Ինչպես օրեր առաջ նշել էր «Ազգը», հարեւան Վրաստանի նախագահական ընտանիքում իրավիճակը լարված է: Համաձայն վրացի մեր գործընկերների եւ վրացական այլ աղբյուրների, Սաակաշվիլի-Ռուլովս հարաբերությունները հասել են մինչեւ բաժանում: Մասնավորապես, ինչպես որոշ վրացական լրատվամիջոցներ գրել են, Սաակաշվիլին բարձր մակարդակներում փորձում է պարզել իր հավանական ամուսնալուծության քաղաքական եւ ոչ քաղաքական հետեւանքները:
Վրաստանի մայրաքաղաքում ոչ պաշտոնապես, բայց բոլոր մակարդակներում խոսվում է այն մասին, որ Վրաստանի նախագահի ընտանիքում իրավիճակը բավականին լուրջ է, իսկ նրա կինը լքել է Վրաստանը: Մեր աղբյուրների խոսքով, արտաքուստ փորձում են պահել տպավորությունը, թե Սաակաշվիլու կինը դեռ Թբիլիսիում է, սակայն Ռուլովսիՙ Վրաստանը լքելու մասին պնդումներն ավելի շատ են: Ի դեպ, թբիլիսաբնակները դժվարությամբ են հիշում, թե ի վերջո Սանդրա Ռուլովսը մասնակցե՞լ է վերջերս տեղի ունեցած Վրաստանի անկախության տոնին:
Ամեն դեպքում պաշտոնապես որեւէ արձագանք չի տրվում այս տեղեկություններին, բայց նաեւ հրապարակային հանդիպումներում չի երեւում ինքըՙ Սանդրա Ռուլովսը:
Ա. Հ.