«Ունե՞ք ոչ միայն տեխնոլոգիա, այլեւ ապագա կառուցելու մեծ ցանկություն, պատրաստակամություն` առաջնորդը լինելու այն ժամանակ, երբ նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ են առաջ գալիս», հարցնում էր «Սինոփսիս» կորպորացիայի հիմնադիր, խորհրդի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն պարոն Աարտ դը Ջիըսը` «Սինոփսիս Արմենիա» ուսումնական կենտրոնի շրջանավարտներին: Կենտրոնը, որ հայտնի է նաեւ որպես Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի միջդեպարտամենտալ ամբիոն, այս տարի տվեց մագիստրատուրայի առաջին եւ բակալավրիատի երրորդ սերնդի շրջանավարտները:
Աարտ դը Ջիըսը Հայաստան էր եկել երկու օրով եւ մասնակցեց ուսանողների դիպլոմների եւ սերտիֆիկատների հանձնման արարողությունը: Նա շնորհավորանքի խոսքում կարեւորեց շրջանավարտների պատրաստակամությունը` աշխատելու այս ասպարեզում: Ըստ գործադիր տնօրենի` «Սինոփսիսը», որ 1986 թվականից համագործակցում է աշխարհի տարբեր բուհերի հետ, այսօր ուսումնական ծրագրերում ավելի մեծ ներդրում է անում Հայաստանում, քան արտասահմանյան որեւէ այլ երկրում: Պրն Ջիըսը, տպավորված ուսանողների հետ հանդիպումից, համոզված է, որ երիտասարդների ձգտումը կարող է սարեր շրջել: «Հայաստանում 9 ամիս աշխատելով` կարող եմ ասել, որ այստեղ պատրաստված ծրագրային փաթեթներն արդեն աշխարհով մեկ մատակարարել ենք մեր հաճախորդներին: Սա աննախադեպ առաջընթաց է: Մենք եւ մեր հաճախորդները մեծ հույս ենք դնում ձեզ վրա», ասաց «Սինոփսիսի» ղեկավարը:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը կարեւորեց արդեն ձեւավորվող բարի ավանդույթը` ներդրումներ կատարել ոչ միայն անմիջապես բիզնեսում, այլեւ կրթական համակարգում: Մագիստրատուրայի ուսանողներն ուրախությամբ նշեցին, որ բակալավրիատում իրենց պրակտիկան «Սինոփսիսում» են անցկացրել, իսկ մագիստրատուրային զուգահեռՙ լիարժեք աշխատել ընկերությունում: Բակալավրի աստիճան ստացած Միքայել Գրիգորյանը, որ արդեն մի քանի օր զինծառայության է անցել, հույս ունի, որ վերադառնալուց հետո աշխատելու է այս ընկերությունում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ