Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին միայն Արտաշես Մինասյանն ու Տիգրան Նալբանդյանը: Մինասյանը պարտության մատնեց Վլադիմիր Կովաչեւիչին, իսկ Նալբանդյանը հաղթեց Քրիստիան Մայերին: Արտաշես Մինասյանը վաստակեց 3 միավոր եւ կրկին տեղ գրավեց առաջատարների շարքում: Իսկ Նալբանդյանի օգտին գրանցված է 2 միավոր:
Գերազանց մեկնարկից հետո 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Հայաստանի ներկայիս չեմպիոն Աշոտ Անաստասյանըՙ զիջելով Սեբաստիան Սիյբրեխտին: Դա 4-րդ տուրում հայ շախմատիստների կրած միակ պարտությունն էր: Մեր մյուս շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Լեւոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը խաղաղ դաշն կնքելով համապատասխանաբար Եվգենի Ալեքսեեւի եւ Լուկ Վինանցի հետ, վաստակեցին 3-ական միավոր: Գաբրիել Սարգսյանի եւ Սմբատ Լպուտյանի օգտին գրանցված է 2,5-ական միավոր: Նրանք ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Վլադիմիր Պոտկինի եւ Թոմաշ Մարկովսկու հետ: Նույնքան միավոր ունի նաեւ Սերգեյ Մովսիսյանըՙ ոչ-ոքի խաղալով Մագնուս Կառլսենի հետ: 2 միավոր ունի Տիգրան Պետրոսյանը, 1,5ՙ Լեւոն Բաբուջյանը: Նրանք եւս հանդիպումներն ավարտեցին ոչ-ոքի համապատասխանաբար Անտե Բրկիչի եւ Ալեքսանդր Եվդոկիմովի հետ:
4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 10 շախմատիստներՙ Միխալ Կրասենկովը, Ալեքսեյ Դրեեւը, Շահրիար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը, Վադիմ Միլովը, Արկադի Նայդիչը, Սերգեյ Վոլկովը, Պավել Սմիռնովը, Սերգեյ Կարյակինը եւ Դիտեր Նիսիպիանուն, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: 5-րդ տուրում մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արտաշես Մինասյանի պարտիան Եվրոպայի ներկայիս չեմպիոն Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինս եւս ունի 3 միավոր: 4-րդ տուրում նա ոչ-ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի հետ: Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Հուզմանը, իսկ Կարեն Ասրյանը կմրցի Լայոշ Պորտիշի հետ: