«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2005-06-24 | #117, 2005-06-25 | #118, 2005-06-28


ԵԹԵ ՎՆԱՍԱՐԱՐՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՉԱՓԵՐՈՎ, ԲՅՈՒՋԵՆ ԱՀԱԳԻՆ ԿՇԱՀԻ

«Նախորդ տարիներին ծառատունկն ու դրա դիտանցը հասցեագրված չեն եղել»

Ըստ վիճակագրության, 1985-86 թվականներին Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում էին 950 հա, եւ մոտ 270 հա` փողոցային կանաչ գոտիները: Թաղային համայնքների եւ «Երեւաննախագիծ» ինստիտուտի անցած տարվա գույքագրումների համաձայն, կանաչ տնկիներով տարածքները այսօր կազմում են 540-560 հա: Ժամանակին կանաչ տարածքների վրա հողահատկացումներ անելու սխալը քաղաքապետարանն այսօր փորձում է շտկել վերականգնողական նորանոր ծրագրերով «Հաղթանակ» զբոսայգում, «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում, «Փարոս» ռեստորանի մերձակա հատվածներում: Հատումներին զուգընթաց, ինչպես երեկվա ճեպազրույցում խոստովանեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը, նախորդ տարիներին ծառատունկի ու դրա արդյունքների վերլուծությունը ձեւական բնույթ է կրել: «Նախորդ տարիներին ծառատունկը եւ դիտանցը հասցեագրված չէին իրականացվում, վերահսկողությունը շատ թույլ էր»:

Փաստորեն, այս տարի առաջին անգամ ծառատունկ կատարվել է ըստ անհրաժեշտության` թաղային համայնքների ներկայացրած հասցեներով:

Ավարտին է մոտենում ոռոգման ցանցի վերականգնման ու 70 կմ-անոց նոր ցանցի կառուցման ծրագիրը նաեւ այն տարածքներում, ուր երբեւէ գոյություն չի ունեցել` անտառպարկային գոտիներ, Ծիծեռնակաբերդ (ուր ամեն տարի ծառատունկ էր արվում), «Հաղթանակ» զբոսայգի: Ցանցի կառուցումը գրեթե ավարտվել է Ծիծեռնակաբերդում: Ծրագրում ընդգրկված են մոտ 100 կանաչ օբյեկտներ, զբոսայգիներ, պուրակներ, փողոցներ, որոշ համայնքներում` նույնիսկ բակային տարածքներ: Հիմնական աշխատանքները նախատեսվում է ավարտել հուլիսի 1-ին:

Մետրոյի ստորերկրյա ջրերի մեծ մասը հոսում է Հրազդան գետ եւ Երեւանյան լիճ: Մասնագետների կարծիքով, դրանք եւս կարելի է օգտագործել ոռոգման նպատակներով: Բայց այս հնարավորության ֆինանսական եւ տնտեսական նպատակահարմարությունն ուսումնասիրված չէ: Գիտնականների մի մասն էլ համոզված է, որ ոռոգման պրոբլեմը խելամիտ կլինի լուծել խորքային հորերի միջոցով, քանի որ Երեւանի ընդերքով մեկ ստորերկրյա ջրեր են հոսում: Շենգավիթում, անկախ որեւէ ուսումնասիրությունից, մետրոյի ստորերկրյա ջրերն արդեն մի քանի տարի օգտագործվում են ոռոգման համար: Խորքային հորերի մեխանիզմով են սնվում կենտրոնի մի քանի պուրակներ: Սակայն ընդհանուր առմամբ սա հեռանկարային ծրագիր է, որի իրականացումը բարդություններ է առաջացնելու նաեւ գլխավոր հատակագծում:

Ոռոգման համակարգի բացակայության պատճառով Երեւանում հրդեհների նկատմամբ մի քանի «զգայուն» տարածքներ են առաջացել, ուր ամառվա շոգին խոտն արագ չորանում է: Այս օրերին քաղաքապետարանը խոտհունձը հարվածային ճակատ է հայտարարել, եւ անցած տարվա նույն ժամանակի 15-20 հրդեհի փոխարեն այս տարի ընդամենը 4 պատահար է արձանագրվել: Սակայն թեք լանջերով առանձին հատվածներում, ինչպես Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդը, Հրազդանի կիրճը, հնարավոր չէ խոտհունձ իրականացնել: Այստեղ արհեստական հրդեհներ են կազմակերպվում:

Տուգանային սակագները Երեւանում ավելի խիստ են

5 սմ-ից մինչեւ 50 սմ հաստությամբ բնով ծառեր հատելու համար կենդանական ու բուսական աշխարհին հասցրած վնասների սակագների նոր օրենքը բավական խիստ պատիժներ է սահմանել: Ընդ որում, անհասկանալի տրամաբանությամբ դրանք մայրաքաղաքում արձանագրվելու պարագայում ավելի խիստ են: 30 սմ հաստությամբ բնով ծառի հատման դեպքում, եթե դեպքը Երեւանում չի եղել, սահմանվել է 22 հազ. 500 դրամ, նույնը Երեւանում կատարվելու դեպքում` տասնապատիկ շատ:

Տուգանքներ են սահմանվել նաեւ սիզամարգերի ոչնչացման համար` 1 քառ. մ սիզամարգ ոչնչացնելու համար` 5000 դրամ: «Եթե վերահսկողական աշխատանքները նորմալ կատարվեն, համոզված եմ, որ պետբյուջե բավական մեծ գումարներ կմտնեն», ասում է Ռոմիկ Կոսեմյանը: Ինչպես մյուս դեպքերում, քաղաքապետարանի բնապահպանական վարչությունը վերահսկողական ու տեսչական որեւէ լիազորություն չունի, ահազանգերը պարզապես փոխանցում է մյուս ատյաններին:

Երեւանում կանաչ եղեռնը սկսվեց սիզամարգերի բետոնապատումներից, բայց այսօր շատանում են սիզամարգային գոտիները, եւ դրանց հեղինակը հիմնականում տնտեսվարող սուբյեկտներն են: Նրանք բիզնեսի նոր բաղադրամաս են դարձրել իրենց օբյեկտները թուփ ու ծաղկով շրջապատելը: Ամենաշատ սիզամարգերը Դավիթաշենում են` մոտ 10 հազար քառ. մ, տարածքն ապահովվել է նաեւ ոռոգման ցանցով:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4