Նկարիչների միությունում երեկ բացվեց մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ Ղարիբ Եղիազարյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսը նկարչի գործերի ընտրանին է: Արվեստագետը զգալի վաստակ ունի ե՛ւ գեղանկարչության, ե՛ւ գրաֆիկայի ասպարեզում, իսկ ջրաներկով արված նրա բնանկարները հիացմունք են պատճառումՙ գունային նրբերանգների հմուտ օգտագործմամբ ու բանաստեղծական նուրբ շնչով, քնարականությամբ, անսքող թախիծով, մեծ ու վեհ զգացմունքներով:
Բնանկարը նկարչի տարերքն է, ավելի ցայտուն է երեւում նկարչի ինքնատիպությունը:
Գեղանկարներ, դիմանկարներ, գրաֆիկական գործեր, կոլաժներ են ներկայացված ցուցահանդեսում, յուրօրինակ քնարականությամբ շաղախված:
Արվեստանոցում խորհրդավոր լռության մեջ ծնունդ են առնում ջրանկարի մեղմ ու թափանցիկ գույները, կենդանություն ստանում մենավոր տնակն ու ծառուղին, գարնանային մշուշապատ երկինքն ու ճերմա՜կ-ճերմա՜կ լողացող ամպերը...
...Ճանաչված անուն է գեղանկարիչ Ղարիբ Եղիազարյանը: Նա զգալի վաստակ ունի եւ գեղանկարչության, եւ գրաֆիկայի ասպարեզում, իսկ ջրաներկով արած նրա բնանկարները հիացմունք են պատճառումՙ գունային նրբերանգների հմուտ օգտագործմամբ ու բանաստեղծական նուրբ շնչով:
«Հացատուն», «Աշնանային մեղեդի», «Մեր բակը», «Արարատյան հովիտ», «Լուսաբաց» գործերում նա զգացել է ջրանկարի հմայքը:
Ղարիբ Եղիազարյանի գյուղական բնանկարներում էականն ու բնորոշը հնամենի բնապատկերներով, մանկության օրերի սիրով շաղախված հարազատ միջավայրի վերարտադրություններն են, հուշերի արթնացումները: Հեռավոր ու կիսամոռացված հնի մոտիվը: Տեսեք նրա «Մեր գյուղը», «Արաքսի հովտում», «Հին փողոցը», «Խնձորի այգին», «Չորացած ծառ» եւ մյուս աշխատանքները:
Եղիազարյանն ինքնամոռաց ներշնչումով է ստեղծել իր գրաֆիկական գործերի շարքըՙ «Մեր մեծերը» թեմայով: Մեսրոպ Մաշտոցն է, Գրիգոր Լուսավորիչը, Թորոս Ռոսլինը, Գրիգոր Նարեկացին, Սարգիս Պիծակը, Սայաթ-Նովան, Հովհաննես Թումանյանը: Այս շարքի գործերը ծանոթ են ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրի արվեստասերներին:
Արվեստագետն իր անձնական նախաձեռնությամբ ու եռանդով հիմնադրել է Երեւանի Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանը, որի սաները շնորհիվ իրենց հմուտ կազմակերպչի ու ղեկավարի առաջին քայլերն են անում արվեստի զարմանահրաշ աշխարհում:
Նկարիչն այսօր նոր որոնումների եւ հայտնությունների շեմին է: Նա քայլում է գեղանկարչության մտածողության այն բարդ ու հմայիչ աշխարհով, որը վերջ չունի...
Բնության գրկում մխիթարություն եւ հանգիստ որոնող նկարչի համար գլխավորն, իհարկե, գույնի ու գծի ներդաշնակության խնդիրն է: Դա մի յուրահատուկ գեղանկարչական աշխարհ է, նկարչի սեփական աշխարհը:
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ