ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Արդեն քանի տարի սահմանադրությունը մեր քաղաքական իրականության գլխավոր դերակատարն է դարձել, քաղաքական այրերի վիճաբանության ու բառաֆոնդի ենթական ու ստորոգյալը: Հասարակության վերին եւ ստորին շերտերը դրա հետ են կապում իրենց բոլոր ակնկալիքների ու հավակնությունների բավարարումը: Իշխանությունը, որովհետեւ գլխավոր օրենքից շատ բան է կախված իր հաստատունությունն ապահովելու համար, ընդդիմությունը, որովհետեւ սահմանադրական հանրաքվեն ուզում էր վերածել հեղափոխության: Եվ վերջապես այս իրարանցման մանրամասներին անտեղյակ ժողովուրդը, որ ենթագիտակցաբար հասկանում է, թե իր սոցիալական կարիքների լուծումը կարող է կապել միայն անթերի օրենքների հետ:
Նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ ժողովուրդը «ոչ» ասաց սահմանադրությանը, հենց այնպես, նույնիսկ առանց ծանոթ լինելու դրա բովանդակությանը: Նրա նոր «այո»-ն կամ «ոչ»-ը հայտնի կդառնա նոյեմբերին, սահմանադրական հանրաքվեի երկրորդ փորձության ժամանակ: Տեղյա՞կ է արդյոք ժողովուրդը նախագծային փոփոխությունների այս բոլոր մանրամասներին: Դարձյալ` ոչ, ինչպես նախորդ հանրաքվեից առաջ:
Վենետիկյան սահմանադրական ոդիսականն ավարտվեց նրանով, որ Եվրոխորհրդին վերջապես հաջողվեց եվրոպական հագուստ հագցնել մեր սահմանադրությանը: Հիշեցնենք նրա գլխավոր պահանջները` իշխանության թեւերի միջեւ հակակշռումների ու զսպումների մեխանիզմի ստեղծում, դատական իշխանության անկախություն, տեղական ինքնակառավարման իրենց սկզբունքները, գլխավորապես Երեւանի քաղաքապետի ընտրովիության մեխանիզմ: Մերոնք հայավարի երկար դիմադրում էին, այնուամենայնիվ չհաջողվեց եվրոպացիներին «ֆռռացնել», եւ պատժամիջոցների սպառնալիքի տակ հարկադրված եղանք ընդունել նրանց բոլոր առաջարկները: Ու հիմա պարծենում ենք, թե մեր սահմանադրական ժողովրդավարությամբ տարածաշրջանում առաջինն ենք լինելու, կարծես մենք չէինք քաղաքական կամակորությունների ու անհնազանդության հեղինակը:
Մեր պատվիրակների ստրասբուրգյան վերջին ուխտագնացությունից հետո սահմանադրական բարեփոխումները հիմնովին փոխեցին իրենց էությունը: Դատական համակարգի կախվածությունը գործադիրից սրբագրվել է մի քանի դրույթներով` ՀՀ նախագահը վճռաբեկ դատարանի նախագահին, ինչպես եւ դատավորներին նշանակելու է Արդարադատության խորհրդի ներկայացմամբ: Գլխավոր դատախազին նախագահի առաջարկությամբ նշանակելու է խորհրդարանը, իսկ արդարադատության խորհրդի նիստերը վարելու է վճռաբեկ դատարանի նախագահը: Սահմանափակվել են նաեւ ՀՀ նախագահի միջամտությունն ու իրավասությունները գործադիրի ոլորտում: ՀՀ նախագահը կարող է հրավիրել եւ վարել կառավարության նիստերը միայն այն դեպքում, եթե քննարկվող հարցերը վերաբերեն արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության ու պաշտպանության կարեւորագույն խնդիրների: ՀՀ նախագահի անձեռնմխելիությունը պահպանվելու է միայն նրա պաշտոնավարման ընթացքում:
Վենետիկյան նոր տարբերակում վարչապետի նշանակումը կատարվելու է նախագահ-ԱԺ խումբ-խմբակցություններ համաձայնության հենքի վրա, ոչ թե նախագահը խորհրդակցելու է նրանց հետ, ինչպես էր նախորդ տարբերակում:
Նոր նախագծում սկզբունքային փոփոխություն է կրել Երեւանի քաղաքապետի ընտրության դրույթը: Երեւանը հռչակվել է իբրեւ համայնք, իսկ դա նշանակում է, որ համայնքի ղեկավարների նման նա էլ ընտրովի է լինելու: Այնուամենայնիվ, սահմանադրությունը ֆիքսում է միայն մայրաքաղաքի համայնքային կարգավիճակը, իսկ քաղաքապետի ընտրության նոր մեխանիզմը հաստատվելու է առանձին օրենքով: Այնպես, ինչպես առաջարկել էր ՀՀ նախագահը Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի հետ երեւանյան հանդիպման ժամանակ: Մինչեւ երկրորդ ընթերցում սահմանադրական բարեփոխումների նորացված տարբերակը կրկին կուղարկվի Վենետիկ, նոր զտումների ու սրբագրումների փորձաքննության: Մինչեւ հուլիսի վերջը Վենետիկը կտա իր վերջնական գնահատականը:
Նորացված սահմանադրությունը կարծես թե անլուծելի մի խնդիր էլ է լուծելու` ընդդիմության խորհրդարան վերադառնալու խնդիրը: Ընդդիմությունը համառորեն չէր ուզում դադարեցնել բոյկոտը` պահանջելով ընդունել իրենց առաջարկած սահմանադրական գրեթե նույն փոփոխությունները, ինչ հաջողվեց իրականացնել միայն եվրոպացի դաշնակիցների միջոցով: Եվ չնայած միջնորդավորված, այնուամենայնիվ, նրա գլխավոր պահանջը կատարվել է: Եթե իշխող կոալիցիան ընդունի վենետիկյան բոլոր սրբագրումները, ընդդիմությունը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների քննարկումներին:
Հայաստանի փոփոխվող գլխավոր օրենքն ինչքանո՞վ է պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները` աշխատելու, սովորելու, առողջ ու ապահով ապրելու իրավունքները: Սահմանադրության հույսեր են փայփայում ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանական սանդուղքներից ներքեւ կանգնած հասարակությունը: Սակայն նույնիսկ բարեփոխումների ոդիսական անցած սահմանադրությունն ունակ չէ բավարարել բազմագույն ակնկալիքները, եթե դրա տառն ու ոգին անխղճորեն շրջանցվելու են: Հայաստանում գլխավոր օրենքից առավել բարձր կարգավիճակի մի օրենք էլ է պետք` քաղաքական կամքի առկայության օրենքը: Հակառակ դեպքում թափանիվի վրա պտտվող սկյուռի նման մեր իրականությունը միայն տեղքայլ է անելու` անօգուտ երազելով իրավական պետության ու իրավական ժամանակների մասին: Հիմա հասել ենք նրան, ինչին արժանի ենք, ունենք այն, ինչ ունենք:
Յուրաքանչյուր օրինական պետությունում սահմանադրությունը սարսափ է օրենքը շրջանցելու մտադիր կամ դրան հակված քաղաքացու համար: Մեր երկրում այն վարագույրի նման մի բան է ընկալվում` ցուցանելու դրսի աշխարհին, որ մենք էլ վաղուց բարձրացել ենք ավատատիրության ժամանակներից: Որպեսզի իսկապես այդպես լինի, երեւի ժամանակ է պետք այդ արժեքները մերը դարձնելու եւ մերժելու քաղաքակիրթ աշխարհի կենցաղին արդեն օտար անկարգությունները հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներում: Ասել, թե դրա մեղավորը հասարակությունն է, սխալ կլինի:
Հայաստանը լքողների մեծամասնությունը սոցիալական խնդիրները լուծելու ակնկալիքից առաջ նախ օրենք ու օրինապաշտություն է փնտրում, մարդավայել ապրելու հնարավորություն, ու այդ իրավունքը սրբորեն պաշտպանող պետություն: Ցանկանք, որ մեր սահմանադրության զտված ու նորացված դրույթները իսկապես իրականություն դառնան, եւ մարդը իսկապես արժեք դառնա ոչ միայն սահմանադրության տողում, այլեւ տողատակից դուրս իրականության մեջ: