Քիշնեւում վերջնագիծը հատեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որի պարգեւներն էին վիճարկում 164 շախմատիստուհիներ: Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, առաջնության ավարտական տուրը չանվանեց մրցանակակիրներին, ուստի մեդալների բաշխման համար հարկ եղավ լրացուցիչ մրցախաղեր անցկացնել հավակնորդուհիների միջեւ:
Չեմպիոնի կոչման հավակնորդուհիներ ուկրաինացի Կատերինա Լախնոն եւ ռուսաստանցի Նադեժդա Կոսինցեւան, որ 9-ական միավոր էին վաստակել, լրացուցիչ մրցախաղ անցկացրին արագ շախմատի կանոններով (պարտիայի համար 15-ական րոպե գումարած յուրաքանչյուր քայլի համար 10 վրկ.): Երկու պարտիաներում էլ հաջողությունն ուղեկցեց 15-ամյա Կատերինա Լախնոյին, որն էլ հաղթելով 2-0 հաշվով, նվաճեց ոսկե մեդալըՙ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Էլինա Դանիելյանը Ելենա Զայացի, Ելենա Դեմբոյի եւ Սիլվիա Գոլասի հետ վաստակել էր 8,5-ական միավոր: Նա բրոնզե մեդալի համար մասնակցեց լրացուցիչ մրցախաղերի: Էլինայի մրցակիցը Գոլասն էր, իսկ մյուս զույգը կազմել էին Զայացն ու Դեմբոն: Զույգերում հաղթողները հետագայում միմյանց հետ մրցավեճում վիճարկելու էին բրոնզե մեդալը, իսկ պարտվողներըՙ 5-6-րդ տեղերը: Ցավոք Էլինա Դանիելյանը, որ մրցաշարում բավական հաջող ելույթ ունեցավ, անհաջողության մատնվեց: Նա Գոլասին զիջեց 05,-1,5 հաշվով եւ ստիպված էր պայքարել 5-6-րդ տեղերի համար: Այստեղ համառ պայքար ծավալվեց Ելենա Զայացի հետ, որը նախորդ մրցախաղում 0,5-1,5 հաշվով զիջել էր Դեմբոյին: Արագ շախմատի մրցախաղում Էլինան ու Զայացը մեկական հաղթանակ տոնեցին: Հաղթողին որոշելու համար նրանք կայծակնային մրցախաղ անցկացրին: Երկու պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի: Խաղարկվեց 3-րդ վճռորոշ պարտիան, որտեղ սեւ խաղաքարերը Զայացին էին պատկանում: Այդ պարտիայում եւս հաշտություն կնքվեց, ինչը սեւերի համար հավասարազոր էր հաղթանակի: Այսպիսով, Էլինա Դանիելյանը զբաղեցրեց 6-րդ տեղը: Իսկ բրոնզե մրցանակակիր դարձավ Հունաստանը ներկայացնող Ելենա Դեմբոն, որը 2-0 հաշվով պարտության մատնեց Սիլվիա Գոլասին:
Նշենք, որ 1-16-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիներն իրավունք ստացան մասնակցելու շախմատի աշխարհի առաջնությանը: Նրանց թվում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ