«Հայաստանի տեղն ու դերը տարածաշրջանում»
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հանրային հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության ավելի քան 34 տոկոսը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, մոտ 34 տոկոսըՙ դեմ, ավելի քան 31 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցմանը մասնակցել են 1500 քաղաքացիներ ողջ հանրապետությունից:
Հայաստանիՙ ՆԱՏՕ-ին անդամակցությանը դրական պատասխանողներից ավելի քան 43 տոկոսը այն հարցին, թե ինչո՞ւ պետք է երկիրը ինտեգրվի Եվրատլանտյան դաշինքին, պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն անվտանգություն ապահովող ամենաարդյունավետ համակարգն է: Շուրջ 34 տոկոսը կարծիք է հայտնել, որ անդրկովկասյան 3 հանրապետությունները նպատակահարմար է լինեն անվտանգության միասնական համակարգում:
ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողների 53 տոկոսը կարծիք է հայտնել, որ հանրապետությունը «պետք է Ռուսաստանի հետ շարունակի մնալ ՀԱՊԿ անդամ եւ իր անվտանգությունը կապի Ռուսաստանի հետ»: 25 տոկոսը դեմ է, քանի որ «լուծված չեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները», ավելի քան 21 տոկոսը կարծում է, որ «ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում եւ իմաստ չունի դրա մասին մտածել»:
ՌԱՀՀԿ հետազոտությունների համակարգող Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ տարածաշրջանում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, Անդրկովկասը մասնավորապես կանգնած է մրցահրավերների առջեւ: Փորձագետի ասելովՙ «այդպիսի յուրօրինակ մրցահրավերներ կարելի է համարել ԵՄ հարեւանության ծրագիրը, ՆԱՏՕ-ի ակտիվ ներգրավումը մեր եւ հարակից տարածաշրջաններում, նավթա եւ գազաարտահանման ծրագրերը, հակամարտությունների շուրջը ներկայումս տեղի ունեցող գործընթացները»:
«Հակամարտությունները կառավարման փուլից տեղափոխվում են կարգավորման փուլ եւ դրանք աստիճանաբար տեղափոխվում են եվրոպական քաղաքական օրակարգ ու չի կարելի բացառել, որ կտեղափոխվեն ՆԱՏՕ-ի օրակարգ... Էական է ողջ ԱՊՀ տարածքի ապամոնտաժման եւ հետխորհրդային էջի փակման մարտահրավերը: Հայաստանի համար առաջնային եւ անվտանգության խնդիր է դառնում եվրոպականացումն ու եվրոպական ինտեգրման գործընթացների խթանումը, որի ռեսուրսը Հայաստանն ունի», ասաց Սաֆարյանը:
Հարցին, թե տերություններից ում ազդեցությունն է ամենամեծն անդրկովկասյան 3 երկրներում, մասնակիցները Հայաստանի դեպքում նշում են Ռուսաստանին (59 տոկոս), Վրաստանի եւ Ադրբեջանի դեպքումՙ ԱՄՆ-ին (համապատասխանաբար 67 եւ 41 տոկոս): «Ո՞րն է այլ երկրների կողմից Հայաստանի վրա ներազդելու հիմնական գործոնը»ՙ հարցվողներն առաջին տեղում նշում են ղարաբաղյան հակամարտությունըՙ 57 տոկոս, «ոչ օրինական իշխանությունները»ՙ 27 տոկոս, Հայաստանի արտաքին պարտքըՙ 20,5 տոկոս, ժողովրդավարական արժեքների ոտնահարումըՙ 18 տոկոս:
«Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատությամբ առաջատար ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը» հարցին առաջնությունը տրվել են հետեւյալ պատասխաններին. զբոսաշրջության կենտրոնՙ 25 տոկոս, բարձր տեխնոլոգիաների առաջատար երկիրՙ ավելի քան 22 տոկոս, ժողովրդավարության առաջատարՙ 14:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ