«Հայք» ֆուտբոլային ակումբը ներկայացնող «Լեռնային Արցախ» թիմն այլեւս հանդես չի գա ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Երեկ ակումբի նախագահ Հայկ Ջավադյանի ստորագրությամբ հետեւյալ բովանդակությամբ նամակ է ուղարկվել ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման եւ առաջնություն անցկացնելու կապակցությամբ «Հայք» ակումբի ղեկավարությունը որոշում է ընդունել «Լեռնային Արցախ» թիմը սույն թվականի հունիսի 30-ից հանել ՀՀ առաջնությունից եւ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի առաջնություն: Ակումբի այս քայլը նպատակահարմար է նաեւ այն պատճառով, որ թիմն այսուհետեւ հանդես կգա Ստեփանակերտի մարզադաշտում, որտեղ թիմի ելույթներին կտրվեն օբյեկտիվ գնահատականներ: Թիմի եւ ակումբի հետագա ծրագրերի մասին կտեղեկացնենք Ձեզ լրացուցիչ»:
Այսպիսով, բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի քանակը կրճատվեց մեկով: Բնականաբար, այսօր «Հրազդանում» նշանակված «Լեռնային Արցախ»-«Շիրակ» հանդիպումը չի կայանա: Մրցակարգի համաձայն, քանի որ «Լեռնային Արցախը» նախատեսված հանդիպումների 50 տոկոսին չի մասնակցել, ուստի նրա հետ հանդիպումներում գրանցված արդյունքները չեղյալ կհամարվեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ