Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները որոշել են, որ իրենց երկիրը, մերձբալթյան հանրապետությունների պես, իրավունք ունի փոխհատուցում պահանջելու Ռուսաստանից: Պատգամավոր Զահիդ Օրուջեւն առաջարկել է հատուկ հանձնաժողով կազմել, որը պետք է հաշվարկի ԽՍՀՄ-ի եւ նույնիսկ Ռուսական կայսրության օրոք Ադրբեջանին պատճառած վնասի դիմաց Ռուսաստանի վճարելիք գումարի չափը:
Պատգամավորի կարծիքով, ստալինյան աքսորների ու հալածանքների, ինչպես նաեւ 1990 թ. հունվարի 20-ի դեպքերի բոլոր զոհերն իրավունք ունեն Մոսկվայից փոխհատուցում պահանջելու: «Խոսքն ավելի քան 1 մլրդ դոլարի մասին է», ասում է Օրուջը: Հայտնի քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն գտնում է, որ Ռուսաստանը պարտավոր է վճարել նաեւ Բաքվի նավթի դիմաց, «որի շնորհիվ ԽՍՀՄ-ը հաղթեց Հայրենական մեծ պատերազմում»: «Նովիե իզվեստիա» թերթը հիշեցնում է, որ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները նախկին ԽՍՀՄ արտասահմանյան ունեցվածքը գնահատել են 400 մլրդ դոլար, որից 12,1 միլիարդին հավակնում է Կիեւը: Խորհրդային օկուպացման պատճառած վնասների դիմաց Լիտվան Ռուսաստանից պահանջում է 20 մլրդ, Լատվիանՙ 100 մլրդ, Էստոնիանՙ 4 մլրդ դոլար, Վրաստանն իր հերթին Մոսկվայից պահանջում է 5 մլրդ դոլար: Բացի դրանից, Թբիլիսին եւս 1 մլրդ է պահանջում Վրաստանի բնությանը ռուսական ռազմակայանների հասցրած վնասի, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների դիմաց: