «Շնչահեղձ կին», «Փողոց Մոնմարտրում», «Փողոցի մարդը», որոնք «Ողբալի կյանք» խորագրով ցուցադրվում են Սալոնում: Այդ ցուցադրությանը մամուլն արձագանքում է նշելով, որ. «Էդ. Շահինը խոշոր հայտնություն է եւ նրա կտավները ժամանակի բարքերը ներկայացնող հիանալի գործեր են, որոնցում արդեն իսկ երեւում է երիտասարդ արվեստագետի գունային մտածելակերպը, նրբերանգների վարպետ կիրառումը եւ վերջապես կերպարների խորը հոգեբանական արտահայտությունը»: Յուղանկարչությանը զուգահեռ Էդ. Շահինը փորձեր է անում նաեւ փորագրանկարչության մեջ, եւ առաջին էստամպներն արվում են արդեն իսկ նկարված կտավներից... Մեկ տարի անց արվեստագետի հաղթարշավը սկսվում է փորագրանկարչությունից: «...Մի էջ եւս ավելացավ մեր դարի առաջին տասնամյակների փորագրական արվեստի պատմությանը, ինչի հնարավորությունը տվեց Էդգար Շահինի արվեստը...», ահա այսպես են գնահատել նկարչի տաղանդը, եւ բեղուն գործունեությունը Փարիզի հեղինակավոր քննադատներՙ Ռոժե Մարքսը, Գաբրիել Մուրեն, Գյուստավ Սուլիեն, Գյուստավ Կանը:

1912 թ.-ից նկարիչը ցուցահանդեսներին ներկայացնում էր փորագրանկարներից բացի նաեւ մատիտով եւ պաստելով արված դիմանկարներ: Որտեղ էլ որ լինում էր նկարիչը, այդ տեղանքը նրան դարձնում էր բնության խորհրդավոր մելամաղձոտության կրողն ու թարգմանըՙ վկան Բրետոնը եւ Լա Մանշի ծովափն է, որտեղ էլ ծնվել են «Հին ջրաղաց», «Փարոսի ժայռերը» բնանկարները եւ ուրիշ գործեր...

Դիմանկարչությունն Էդ. Շահինի թողած հարուստ ժառանգության էական ու ամենահատկանշական մասն է: Նա իր մասին հաճախ ասել է, որ ամենից առաջ «պորտրետիստ» է: Դիպուկ է արտահայտվել Լեւոն Դավիդը նկարչի «Իտալական տպավորություններ» նկարաշարը տեսնելով. «Շահինը ոչ միայն տառապանքի, դիմանկարի, ամբոխի ուրախության ու ցավի, այլեւ կնոջ եւ վայելչության նկարիչ է: Նա գիտի նկարել նրանց դյութական աչքերըՙ դժգույն դեմքերի վրա, հասակի շնորհալի ձիգ ու պիրկ անշարժությունը, առեղծվածային վետվետումները, լիալիր կրծքերը եւ սիրատոչոր աչքերը...»:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակՙ Փարիզի պաշարման տարիներին, Էդ. Շահինը ստեղծել է կոմպոզիցիոն գործերՙ «Մայրություն», «Սպասում», «Փարիզի պաշարումը», «Կաթի բաժանումը», որտեղ կերպարների պատկերումը ստեղծել են տագնապի մթնոլորտ ու հստակ ռիթմի մեջ պատկերել: Նկարիչը մի յուրօրինակ նրբագեղությամբ է ներկայացրել 7 բնորդուհիների շարքը, իրենց կեցվածքով, սլացիկ մարմինների ճկուն ուրվագծերով: Պաստելային գործերի փափկությունը դրսեւորվել է նաեւ նկարչի օֆորտներում, ուր վարպետը գույն է ստեղծել գծանկարի միջոցով...

Էդգար Շահինը, անկասկած, կրել է իր ժամանակի արվեստի ազդեցությունը, սակայն նա չի պատկանել որեւէ ուղղության եւ հեռու է մնացել դրանց կաշկանդումից: Նա նկարել է ազատորեն, այնպիսի ներշնչումով եւ արվեստով, որ հատուկ է միայն իրեն:

Սրանք միայն մի չնչին մասն են Էդգար Շահինի ծննդյան 130-ամյակին թողարկած կատալոգից, որի հեղինակն է Գոհար Չեմենյանը, գիտ. խմբագիրներ Հասմիկ Հարությունյանը եւ Վիկտորյա Բադալյանը: Նրանք էլ սիրով Էդ. Շահինի 30 կավճանկարների անդրանիկ ցուցադրության ժամանակ մանրամասն ու գիտականորեն պատմում էին ճանաչված նկարիչ Էդգար Շահինի յուրաքանչյուր կտավի պատմությունը: Էդ. Շահինը, լինելով Ռամկավար ազատական կուսակցության անդամ, ջերմ հարաբերություններ ուներ Արշակ Չոպանյանի եւ շատ ուրիշ մտավորականների հետ: Էդ. Շահինի ստեղծագործությունները 1936 թ. առաջին անգամ ընդգրկուն եւ ամբողջական (190 փորագրանկար) ներկայացվեց Հայաստանում: Հեղինակն արվեստասեր հանրությանը նվիրեց 160 օֆորտՙ համալրելով պատկերասրահի շահինյան հավաքածուն, որը մինչ այդ կազմում էր 50 նմուշ: Այլոց նվիրատվությունների եւ թանգարանի ձեռքբերումների շնորհիվ նկարչի ֆոնդն այժմ ընդգրկում է 330 ստեղծագործություն, որոնցից 28-ըՙ երփնագիր է, 2-ըՙ մատիտանկար:

Ազգային պատկերասրահի աշխատակիցների քրտնաջան ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ տարիների ընթացքում կուտակված ողջ տեղեկությունները հավաքել մեկ կատալոգումՙ որպես ամփոփում ու նվիրում անվանի նկարիչ Էդգար Շահինի գործունեության եւ նրա ծննդյան 130-ամյակին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4